HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքի ղեկավարը խաբել է ավագանու անդամներին և կեղծ աճուրդ կազմակերպել

Վայոց ձորի մարզի Զեդեա համայնքի արդեն նախկին ղեկավար Սուրիկ Սարգսյանը կանգնել է դատարանի առջև՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Համայնքի ղեկավարն օրենքով լիազորված է համայնքի ավագանու հետ կառավարել և տնօրինել համայնքային սեփականության ներքո գտնվող հողերը: Ինչպես նաև պարտավոր է կատարել, որպեսզի մինչև հողամասը տրամադրելու մասին որոշում ընդունելը հողամասի սահմանները տեղական ինքնակառավարման մարմնի կողմից նախապես որոշվեն տեղանքում և քարտեզի վրա:

Սակայն, ըստ մեղադրանքի՝ Սուրիկ Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համայնքին պատկանող հողատարածքները Գրիգոր Գրիգորյանին վաճառելու նպատակով, չի կատարել իր՝ վերոնշյալ պարտավորությունը և առանց համայնքի անունից պայմանագիր կնքելու, իր սեփական միջոցներով չափագրման աշխատանքներ է պատվիրել նման աշխատանքների իրականացման լիազորություն ունեցող Սպարտակ Ավագյանին:

Համայնքապետը տեղյակ լինելով, որ համապատասխան հողատարածքները փաստացի օգտագործվում են համայնքում մեծածավալ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող Աշոտ Զաքարյանի կողմից, Սպարտակ Ավագյանին վստահեցրել է, որ չափագրման ենթակա հողատարածքներն իրենցից ներկայացնում են անջրդի հողեր, որևէ մեկի կողմից չեն մշակվում և տեղանք այցելելու և տեղում չափագրում կատարելու անհրաժեշտություն չկա, որի հիման վրա Սպարտակ Ավագյանն առանց տեղանք այցելելու կադաստրից ստացված տվյալներով կատարել է նշված հողատարածքների չափագրում:

Այնուհետև, նախաքննական մարմինը պարզել է, որ Սուրիկ Սարգսյանը իրականացված չափագրման արդյունքների հիման վրա 24,4 հեկտար հողատարածքները գրանցել է որպես համայնքի սեփականություն և չի կատարել հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հողամասի սահմանները տեղանքում ամրացնելու պահանջը: Եթե օրենքի պահանջը կատարվեր, ապա պարզ կլիներ, թե իրականում նշված հողատարածքներն ինչ հողատեսքի են և արդյոք ենթակա են աճուրդով վաճառքի:

Չկատարելով իր վերոնշյալ պարտականությունները` համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Սուրիկ Սարգսյանը, նշված 24,4 հեկտար հողատարածքները Գրիգոր Գրիգորյանին վաճառելու նպատակով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ավագանու անդամներին մոլորության մեջ է գցել վաճառքի ենթակա հողատարածքների իրական գտնվելու վայրի և բնութագրի վերաբերյալ:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ համայնքապետն ավագանու անդամներից թաքցրել է համապատասխան հողատարածքները Աշոտ Զաքարյանի կողմից մշակելու հանգամանքը և ավագանու 11.04.2015թ. որոշմամբ ստանալով ավագանու անդամների համաձայնությունը՝ դրա հիման վրա 2015թ. մայիսի 15-ին կազմակերպել է նշված 24,4 հեկտար մակերեսով հողատարածքներն օտարելու աճուրդային հանձնաժողովային նիստեր: Որպեսզի դրանք համարվեն կայացած, արհեստականորեն, որպես աճուրդի մասնակիցների նշել է համագյուղացիներ Արմենչիկ Սիմոնյանի և Իսրայել Հովսեփյանի անունները, նրանց անվամբ կատարել աճուրդի մասնակցության համար սահմանված վճարումները: Սուրիկ Սարգսյանը փաստացի առանց աճուրդի նիստեր անցկացնելու, որպես հանձնաժողովի նախագահ անձամբ ստորագրել է աճուրդային հանձնաժողովի թվով 12 արձանագրություններում, դրանք ստորագրման է ներկայացրել հանձնաժողովի անդամ և արձանագրող Ալվինա Գևորգյանին:

Նախաքննական մարմինը պարզել է, որ Ս. Սարգսյանն Ալվինա Գևորգյանին դրդել է արձանագրություններում ստորագրել նաև մրցույթային հանձնաժողովի անդամ Կարեն Մկրտչյանի փոխարեն: Բացի այդ, հիշյալ արձանագրություններից 4-ը՝ «Թիվ 1» արձանագրությունները, ստորագրման է ներկայացրել հանձնաժողովի անդամներ Ռուզան Պողոսյանին և Խաչիկ Գևորգյանին, ինչպես նաև որպես աճուրդի մասնակից իր կողմից ընդգրկված Իսրայել Հովսեփյանին, իսկ մյուս մասնակցի՝ Արմենչիկ Սիմոնյանի փոխարեն, արձանագրություններում ստորագրել է անձամբ։

Աճուրդի կայացման համար հիմք հանդիսացող վերը նշված կեղծ փաստաթղթերի հիման վրա, 2015թ. մայիսի 21-ին Վայքի նոտարական գրասենյակում նշված հողատարածքները համայնքի կողմից վաճառվել են Գրիգոր Գրիգորյանի կողմից լիազորագրով հանդես եկած անձ Նաիրի Գասպարյանին:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Սուրիկ Սարգսյանի վերը նշված գործողությունների արդյունքում Աշոտ Զաքարյանի կողմից փաստացի մշակվող և համայնքին սեփականության իրավունքով պատկանող նշված 24,4 հեկտար տարածքով բազմամյա տնկարկները՝ պտղատու այգիները, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի անվան տակ, կադաստրային ամենացածր արժեքով օտարվել են Գրիգոր Գրիգորյանին: Վերջինիս նշված գործողությունների արդյունքում էական` 2 մլն 482 հազար դրամի չափով նյութական վնաս է պատճառվել Վայք համայնքին, ինչպես նաև խախտվել են Աշոտ Զաքարյանի իրավունքները: 

Նշենք, որ 166 բնակիչ ունեցող Զեդեա համայնքն այժմ բնակավայրի կարգավիճակ ունի: Վայք համայնքը կազմավորվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում 2016 թվականի հունիսի 17-ին կատարված փոփոխության արդյունքում: Վայք քաղաքային և Ազատեկ, Արին, Զեդեա գյուղական համայնքների միավորումով Վայքը դարձել է համայնքի կենտրոն:

Զեդեա գյուղը 1988թ. նոյեմբեր ամսից վերաբնակեցվել է Նախիջևանի շրջանի Ազնաբերդ գյուղից արտագաղթած հայերով: Գյուղը ավելի հին է քան ենթադրվում է, որի վկայությունն են զարդաքանդակներով խաչքարերը և հունական տառերով գերեզմանաքարերի արձանագրությունները, ինչից  էլ ենթադրվում է, որ այս տարածքում բնակվել են հայեր, հույներ և ադրբեջանցիներ:  

Մինչև 1988թ. գյուղն անվանվել է Զեյթա, իսկ վերաբնակեցումից հետո` Զեդեա:

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են՝ անասնապահությունը, մեղվաբուծությունը և հողագործությունը: Գյուղատնտեսությամբ զբաղվում է  27 գյուղացիական տնտեսություն:

Հիշեցնենք, որ «Հետք»-ը բազմիցս անդրադարձել է համայնքներում աճուրդների կազմակերպման անօրինական և համայնքների շահերին վնասող համայնքապետերի գործողություններին: Աճուրդները հիմնականում կազմակերպվում են գաղտնիության պայմաններում՝ հասարակության վերահսկողությունից դուրս: Հենց այդ հարցով «Հետք»-ը դատական գործընթաց է սկսել:

Լուսանկարը՝ Վայքի ինֆոտան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter