HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնդը, վերջ ի վերջո, պետք է կառուցապատվի

«1953թ.-ին մեզանից հավաքեցին մեր բնակարաններին առնչվող բոլոր փաստաթղթերն ու ասացին, որ մոտ ապագայում նոր բնակարաններ կստանանք: Այդ ապագան մեզ այդպես էլ չմոտեցավ, իսկ մենք մնացինք օդից կախված վիճակում»,-ասում են Կոնդի բնակիչները: 

 Կոնդեցիների նշած ժամկետից կես դար է անցել, բայց Կոնդի բնակիչների կյանքում որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրվել: Երեւանի ամենահին թաղամասի վերակառուցման մասին լուրերն այսօր էլ շրջանառության մեջ են: ՀՀ կառավարության վերջին որոշումը` «Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումնրի մասին», ընդունվել է 2002թ. օգոստոսի 1-ին, բայց առայժմ կյանքի չի կոչվել: 

 Թե ինչու Կառավարության որոշումը չի իրականացվել, պարզաբանեց «Երեւան նախագիծ ինստիտուտի» տնօրեն Գուրգեն Մուշեղյանը. «Խորհրդային տարիներին` 80-ական թթ.-ին, հայտարարվել է մրցույթ եւ ընտրվել է առաջին մրցանակի նախագիծ, որի հիման վրա «Երեւան նախագիծ ինստիտուտում» մշակվել է Կոնդի կառուցապատման նախագիծը, սակայն այն ժամանակ այլ իրավիճակ էր, այսօր` բոլորովին այլ: Այն ժամանակ գույքն ու հողը չէր փոխհատուցվում, սեփականության ինստիտուտը բացակայում էր: Պետությունը պետք է քանդեր Կոնդի տները եւ բնակիչներին տեղավորեր այնտեղ, որտեղ արդեն պատրաստի բնակարաններ կային: Կոնդում դեպի Դվին հյուրանոց տանող ճանապարհի վրա որոշ տներ քանդվեցին եւ կառուցապատման աշխատանքներ սկսվեցին: Հետագայում, բոլորին հայտնի պատճառներով, այդ աշխատանքները դադարեցվեցին»: 

 Թե ինչ ճակատագիր է սպասվում Կոնդին, պարոն Մուշեղյանը դժվարացավ կանխագուշակել: Ըստ նրա` դա կախված է նրանից` երբ կյանքի կկոչվի ՀՀ կառավարության 2002թ-ի օգոստոսի 1-ին ընդունված որոշումը: 

 Այդ որոշման համաձայն` Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցվող հողամասերի ցանկում, բացի Կոնդից (164.000 քառ.մ), ընդգրկված է եւս 4 թաղամաս`

 1. Գլխավոր պողոտա (71.700 քառ. մ),

 2. 33-րդ թաղամաս (51.000 քառ. մ),

 3. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք (35.300 քառ. մ),

 4. Երեւանի գինու գործարանի հարակից տարածք (23.000 քառ. մ): 

 Պետության կարիքների համար նախատեսված անշարժ գույքի օտարման գոտիները միասին կազմում են 345.000 քառ. մետր: Նույն որոշման 2-րդ կետի համաձայն` երկամսյա ժամկետում Երեւանի քաղաքապետարանը պետք է ճշտեր պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները եւ դրանց օտարման գոտիները գրանցեր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում: Միաժամանակ, օտարման գոտիների տարածքներում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով անհրաժեշտ էր կազմակերպել եւ իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները: Որոշման ոչ այս, եւ ոչ էլ նախորդ կետերը համապատասխան մարմինները չեն կատարել: Ըստ Գուրգեն Մուշեղյանի` պատճառը մեկն է. «Պետությունն այսօր ի վիճակի չէ իրականացնել այդ աշխատանքներն ու փոխհատուցում տալ Կոնդի բնակիչներին: Կոնդի կառուցապատումը պետք է լինի ներդրումային ծրագրերի հաշվին: Դրա համար Կոնդը նախ պետք է ներդրողների համար հետաքրքրության առարկա դառնա: Այսօր, փաստորեն, այդպիսի ներդրողներ չկան»: Չնայած ներդրողների բացակայությանը` պարոն Մուշեղյանը չի հուսահատվում, քանի որ Երեւան քաղաքի տարածքներն անվերջ չեն: «Ավելի մատչելի տարածքներն իրացնելուց հետո Կենտրոնոմ բնակարաններ կառուցելու հարկ կլինի: Այդ օրն անպայման կմոտենա, սակայն ե՞րբ, ես չեմ կարող պատասխանել»,-ասաց նա: «Երեւան նախագծի» տնօրենը վստահ է, որ Կոնդը կառուցապատվելուց հետո էլ կշարունակի մնալ բնակելի տարածք: 

Անկախ բոլոր բացատրություններից, Կոնդի բնակիչներին հետաքրքրում է մեկ հարց` ի՞նչ սկզբունքով են փոխհատուցելու իրենց բնակարանների դիմաց: Պարոն Մուշեղյանն ասում է, որ այս հարցի պատասխանը մենք կարող ենք ստանալ Քաղաքապետարանի Ծրագրերի իրականացման գրասենյակից: Գրասենյակի փոխտնօրեն Վիգեն Արզումանյանը վստահեցրեց, որ իրենք Կոնդի բնակարանների փոխհատուցման վերաբերյալ որեւէ բան չեն կարող հայտնել, որովհետեւ որեւէ որոշում չունեն: Չնայած այս հայտարարությանը` պարոն Արզումանյանը, մի փոքր փնտրտուքից հետո, իր թղթերի մեջ գտավ Կոնդի վերաբերյալ 2002թ. օգոստոսի 1-ի կառավարության որոշումը: Որոշման 2-րդ հոդվածի Բ կետը հստակ ասում է, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտիներում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին եւ օգտագործողներին սահմանված կարգով հայտարարել պետության կարիքների համար օտարման գոտու եւ նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների եւ կարգի մասին»: 

 Աչքի առաջ ունենալով Հյուսիսային պողոտայի բնակիչների ճակատագիրը` նրանց բռնի ուժով տեղահան անելն ու քաղաքի ծայրամասերում բնակեցնելու փաստը, կոնդեցիները վախենում են: «Այստեղ բռնի ուժի խնդիր չկա: Կա օրենք: Կա քաղաք, որը պետք է վերակառուցվի: Ազատ շուկա է, կոնդեցիներից ով հնարավորություն ունի, կարող է մասնակցել Կոնդի կառուցապատմանը եւ այնտեղ բնակարան ստանալ»,-ասաց պարոն Մուշեղյանը: Կոնդեցիների ֆինանսական հնարավորությունների մասին պարոն Մուշեղյանի կարծիքը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: 

 Լուսանկարները` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter