Կոմունալ վճարներ․ ինչպես են տաքանում Երևանում
Ձմռանը կոմունալ վարձավճարները ճեղքվածք են առաջացնում շատերի ընտանեկան բյուջեում։ Տաքանալու տարրական կարիքը հոգալու համար որոշ մարդիկ վարկ են վերցնում, ոմանք՝ դիմում Հայաստանից դուրս գտնվող հարազատներին։
«Հետք»-ն այցելել է 70 տուն՝ Երևանի 11 վարչական շրջաններում, պարզելու, թե որքանով է այդ ընտանիքների ամսական եկամուտը ծածկում սպառողական զամբյուղով նախատեսված նրանց կոմունալ և այլ ծախսերը։ Եղել ենք միայն բազմաբնակարան շենքերում, քանի որ դրանք մեծապես տաքացվում են ջեռուցման անհատական համակարգերով (մեթոդաբանությունը՝ ներքևում):
ԱՐԱԳ ՓԱՍՏԵՐ
Ինֆոգրաֆիկան՝ Դավիթ Բանուչյանի
Հարցված ընտանիքները ձմռան ամիսներին միջինում ամսական մոտ 40 հազար դրամ են հատկացնում կոմունալ վարձավճարներին, որը ներառում է նաև ջեռուցումը։ Սա նշանակում է, որ անկախ եկամտի չափից՝ հարցվածների կոմունալ ծախսը գրեթե նույն ֆինանսական միջակայքում է։ Հետևապես, որքան ցածր է մարդկանց միջին ամսական եկամուտը, այնքան ծանր է կոմունալ վճարի բեռը նրանց ընտանիքի համար։
Ընտանիքների 70 տոկոսի ամսական եկամուտը չի գերազանցում 250 հազար դրամը։ Ավելին՝ դրանց 22 տոկոսն ունի 5 կամ ավել անդամ։ Այսինքն՝ յուրաքանչյուր շնչին բաշխվող գումարի չափն այս տնային տնտեսություններում չի գերազանցում 50,000 դրամը, ինչը ցածր է 2016թ. Հայաստանում մեկ շնչի հաշվով միջին ամսական եկամտից (59 690 դրամ՝ ըստ ԱՎԾ զեկույցի):
Մինչև 250 հազար դրամ եկամուտ ունեցող ընտանիքների մեծ մասը թոշակառուներ են, իսկ 250 հազարից ավելին՝ աշխատողներ։
Հարցված ընտանիքների կոմունալ ծախսը հասկանալու համար նրանց բաժանել ենք 6 խմբի՝ ըստ ամսական եկամտի չափի․ մինչև 50 հազար դրամ, 50 - 100 հազար դրամ, 100-150 հազար դրամ, 150 - 250 հազար դրամ, 250 - 400 հազար դրամ և 400 և ավելի հազար դրամ եկամուտ ունեցողներ։
Եկամուտ ասելով՝ դիտարկել ենք տվյալ տնային տնտեսություն մտնող աշխատավարձերը, թոշակները, նպաստներն ու մասնավոր գործունեության արդյունքում գոյացած գումարները։ Ի տարբերություն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանության՝ ընտանիքին արտերկրից ուղարկվող տրանսֆերտները չենք հաշվարկել որպես ամսական եկամուտ, քանի որ այդ գումարները չեն ուղարկվում որոշակի պարբերականությամբ, մշտական բնույթ չեն կրում և մեծապես կախված են ուղարկողի կամքից։
Մինչև 50 հազար դրամ եկամուտ ունեցողներ
Այս եկամտային խմբի ընտանիքներն իրենց ամսական բյուջեի միջինը 74 տոկոսը հատկացնում են կոմունալ վարձավճարներին։ Նրանք ձմռանն ամսական միջինը 28 հազար դրամ են վճարում կոմունալ ծառայությունների համար։ Գազի կամ էլեկտրաէներգիայի գնի ամենաչնչին թանկացումն անգամ կարող է մեծ ազդեցություն ունենալ այս խմբում գտնվող տնային տնտեսությունների սոցիալական վիճակի վրա։ Մինչև 50,000 դրամ եկամուտ ունեցողների խմբում կան ընտանիքներ, որոնց ձմռան կոմունալ ծախսը նույնիսկ գերազանցում է ամսական եկամուտը՝ մոտ 40 տոկոսով։ Նրանք կամ պարտք են վերցնում կամ ֆինանսական օգնություն խնդրում արտասահմանում ապրող հարազատներից։ Այս եկամտային խմբի 72 տոկոսը թոշակառուներ են:
4 տարեկան Ալվարդ Վարդանյանն ամեն անգամ էլեկտրական ջեռուցիչը միացնելիս թույլտվություն է ստանում տատիկից, քանի որ նրա թոշակով պետք է վճարեն կոմունալ վարձերը և գոյատևեն մինչև հաջորդ ամիս։ Ալվարդի տատիկը՝ Սեդա Վարդանյանը, պատմում է, որ գրեթե ամեն ամիս հարևանից պարտքով գումար է վերցնում եւ թոշակը ստանալուն պես վերադարձնում։ Սեդայենց հարևանը, որը չի ցանկանում նշել անունը, այն սակավաթիվ հարցվածներից է, որի կոմունալ վարձավճարը չի գերազանցում ամսական եկամտի 5 տոկոսը։ Նա մասնագիտությամբ թարգմանիչ է և ավելի քան 400,000 դրամ ամսական եկամուտ ունի։
50 – 100 հազար դրամ եկամուտ ունեցողներ
Այս ընտանիքները ձմռանն իրենց ամսական եկամտի մոտ 40 տոկոսը հատկացնում են կոմունալ վճարներին։ Նրանց միջին կոմունալ վճարն ամսական կազմում է 25 հազար դրամ։ Այս եկամտային խմբի կեսից ավելին թոշակառուներ են, 28 տոկոսը՝ չաշխատողներ, 13 տոկոսն՝ անչափահասներ, իսկ 8 տոկոսն՝ աշխատողներ։
Հրանտ Ալոյանը 30-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, ունի 8 հեղինակային վկայական՝ հաշվողական տեխնիկայի բնագավառում։ Նրա ամսական թոշակը մոտ 50 հազար դրամ է, որից 10 հազարն ամեն ամիս հատկացնում է դեղորայքին։ Չնայած տասնյակ տարիների գիտական գործունեությանը՝ Ալոյանը միայն պետությունից հատկացվող թոշակով չէր կարող հոգալ իր և ուսանող աղջկա ծախսերը։ Նրան օգնում են արտերկրում բնակվող ընկերներն ու հարազատները։
100 – 150 հազար դրամ եկամուտ ունեցողներ
Նրանց կոմունալ վարձը կազմում է ամսական եկամտի մոտ 30 տոկոսը։ Այս խմբի ընտանիքներն ամսական միջինը 36 հազար դրամ են վճարում կոմունալ ծառայությունների համար։ Այս եկամտային խմբի ժողովրդագրական պատկերում թոշակառուներն ու չաշխատողները դեռևս զգալի տեղ են զբաղեցնում։ Այստեղ, սակայն, աշխատող անձանց թիվը նախորդ խմբի համեմատ ավելանում է 10 տոկոսով։
Սեդա և Համլետ Ալեքսանյանները թոշակառուներ են, Համլետը նաև աշխատում է։ Նրանց ամսական եկամուտը մոտ 140 հազար դրամ է։ Արտերկրում գտնվող երեխաներից օգնություն չեն ընդունում։ Սեդան ասում է, որ ընտանեկան բյուջեի ճիշտ պլանավորման դեպքում բոլոր ծախսերն էլ հնարավոր է հոգալ։ Ամեն ամսվա սկզբին ամուսինները կատարում են անհրաժեշտ հիմնական գնումները, քանի որ մեկ անգամ և մեծ քանակությամբ գնելիս և´ գումար են խնայում, և´ ժամանակ։ Ավելին, Համլետը հետևում է պարենային մթերքների գներին, որ որոշի, թե որ խանութից կամ շուկայից կարելի է ավելի էժան գնումներ կատարել։
150 – 250 հազար դրամ եկամուտ ունեցողներ
Այս խումբը իր եկամտից միջինը 24 տոկոս է հատկացնում կոմունալ վճարներին, որը ձմռան ամիսներին կազմում է 47 հազար դրամ։ Երիտասարդ ընտանիքներն այս եկամտային խմբում զգալի թիվ են կազմում։ Դա է պատճառը, որ ժողովրդագրական պատկերը նույնպես հավասար է բաշխված` անչափահասներ (27%), աշխատողներ (27%), չաշխատողներ (25%) և թոշակառուներ (21%): Չնայած ավելի բարձր եկամտին և աշխատողների թվին՝ այս խմբի սոցիալական պատկերը նշանակալիորեն չի տարբերվում նախորդներից, քանի որ անչափահասների առկայությունը մեծացնում է ամսական ծախսը։
Մելս Հայրապետյանը կնոջ հետ հիշում է, թե ինչպես են 1970թ․ գնել տան առաջին գույքը՝ դաշնամուրը։ Նրանց 4 երեխաներից երկուսը երաժշտական կրթություն է ստացել։ Դաշնամուրը սարքին է և դեռ կարող է թոռներին պետք գալ։ Ընտանիքը 7 հոգուց է բաղկացած, որտեղ 3-ն անչափահաս են, 2-ը` թոշակառու, տան միակ աշխատողը Մելսի տղան է։ Ճիշտ է՝ նրանց ամսական եկամուտը գերազանցում է 200 հազար դրամը, բայց եթե այն բաժանենք ընտանիքի անդամների թվին, ապա մեկ շնչին ընկնող գումարի չափը չի գերազանցի 35 հազար դրամը։ Եկամտի 20 տոկոսից ավելին ձմռան ամիսներին հատկացնում են կոմունալ վճարներին, մեծ գումար է ծախսվում նաեւ դեղորայքի վրա։ Ամիսներ առաջ Մելսը վիրահատվել է, որից հետո նա պարբերաբար պետք է ստուգվի և դեղեր ընդունի։ Այդ հարցում ընտանիքին աջակցում են Մելսի դուստրերը։
250 – 400 հազար դրամ եկամուտ ունեցողներ
Որքան մեծանում է եկամտի չափը, այնքան մարդիկ առավել տաք միջավայր են ապահովում տանը, այսինքն՝ մեծանում է նաև կոմունալ ծախսը։ Դա է պատճառը, որ այս եկամտային միջակայքում գտնվողների կոմունալ ծախսը էապես ցածր չէ նախորդից՝ կազմելով եկամտի 18 տոկոսը։ Այս խմբի մոտավորապես կեսն աշխատողներ են (47%), մյուս մասը՝ թոշակառուներ (25%), չաշխատողներ (17%) և անչափահասներ (11%):
Փոխգնդապետ Տիգրան Հարությունյանը երկար տարիներ ծառայել է Պաշտպանության նախարարությունում։ Ասում է՝ իրեն անարդարացի կերպով ժամանակից շուտ թոշակի են ուղարկել՝ համակարգում առկա թերությունների հետ չհաշտվելու պատճառով։ Այս պահին ստանում է զինվորական թոշակ, մշակում ամառանոցին կից հողամասը և որոշ մասնավոր գործեր անում։ Փոխգնդապետի մշակած այգուց էլ գոյանում է այս տան պարենային մթերքների մեծ մասը։
Ընտանիքում 6 հոգի են, որից 2-ն` անչափահաս։ Տան եկամտի 22 տոկոսը ձմռանը վճարում են կոմունալ ծառայություններին։ Տիգրան Հարությունյանն արտասահմանում գտնվող երեխաներ չունի․ ասում է, որ անկախ սոցիալական պայմաններից՝ իր համար կարևոր է ընտանիքի միասնականությունը, քանի որ այդպիսով է մարդ միայն երջանիկ զգում իրեն։
400 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցողներ
Այս եկամտային խմբի ընտանիքներում գերակշռում են աշխատողները (51%), կան չաշխատողներ (20%), անչափահասներ (20%) և քիչ թիվ են կազմում թոշակառուները (9%): Այս ընտանիքներում բնակվում են կամ երկուսից ավելի միջին աշխատավարձ ստացողներ կամ մեկ բարձր եկամուտ ունեցող։ Բարձր եկամուտ ունեցողները մասնագիտությամբ ծրագրավորողներ են կամ առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերեր։
Որքան բարձր է բնակիչների ամսական եկամուտը, այնքան դժվարությամբ են նրանք պատասխանում սոցհարցում անող լրագրողներին։ Դռան հետևից մի քանի հարցի պատասխանելուց հետո նրանք, ի վերջո, ներս են հրավիրում և պատմում իրենց դժվարությունների մասին։ Հարցվածներից մեկը, որը խնդրեց անունը չնշել, ամսական 1,5 մլն դրամից ավելի եկամուտ ունի։ Նա ձեռնարկատեր է, միջին բիզնեսով է զբաղվում։ Պատմեց, որ կոմունալ վարձն իր համար երբեք էլ խնդիր չի եղել, բայց իրեն անհանգստացնում է անարդարությունն ու անօրինությունը, մանավանդ` բիզնեսի ոլորտում։ Նա նշեց, որ արևային էներգիայի ներդրման առաջարկներ է արել կառավարությանը, սակայն այդպես էլ համաձայնության չեն եկել։ Ձեռնարկատիրոջ երեխաները Եվրոպայում են սովորում․ այժմ մտածում է բիզնեսի որոշ ճյուղեր դեպի արևմուտք դուրս բերելու ուղղությամբ։
Ինֆոգրաֆիկան՝ Դավիթ Բանուչյանի
Հարցվածների 68 տոկոսը գազով է տաքացնում բնակարանը, իսկ 32 տոկոսը՝ էլեկտրաէներգիայով։ Այցելած տների միջին ջերմաստիճանը 19 աստիճան էր։ Հարցումը կատարել ենք դեկտեմբերի 16-28-ն ընկած ժամանակահատվածում, երբ դրսում միջինը 6 աստիճան տաքություն էր։ Չնայած տաք ձմռանը՝ մենք կարողացել ենք չափել կոմունալ վարձավճարների ազդեցությունը հարցվածների սոցիալական դրության վրա, քանի որ գրանցել ենք վերջին 2 տարիներին մուծված կոմունալ վարձավճարների և եկամտի միջին թիվը։
Մեթոդաբանություն
Երևանի քաղաքապետարանից վերցրել ենք յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական երկու փողոցներում գտնվող բազմաբնակարան շենքերի հասցեները։ Օգտագործելով պարզ պատահական նմուշառման մեթոդը՝ յուրաքանչյուր վարչական շրջանից ընտրել ենք մեկական բազմաբնակարան շենք։ Յուրաքանչյուր շենքում այցելել ենք միջինը 6 բնակարան` հերթով ծեծելով բոլոր հարկերի դռները։ Կազմել ենք ընտանիքի սոցիալական պատկերը նկարագրող հարցաթերթ, որում տեղ գտած բոլոր հարցերն առանց բացառության տվել ենք հարցվածներին։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել