
Սերգեյ Լավրով. «Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հստակ ծրագիր չունի»
Ռուսական դիվանագիտության 2017 թվականի արդյունքները ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրին: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ Մոսկվան հակամարտության կարգավորման հստակ ծրագրեր չունի, քանի որ «խնդիրը կարող են լուծել միայն իրենք՝ կողմերը»:
Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը հակամարտության կարգավորման հարցով զբաղվող մյուս կողմերի հետ միասին ձգտում է «ցույց տալ այն փոխզիջումները, որոնք հակամարտող կողմերին ընդհանուր հայտարարի կբերեն այն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ մինչև օրս նրանք անհամաձայնություն ունեն»:
«Մենք սպասում ենք, որ երկու երկրներից էլ (Հայաստանից և Ադրբեջանից, խմբ.) որոշակի դրական ազդակներ կլինեն: Այս խնդիրը մեկ փաստաթղթով հնարավոր չէ մեկընդմիշտ լուծել, անհրաժեշտ է փուլային մոտեցում»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Սերգեյ Լավրովը կարևոր է համարել շփման գծում հանգստության պահպանումը. «Կարծում եմ, որ հիմա կարևոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում իրավիճակը ավելի հանգիստ լինի, ինչն էլ կնպաստի խնդրի քաղաքական կարգավորմանը»,- ՌԴ արտգործնախարարի խոսքերն է փոխանցում TACC-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը եղել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: Ալիևի հետ առանձնազրույցիցի հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խնդրի լուծման տարբերակների մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
«Պայմանավորվել ենք, որ միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»,- հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումից հետո նշել էր Սերժ Սարգսյանը:
լուսանկարը՝ Валерий Шарифулин/ТАСС
Մեկնաբանել