HY RU EN

Դիանա Ղազարյան

Հանրապետության հրապարակում մանկական ատրակցիոնները շահագործվում են` առանց որևէ վճար կատարելու

2013 թվականից Հանրապետության հրապարակում Ամանորյա տոնական օրերին մանկական ատրակցիոն խաղեր է տեղադրում Կարինե Հարությունյանը։ Ինչպես «Հետք»-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ մանկական խաղեր տեղադրելու խնդրանքով քաղաքապետարան է դիմել Հարությունյանը, և քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաշվի առնելով, որ Հանրապետության հրապարակում իրականացվող միջոցառումների ժամանակ խաղերի տեղադրումը տոնակատարության մասնակիցներին հաճելի ժամանց կհաղորդի, չի առարկել։

Հանրապետության հրապարակում թույլատրվում է խաղեր տեղադրել Ամանորի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրվանից մինչև հունվարի 14-ը: Կարինե Հարությունյանը քաղաքապետարանի հետ տարածքի վարձակալության, առևտուր կազմակերպելու կամ այլ պայմանագրեր չի կնքում, վերջինս քաղաքային բյուջե որևէ վճար, գումար չի փոխանցում ՝ որքան էլ շահույթ է ստանում այդ խաղերի շահագործումից։

Քաղաքապետարանից խնդրել էինք Կարինե Հարությունյանի՝ քաղաքապետին ուղղված նամակը, որից պարզ է դառնում, որ օրինակ՝ դեկտեմբերի 1-ին Տարոն Մարգարյանին հասցեագրած նամակում ասվում է. «Ունեմ Ֆրանսիայից ներկրած մանկական խաղեր։ Խնդրում եմ թույլատրել տոնական օրերին խաղերը տեղադրել Հանրապետության հրապարակում և ամբողջ շահույթը նվիրել բարեգործական հիմնադրամին»։

Թե ինչ բարեգործական հիմնադրամի է փոխանցվելու այդ գումարը, մեզ ուղարկված դիմումում այդպես էլ չի մանրամասնվում։

Կարինե Հարությունյանը ֆրանսիաբնակ երաժիշտ Մարինե Գյուլումյանի մայրն է, ենթադրվում է, որ այդ է պատճառը, որ մանկական խաղերը ներկրվել են այդ երկրից։