
«Սասնա ծռերի» անդամները բոյկոտում են նիստը՝ ի աջակցություն հացադուլ հայտարարած ընկերների
ՊՊԾ գնդի գրավման գործով Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի մեկնարկից հետո «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ չի ցանկանում նիստին մասնակցել և հրաժարվում է պաշտպանից: Նրան միացան մյուս ամբաստանյալները և հայտարարեցին, որ բոյկոտում են՝ ի աջակցություն հացադուլ հայտարարած ընկերների՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի: Ամբաստանյալները նշեցին նաև, որ հրաժարվում են իրենց պաշտպանների ծառայություններից և ցանկանում են լքել նիստերի դահլիճը:
Ամբաստանյալ Վարդգես Գևորգյանը հայտարարեց, որ ինքը ևս կմիանա հացադուլավորներին, եթե նրանց պահանջը չկատարվի:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ նախորդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալները պնդել են, որ ապացույցների հետազոտման ժամանակ ներկա չգտնվեն նիստերի դահլիճում, սակայն նշել են՝ պաշտպանները ներկա են գտնվելու: «Դատարանը ձեր խնդրանքը բավարարեց, դուք իրավունք չունեք լքել նիստերի դահլիճը, քանի որ թույլ չեմ տալիս»,- հայտարարեց դատավորը:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ պարզաբանելով, թե որն է դատական նիստերի դահլիճը լքելու և իրենց ծառայություններից հրաժարվելու պատճառը: «Մեր պաշտպանյալների ընկերներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը համապատասխանաբար 22 և 25 օր գտնվում են հացադուլի մեջ: Նրանք պահանջել են, որպեսզի իրենց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ, որովհետև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում չկան մարդու արժանապատվության հետ համատեղելի պայմաններ»:
Ըստ փաստաբանի՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նկատմամբ իրականացնում է խոշտանգում: «Դանդաղ կերպով նրանց սպանում են, որովհետև ամեն պահի նրանց մոտ կարող են անդառնալի պրոցեսներ տեղի ունենալ, մի անգամ այդպիսի էքսպերիմենտ արեցին՝ Հաց բերող Արթուր Սարգսյանի հետ, հիմա նույնն են անում»,- հավելեց Շուշանյանը:
Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը հանդես եկավ միջնորդությամբ և խնդրեց նիստը հետաձգել, քանի որ գրեթե բոլոր ամբաստանյալները հրաժարվել են իրենց պաշտպաններից:
Ամբաստանյալները լքեցին նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ բոյկոտում են և դիտավորյալ հեռանում: Իսկ դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց նրանց նկատմամբ ՝ 2 ժամով հեռացնելով նիստի դահլիճից: Դատավորը նիստը հետաձգեց՝ նշելով, որ մյուս նիստի համար կդիմեն հանրային պաշտպանի գրասենյակ՝ ամբաստանյալների պաշտպանական իրավունքը պահպանելու համար:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ փաստաբանները նիստերի դահլիճից դուրս եկան՝ կատարելով իրենց պաշտպանյալների օրինական պահանջը: «Քանի որ իրենք հրաժարվում են մեր ծառայություններից, մենք չենք կարող որևէ գործողություն կատարել: Սա ավելի շատ բոյկոտ է, որպեսզի դատական նիստը տապալվի: Այս բոյկոտը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի տեղափոխման հարցը չլուծվի»:
Նշենք, որ Արմեն Բիլյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և 25 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ: Սմբատ Բարսեղյանը նույնպես հացադուլի մեջ է՝ 21 օր, նա ևս պահանջում է տեղափոխում «Արմավիր» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին «Սասնա ծռերի» մյուս անդամների գործով նիստի ընթացքում դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարել է՝ օրենքով ամրագրված չէ այն, որ անձին մի ՔԿՀ-ից մեկ այլ ՔՀԿ տեղափոխելու համար անհրաժեշտ է դատարանի թույլտվությունը:
Մեկնաբանել