HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Եկամտահարկի շեմը իջեցնող նախագիծն ԱԺ օրակարգ չներառվեց

Խորհրդարանում քննարկման է ներկայացվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի համահեղինակած հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել։ Պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել եկամտային հարկի դրույքաչափերում, ըստ որի 150 հազար դրամից մինչև 300 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց համար եկամտային հարկի գործող ցածր դրույքաչափն անփոփոխ է թողնվելու՝ նպաստելով նրանց փաստացի եկամուտների պահպանմանը: 

Նախագծի հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանի խոսքով՝ առաջարկում են մինչև 150 հազար դրամ եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց եկամտահարկը 23 տոկոսից իջեցնել 21 տոկոսի, 150 հազար դրամից մինչ 300  հազար դրամ ստացողների համար 28 տոկոսն իջեցնել 26 տոկոսի։

Մելքումյանը հիշեցրեց, որ 2015 թվականից հետո կառավարությունն աշխատավարձեր և կենսաթոշակներ չի բարձրացրել, և ըստ միջնաժամկետ ծրագրերի՝ ենթադրվում է, որ ևս երեք տարի բարձրացումներ նախատեսված չեն։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նկատեց, որ առաջարկվող փոփոխություններով եկամուտն ամսական ընդամենը 3200 դրամով է ավելանալու կամ օրական 100 դրամով․

«Ավելի շատ ոչ թե խնդիր ենք լուծում, այլ իմիտացիա ենք անում, որ լուծում ենք, կարծում եմ՝ ճիշտ ճանապարհ չէ։ Ես հանձնաժողովում ձեռնպահ եմ քվեարկել,  խորապես համոզված եմ, որ արդյունք չի տա, նման փոքր քայլերով խնդիր չենք կարող լուծել»,-ասաց Հարությունյանը։

Նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը քվեարկությունից առաջ դիմեց խորհրդարանական մեծամասնությանը՝ կոչ անելով չդառնալ «կառավարության կցորդը»։

«Մեծ-մեծ խոսում եք խորհրդարանական պետության անցնելու մասին, բայց կառավարությունը ոնց մատով ճտացնում է, բոլորդ հլու-հնազանդ նստած ենթարկվում եք»,-ասաց նա։

Միքայել Մելքումյանն էլ, անդրադառնալով Խոսրով Հարությունյանի խոսքերին, ասաց, որ եթե խորհրդարանական մեծամասնությունը կարողանար արմատական լուծումներ իրականացնել, կիրականացներ:

«Դրա համար էլ եղած լուծումներն իրավունք չունեք նսեմացնելու, 100 դրամն էլ է փող»,-ասաց Մելքումյանը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց մեծամասնությանը, թե ո՞վ էր խանգարում վերջիններիս արմատական լուծումներ տալ և հիշեցրեց, որ արդեն իսկ կատարել են արմատական փոփոխություններ՝ հարկերը բարձրացնելով։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ արտահայտեց իր համոզմունքը՝ իշխանությունը հարկային բեռը թեթևացնելու համար ոչ մի զիջման չի գնալու քանի դեռ  տասնյակ հազարավոր քաղաքացիներ փողոցում չեն պահանջելու հարկային բեռի թեթևացում։

Խոսրով Հարությունյանը փորձեց հստակեցնել իր խոսքը․ «Հեռու եմ այն մտքից, որ 3000 դրամը գումար չէ, ես խոսում էի տնտեսագիտական նպատակահարմարության տեսանկյունից»,-ասաց նա։

Նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց  33 կողմ, 54 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, կողմ քվեարկեցին «Ելք»-ն ու «Ծառուկյան»-ը, ձեռնպահ՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter