HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ աշխատակազմի ղեկավարն ընդլայնում է հանքարդյունաբերական բիզնեսը

ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանը շարունակում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը հանքարդյունաբերության ոլորտում: 100% բաժնեմասով նրան պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն մտադիր է Արագածոտնի մարզի Ոսկեհատի բազալտի հանքավայրի հարավային տեղամասում իրականացնել օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրություն:

Ոսկեհատի բազալտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը պաշտոնյայի ընկերությունը ձեռք է բերել մեկ տարի առաջ: Այդ իրավունքը վավեր է մինչև 2067 թվականը: Այժմ Դավիթ Սուքիասյանը մտադիր է ընդլայնել հանքավայրը, ինչի համար նախատեսում է ավելի քան 9 հա տարածք ուսումնասիրել հանքավայրի հարավային տեղամասում՝ հորատանցքեր բացելով ու նմուշարկում կատարելով:

Հանքավայրի հարավային տեղամասը գտնվում է Ոսկեհատ գյուղից շուրջ 2 և Ոսկեվազ գյուղից 3 կմ հարավ-արևմուտք: Վարչատարածքային առումով այն Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում է:

Համաձայն էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների` հրապարակված 2017թ. հոկտեմբերին, «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն 5 հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունի: Պաշտոնյան այս ընկերությամբ արդյունահանում է ավազ, պեմզա և բազալտ: Դրանք ենք՝ Արարատի մարզում գտնվող Վանինայի ավազի հանքավայրը, Արմավիրի մարզի Մարգարայի ավազի հանքավայրը, Կոտայքի մարզի Կարապիձորի բազալտի հանքավայրը, Կարապիձորի լիթոիդային պեմզայի հանքվայրը և Ոսկեհատի բազալտի հանքավայրը:

Հանքավայրերն ու տեղեկությունները մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում: 

Տեղեկությունները վերցված են Հանրապետական երկրաբանական ֆոնդի հանքավայրերի անձնագրերից 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 23-ին կառավարությունն ընդունեց որոշում, որով ՀՔԾ-ի աշխատակազմի ղեկավարին պատկանող ՍՊԸ-ի կողմից ներմուծվող սարքավորումներն ազատեց մաքսատուրքի վճարից: Ընկերությունը Բուլղարիայից պետք է ներմուծեր 75 մլն դրամ արժողությամբ երկու սարքավորում:

Վերոնշյալ հանքավայրերի գործունեությունը համակարգում է պաշտոնյայի միայն մեկ ընկերությունը՝ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն: Դավիթ Սուքիասյանին պատկանող ևս 4 ընկերություն հանքարդյունաբերական գործունեություն է իրականացնում: Դրանց «Հետք»-ն արդեն անդրադարձել է:

Դժվար է պատկերացնել, թե այսպիսի ակտիվ բիզնես գործունեություն ծավալող պաշտոնյան ինչպես է ժամանակ գտնում Հատուկ քննչական ծառայությունում իր աշխատանքային պարտականությունները կատարելու համար։

Հ.Գ. Հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին, Աղավնատան (Արմավիրի մարզ) համայնքապետարանում տեղի կունենան «ՄԼ Մայնինգ» ընկերության «Ոսկեհատի բազալտի հանքավայրի Հարավային տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Մեկնաբանություններ (1)

aram
զարմանալի չէ շարունակվում է պարզ գողութձունը և ժողովրդին կեղեքելն օրը ցերեկով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter