
Մովսես Հակոբյան. «Հրամանատարը առանց մեկ վայրկյան մտածելու նետվել է իր զինվորի կյանքը փրկելու»
Արցախի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հունվարի 7-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել էր ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը ձմեռային զորակոչի առաջին օրը կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ մանրամասներ հաղորդեց զինծառայողի մահվան հանգամանքներից: ԳՇ պետը ընդգծեց, որ զոհված զինծառայողի կողմից որևիցե խախտում չի արձանագրվել.
«Փաստ է միայն, որ զինծառայողը խոցվել է հակառակորդի դիպուկահարի կողմից, սակայն թե դա ինչպես է ստացվել, դեռևս պետք է պարզենք: Պատերազմը այնպիսի բան է, որ հակառակորդը անընդհատ ձևեր է փնտրում մեր զինծառայողներին խոցելու»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Գլխավոր շտաբի պետը նշեց նաև, որ բացի զոհված զինծառայողից կա երկու վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում.
«Զինծառայողին օգնություն ցուցաբերելեու համար մեկնած հրամանատարը վիրավորվել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ավտոմեքենան ևս հայտնվել է հակառակորդի կրակի տակ, և զինվորներից մեկը վիրավորում է ստացել: Վիրավորների վիճակը շատ թեթև է»,- նշել է Մովսես Հակոբյանը:
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ վիրավորված զինծառայողներն են ավագ լեյտենանտ Ե. Մուսինյանը և պայմանագրային զինծառայող, վարորդ Դ. Վանյանը:
ԳՇ պետը հատուկ ընդգծեց վիրավորված սպայի գործողությունները, ով ըստ Մովսես Հակոբյանի՝ «առանց մեկ վայրկյան մտածելու նետվել է իր զինվորի կյանքը փրկելու»:
Մովսես Հակոբյանը հավելեց նաև, որ Նոր տարվա օրերին առաջնագծում հանգիստ էր, կրակոցների քանակը քիչ է եղել և որևէ միջադեպ չի արձանագրվել:
լուսանկարը՝ mil.am-ի
Մեկնաբանել