HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Նախարարն առաջարկել է վաճառել պետական պահուստների թանկարժեք իրերը

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարությանն առաջարկել է առաջիկա չորս տարիների ընթացքում օտարել Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանի պահուստները: Դա հնարավորություն կտա պետական բյուջեն համալրել ավելի քան 1,5 միլիարդ դրամով:

Թանկարժեք քարերը կվաճառվեն հրապարակային աճուրդների միջոցով, ոչ պակաս արժեքով, քան շուկայական գինն է: Օրինակ, ալմաստի քարերը եւ հումքը՝ 761 գրամի չափով, կվաճառվի ավելի քան 210 հազար դրամով: Պահուստներից կվաճառվեն 4712 հատ արհեստական քարեր, 1177 գրամ արհեստական քարերից շարաններ, 256,3 կարատ զմրուխտ, 3575,76 կարատ ադամանդ, ընդհանուր առմամբ ավելի քան 100 կիլոգրամ արծաթյա եւ ոսկյա իրեր եւ այլն: Սրանց նվազագույն արժեքը շուկայական գներով հասնում է ավելի քան 1 միլիարդ 533 միլիոն դրամի:

Ըստ լիկվիդացման ժամանակացույցի՝ օտարումը կմեկնարկի արդեն այս տարվա առաջին եռամսյակում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունն ու արժեքը: Նշված է, որ գանձարանում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք իրեր:

«Պետական գանձարանը որդեգրել է մոտեցում, որ Պետական պահուստներում պետք է կուտակել միայն բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ եւ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային եւ բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրեր»,- պնդում է նախարարությունը:

Գերատեսչությունը մտահոգված է հատկապես այն բանով, որ 2017 թվականին օտարման նպատակով աճուրդի հանված մարգարիտների օտարման փորձը ձախողվել է: Մարգարիտների տեսքի եւ արժեքի կորստի պատճառով՝ կազմակերպված աճուրդների ընթացքում այդպես էլ գնորդներ չեն գտնվել: Ընդ որում, պետական պահուստում դեռեւս կա ավելի քան 102 կիլոգրամ մարգարիտ:

Ի դեպ, ըստ կառավարության տվյալների, պետական գանձարանի կողմից մշակութային օջախների, թանգարանների հաշվեկշիռներում գտնվող արժեքները տարանջատվել եւ դասակարգվել են ըստ պետական պահուստի արժեքների եւ ազգային պահուստի արժեքների: Վերջիններս անձեռնմխելի են եւ ենթակա չեն օտարման: Ազգային պահուստի արժեքների ամփոփ տվյալներն են` 64,4 կգ ոսկի, 1436,2 կգ արծաթ, 475,2 գրամ պլատին եւ 0,02 գրամ պալադիում, 181,8 կգ թանկարժեք մետաղների համաձուլվածք: Պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում պահվում են 1,7 կգ ոսկի, 25,6 կգ արծաթ, 63,5 կգ պլատին, 312,7 գրամ պալադիում, 10,8 կգ իրիդիում, 455,3 գրամ ռոդիում, 2,23 գրամ օսմիում:

Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային եւ բարձր գեղարվեստական արժեք ունեցող ոսկյա եւ արծաթե մետաղադրամների թիվը 103 է, որոնք ցուցադրվում են Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում: Այնտեղ ցուցադրվում են նաեւ ազգային պահուստի արժեք ճանաչված 31 իրերից 5-ը:

Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստը նախատեսված է պետության եւ ազգային տնտեսության անհետաձգելի կարիքների բավարարման համար, որն արտակարգ իրավիճակների պայմաններում ապահովում է պետության եւ ազգային տնտեսության` թանկարժեք մետաղներով ու թանկարժեք քարերով ինքնաբավությունը: Պետական պահուստի թանկարժեք իրերը հենց հիմա վաճառելու քաղաքական մտադրությունների մասին, բնականաբար, կառավարությունը դժվար թե բարձրաձայնի:

Մեկնաբանություններ (5)

Աննա
արա դուք ձեր բանկային հաշիվներից թալանվածը հետ դրեք բյուջե ու ձեր կալվածքները վաճառեք այ աննասուններ․․․
[email protected]
էլ ծախէլու բան չի մնացել
անի
էլ ծախէլու բան չկա, բա այդպէս էլ պիտի անէն
nene
Արա դե ձեզ ու ձեր ընտանիքները ծախեք պրծնենք էլի;չնայած ձեզ ով կառնի ․տանեն ,ընկնեն փորձան քի մե՞ջ։
Հասմիկ Ա. Ա.
Առաջարկում եմ վաճառել մեր երկրի իշխանությունը զավթած ավազակներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter