
Բագրատաշենի ԱՊՊԱ գործակալները կհանդիպեն կառավարության ներկայացուցիչներին
Բագրատաշենի մաքսային կետին հարող տարածքում գործող ԱՊՊԱ ընկերությունների որոշ գործակալներ իրենց պահանջները ներկայացնելու և պարզաբանումներ ստանալու համար այսօր հանդիպել են սահմանային կետի պետի տեղակալին և մաքսատան այլ պաշտոնյաներին։
Հիշեցնենք` հունվարի 1-ից մաքսատան տարածքում մենաշնորհային կարգով ապահովագրական գործունեություն է սկսել ծավալել «Թոփ-Սփին» ընկերությունը: Գործակալները դժգհում են, որ այդ ընկերության գործունեության արդյունքում իրենք անգործ են մնալու:
Ինչպես «Հետք»-ին փոխանցեց հանդիպմանը մասնակցած ԱՊՊԱ գործակալ Արթուր Ամիրաղյանը՝ մաքսատան պաշտոնյաները գործակալներին հորդորել են բոլոր հարցերի և պարզաբանումների համար դիմել Պետական եկամուտների կոմիտե:
Հանդիպումից հետո գործակալները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը. «Տեսանք, որ մաքսակետի տեղի պատասխանատուների հետ հարցը չի կարող լուծվել, դուրս եկանք որպես նախազգուշացում, տղաներով որոշեցինք 20 րոպե փակենք ճանապարհը, որպեսզի ուշադրություն դարձնենք մեր հարցի վրա»,-նշեց Արթուրը:
ԱՊՊԱ գործակալները զրուցել են վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանի հետ, ով հորդորել է բարձրաձայնված և գործակալներին անհանգստացնող բոլոր հարցերը գրավոր ձևակերպել և ուղարկել կառավարություն: Այս պահին հավաքին մասնակցած գործակալներն այդ գրություններն են պատրաստում:
Զոհրաբյանը նաև խոստացել է հանդիպում կազմակերպել պետական այն կառույցների ներկայացուցիչների հետ, ովքեր կապ ունեն այս գործընթացի հետ: Հանդիպմանը երկկողմ կքննարկեն բարձրաձայնված հարցերը, լուծում չստանալու դեպքում, Արթուրի փոխանցմամբ, կհստակեցնեն իրենց քայլերը. «Ոնց որ թե մեր ղեկավարությունից ոչ մեկին սա այդքան էլ չի հետաքրքրում: Իրենք որոշել են, որ իրենք օրենքով են անում ամեն ինչ, նորմալ է այս ամեն ինչը, խնդիր չկա, որ այդքան մարդ չաշխատի, անհավասար պայման լինի, մոնոպոլի լինի»,-նշեց Արթուր Ամիրաղյանը:
Հավելենք, որ 2017-ի մարտի 16-ին կառավարությունը որոշեց, որ ապահովագրական գործակալություններն այսուհետ կգործեն ոչ միայն մաքսային կետերին հարող տարածքում, այլև դրանց տարածքում։
Մեկնաբանել