HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաօծվել է Ախալցխայի Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին

Դեկտեմբերի 25-ին վերաօծվեց Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի 19-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցին՝ ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգեն աբեղա Սալբիյանի, Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցխայի շրջանի հայկական գյուղերի հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Մանուկյանի:

Փոքր Պամաճ գյուղը 1829 թ. հիմնադրել են Արևմտյան Հայաստանի Թորգոմ գավառից և Կարինի գավառի Գառն գյուղից վերաբնակեցված հայերը՝ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու առաջնորդությամբ:

1881 թ. գյուղում բացվել է ծխական դպրոց, որը գործել է մինչև 1932 թ., որից հետո դարձել է պետական տարրական կրթօջախ:

Եկեղեցին իր գործունեության տարիներին իր շուրջն է համախմբել ժողովրդին, և հոգևոր սպասավորների միջոցով հոգացել տեղի բնակչության ուսումնառության և հոգևոր կրթության մասին: Սակայն խորհրդային տարիներին եկեղեցին փակվել է և վերածվել պահեստի:

1993 թ., տեղի բնակիչ Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ, եկեղեցին նորոգվել է և 1995 թ.-ից սկսել գործել: Սակայն տարիների ընթացքում եկեղեցին հիմնանորոգման կարիք ուներ: Այդ առաքելությունն ստանձնեցին արմատներով փոքրպամաճցի Անդրանիկ և Խաչատուր Բաբոյանները և Ռուբեն Սահակյանը:

Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունից անմիջապես հետո մատուցվեց Սուրբ պատարագ: Հավարտ Սուրբ պատարագի Թեմակալ առաջնորդը շնորհավորեց ազգաբնակչությանը, խոսեց եկեղեցու հոգևոր և ազգային դերակատարության կարևորության մասին և բարձր գնահատելով երիտասարդ բարերարների նվիրական աշխատանքը՝ նրանց փոխանցեց հուշանվերներ և Օրհնության գիր:

Հոգևոր հովվության նվիրական ծառայության համար Սրբազան հայրը գովաբանեց նաև Տեր Մովսես քահանայի ծառայությունը և իբրև գնահատանք նվիրեց մանրանկարչության գեղեցիկ պատկեր:

Միջոցառման ավարտին տեղի ունեցան մատաղի օրհնություն և համընդհանուր տոնախմբություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter