HY RU EN

Գրիշա Բալասանյան

Մարզերի դպրոցների 40%-ը գազաֆիկացված չեն

«Հետքը» 10 մարզերում ուսումնասիրել է դպրոցաշինական ծրագրերը և պարզել, որ 2006-2016թթ. ընթացքում պետական միջոցներից դպրոցաշինության նպատակով հատկացվել է 42 մլրդ 450 մլն դրամ:

Կրթության և գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալներով՝ 2016-2017 ուսումնական տարում մարզային դպրոցների թիվը 1176 է: Մարզպետարանների տրամադրած տեղեկության համաձայն՝ պետական բյուջեից ամենաշատ գումարը հատկացվել է 123 դպրոց ունեցող Արմավիր մարզին՝ 7 մլրդ 97 մլն 677 հազար դրամ, իսկ ամենաքիչը՝ Լոռու մարզին՝ 1 մլրդ 350 մլն 967 հազար դրամ, որտեղ դպրոցների թիվը 167-ն է:

Չնայած հատկացված միջոցներին՝ 10 մարզերում դպրոցների մոտ կեսը՝ 542-ը, դեռ վերանորոգման կարիք ունի: Ամենավատ վիճակում Շիրակի մարզն է, որտեղ 169 դպրոցից 95-ի դրությունն անմխիթար է:

Վերանորոգված դպրոցների մի մասում անցկացված չէ լոկալ ջեռուցման համակարգ, իսկ չվերանորգված դպրոցների զգալի մասում դասասենյակները տաքացվում են գազի, փայտի վառարաններով, էլեկտրական սալիկներով և հեղուկ վառելիքով: Նմանատիպ դպրոցների թիվը 10 մարզերում 481 է, ինչը կազմում է մարզային դպրոցների

Դասասենյակներում տեղադրված են նաև գազի վառարաններ, ինչը խիստ վտանգավոր է երեխաների պարագայում և բացառված չեն թունավորման կամ դժբախտ պատահարները: Գազի վառարաններով են տաքացվում Լոռու մարզի Վանաձորի թիվ 7, 15, 18, 19, 20, 25, 28 դպրոցները, Բազումի, Դեբեդի միջնակարգ դպրոցները, Գուգարքի հիմնական դպրոցը և այլն, գրեթե բոլորը՝ Լոռու մարզում:

Դպրոցներ էլ կան, որտեղ դասասենյակների մի մասը ջեռուցվում է հեղուկ վառելիքով, մյուս մասը՝ էլեկտրաէներգիայով (Արագածոտնի մարզի Երնջատափի, Շենավանի, Սարալանջի, Պարտիզակի, Գեղարքունիքի մարզի Ծովակի, Գեղամասարի միջնակարգ դպրոցները և այլն) կամ փայտով ու էլեկտրաէներգիայով (Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի, Խնածախի, Կոտայքի մարզի Գետամեջի միջնակարգ դպրոցները և այլն):

Ինֆոգրաֆիկան՝ piktochart.am

Նշված 481 դպրոցներում, ըստ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների, սովորում է առնվազն 50 000 աշակերտ:

Մարզպետարաններից նշել են միայն դպրոցների 63%-ի գազով ջեռուցման բացակայության պատճառները: Ըստ այդմ՝ պատճառների մեծ մասը (68%) համայնքների գազաֆիկացված չլինելն է: Նշվածներից Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքը գտնվում է սողանքային գոտում և այնտեղ գազաֆիկացումն արգելված է: 5%-ի դեպքում էլ (16 դպրոց) համայնքը գազաֆիկացված է, սակայն դպրոցում գազ չկա:

Մյուս հիմնական պատճառը ոչ բավարար ֆինանսական միջոցներն են՝ 14% (43 դպրոցներ Արագածոտնում ու Գեղարքունիքում): Այլ պատճառներից են կաթսայատուն կամ գազով ջեռուցման համակարգ չունենալը և այլն:

Փայտի վառարանները շատ են Սյունիքի և Տավուշի մարզերում, համապատասխանաբար՝ նշվածների 71% և 80%-ը:

Գազ չօգտագործող դպրոցներից հեղուկ վառելիքով ջեռուցվողները գերակշռում են Արմավիրի մարզում (գազով չջեռուցվողների 73%-ը), Արագածոտնում (57%) և Գեղարքունիքում (55%):

Վայոց ձորում գրեթե բոլոր դպրոցները ջեռուցվում են էլեկտրաէներգիայով, իսկ Կոտայքում էլեկտրաէներգիայով է ջեռուցվում նշված դպրոցների 57%-ը:

Քարտեզը՝ Հրանտ Գալստյանի