HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Հինգ անուն՝ օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ձայնադարանից

«Չեմ կարծում, թե երաժշտությունը կարող է փոխել մարդուն, բայց նրա տրամադրության վրա ազդել, անկասկած, կարող է-ասում է Տիգրան Պետրոսյանը,- իմ տրամադրությունն, օրինակ, փոխվում է, ինձ վրա ազդում է: Ես  կարող եմ հանգստանալ, խաղաղվել կամ ուրախանալ երաժշտության ազդեցությամբ»:

Շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն, շախմատի միջազգային գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի կյանքում երաժշտությունը շատ կարևոր տեղերից մեկն է զբաղեցնում: Նա ունի նախընտրած երաժշտություն՝ կոնկրետ ցանկից բաղկացած և որը լսում է անգամ ամենապատասխանատու քայլին պատրաստվելիս: Ասում է, որ անձամբ հավաքել է սիրված երգերից կազմված մի հավաքածու, որն ամենուր իր հետ է՝ տանը, մեքենան վարելիս, խաղերից առաջ և անկախ արդյունքից՝ նույնիսկ, նաև հետո:

«Առհասարակ, շատ եմ երաժշտություն լսում, համարյա միշտ, համարյա ամեն տեղ,- ասում է Տիգրանը,- մրցումների ժամանակ էլ, խաղից առաջ՝ երեկոյան, միշտ լսում եմ՝ փորձելով էդպես մի քիչ ցրվել կամ ոգևորվել: Օրվա ընթացքում էլ, երբ ազատ ժամանակ եմ ունենում, սիրում եմ երգեր լսել կամ տեսահոլովակներ դիտել, իհարկե, իմ նախընտրած երաժշտությունից: Հեռախոսիս մեջ էլ «Favourites» բաժնում ներբեռնել եմ դրանք»:

Ժամանակի ընթացքում այդ ձայնադարանը փոփոխության ենթարկվում է, բայց ոչ այնքան ժանրային կամ ոճային առումով, որքան՝ համալրվելու: Տիգրանը հետևում է սիրված խմբերի կամ արտիստների գործունեությանը և ժամանակ առ ժամանակ թարմացնում իր «ընտրանին»: Նախասիրած հիմնական ոճն էլ առայժմ փոփն է՝ իր տարբեր ժանրային համադրություններով՝ ռոք, ջազ, ֆանք, սոուլ և այլն:

Երաժշտությունն ու պարը միշտ իր համար ամեասիրելի տարածքներն են եղել, որոնցից ոչ մեկում այդպես էլ չի կարողացել իր ցանկության չափով հաստատվել: «Միշտ էլ երազել եմ լավ նվագել կամ լավ պարել իմանալ, բայց չի ստացվել, թեև դաշնամուր փորձել եմ նվագել: Չգիտեմ՝ ժամանակի խնդիր ունենալուց է, թե ուղղակի երաժշտական տաղանդ չունեմ,- ծիծաղում է Տիգրանն ու հաստատում,- դե երևի էդքան շնորհք չունեմ»:

Սիրված երաժշտական գործիքը դաշնամուրն է, որով ժամանակին մեկ-երկու գործ նվագել է և գործնականում, միգուցե առայժմ, այդքանով սահմանափակվել: Բայց խոստովանում է, որ շատ է սիրում դաշնամուրային երաժշտություն լսել, հատկապես, երբ ներկա է կենդանի կատարման:

 «We are the champions».  Լեգենդար «Queen» խմբի  լեգենդար այս երգը թեև չի ընդգրկել «Հինգ անուն՝ Տիգրան Պետրոսյանի ձայնադարանից» խորագրում, բայց առանձնացնում է այն մի գեղեցիկ պատմությամբ:

Սա Տիգրանի կյանքում կարևոր նշանակությամբ և շատ գեղեցիկ զգացումների մասին հիշեցնող անուն է: «Երբ որ նոր էինք չեմպիոն դարձել (2008 և 2012թթ., Շախմատի համաշխարհային օլիմպիադաներ), տարբեր հաստատություններ հաճախելուց՝ մեզ տեսնելիս   անընդհատ  հնչեցնում էին այդ երգը: Ես ամեն անգամ շատ ամաչում էի, բայց, միևնույն ժամանակ,  հաճելի էր՝ անշուշտ: Եվ եկավ մի պահ, որ որևէ ակումբ կամ հասարակական այլ վայրում հայտնվում էի, արդեն գիտեի հաստատ ու սպասում էի, որ ուր որ է, ինչ-որ մեկը պատվիրել ու հնչեցնելու է նորից այս երգը, քանի որ նկատել էի՝ արդեն տեսել են, որ այնտեղ եմ»:

Տիգրանի համար, իհարկե, կա լավ և վատ երաժշտություն, բայց առանց գիտական, տերմինաբանական կամ փիլիսոփայական սահմանումների: Այն, ինչը նրա լսողությունը չի շոյում և չի ընդունում, նա երբեք չի լսում: Հայկական ժամանակակից փոփ երաժշտությանն անդրադառնալիս էլ՝ նշում է. « Հիմնականում չեմ հետևում և առանձնապես մեծ պատկերացում չունեմ: Պատահում է, որ ռադիո լսելիս ինչ-որ երգեր հնչում են և հնարավոր է լսեմ այդ պահին: Բայց այն, ինչ լսել եմ հենց այդ պահին, վստահ դեռ ցանկություն չի առաջացրել իմ նախընտրած ու իմ կազմած երաժշտական հավաքածուի կազմում ընդգրկելու: Հնարավոր է, որ կան, չգիտեմ»:  

«Սիրված երգերի ձայնագրություններ, ես էլ եմ ժամանակին ինձ համար հավաքել,- ասում է Տիգրանը,-  Մինչ ինտերնետային և տեխնիկական մերօրյա հնարավորություններին հասնելը, ես էլ ժամանակին CD-ների, դեռ ավելի վաղ՝ ֆլոպիերի վրա ինքս կրկնօրինակում էի իմ սիրած երգերն ու երաժշտությունը, հետո դրանք փոխանցում էի ընկերներիս, նրանք էլ՝ ինչ-որ բաներ ինձ: Ու էդպես, լսում էինք, քննարկում երբեմն, մեկը մյուսի հավաքածուն համալրում»:

Մեծ դժվարությամբ  նա առանձնացնում է 5 անուն իր նախընտրած երաժշտությունից, որտեղ աստղային հին ու նոր հանրահայտ անուններ են, ի դեպ՝ հիմնականում վոկալի ընդգծված առավելությամբ: Այսպիսին է օլիմպիական չեմպիոնի ձայնադարանը՝ ըստ սահմանված  հերթականության.

1. Sia.  Ավստրալացի հայտնի երգիչուհի, երգահան Սիա Ֆուրլերը հանդես է գալիս մի քանի տարբեր ոճերում, կամ դրանց միաժամանակ համադրմամբ: Ջազ, ֆանք, հիփ-հոփ, սոուլ… այս անունների միքսը ստեղծել է փոփ-անուն, որը տարբերվում է աստղային ժամանակակից միանման ու փայլփլուն շողիկներից: Եվ հնարավոր է՝ բրիտանական դպրոցի խիստ պահանջկոտ չափանիշների շնորհիվ. Այնուամենայնիվ, Սիան լսվում է նույնիսկ շախմատային պատասխանատու խաղերից առաջ, եթե նրան վստահողը Տիգրան Պետրոսյանն է

2. «Wind of Change» (Փոփոխության քամի). սա  գերմանական «Scorpions» խմբի ամենահայտնի և ամենաջողակ երգերից մեկն է, որի առաջին մի քանի մեղեդիներն իսկ բավական է հնչեցնել՝ երգի կամ կատարողի անունը վայրկյանների ընթացքում  անսխալ կռահելու համար: Այս բալլադի հեղինակը խմբի վոկալիստ Կլաուս Մայնեն է և գրվել էր երգչի՝  Ռուսաստան կատարած առաջին այցելության տպավորության ներքո` 1988թ-ին: Երգի թողարկվելուց մեկ ամիս անց քանդվեց Բեռլինյան պատը, իսկ 1991թ.` Խորհրդային երբեմնի հզոր ու անառիկ կայսրությունը: Խմբի վոկալիստ Կլաուսն ասում էր` «Մեր հայրերը  Ռուսաստան եկան տանկերով, իսկ մենք դեպի ձեզ գալիս ենք կիթառներով»: 1991թ. խումբը այս երգը կատարեց Միխայիլ Գորբաչովի ներկայությամբ. վերջինս «Scorpions»-ի երկրպագուներից է և  համերգից հետո նրանց ընդունեց Կրեմլում»:

 

3. «Black or White». Այսպես էր կոչվում փոփ արքայի՝  «Dangerous» ստուդիական  ութերորդ ալբոմի առաջին սինգլը, որը թողարկվեց 1991թվականին: Ռոք, R & B և պարային փոփ երաժշտության միաձուլումից ծնված այս երգը Մայքլ Ջեքսոնի «հարցեր բարձրացնող» համարձակ շարքից էր, որն իր հետ սովորական դարձած, բայց աննկարագրելի հաջողության ալիքից բացի, քաղաքական ուղերձներ պետք է հնչեցներ՝ երգի, մեղեդու, ժամանակին համահունչ փաթեթավորմամբ՝ ասելիքի սուր ենթատեքստով: «Black Or White»-ը երգ է խաղաղության, հանդուրժողականության և հավասարության ենթատեքստով, որն այս ամենը իրար խառնող աշխարհում վաճառվեց ավելի քան 13 միլիոն օրինակով:

4. Լարա Ֆաբիան. Իտալական և բելգիական ծագմամբ այս երգչուհին ունկնդիրներին առավելապես հայտնի է իր ֆրանսերեն երգերով և, ամենակարևորը, հզոր ձայնային դիապազոնով: Տիգրանը նրա երգացանկից բազմաթիվ անուններ կարող էր թվարկել, բայց այս շարքի համար նախընտրել է սիրո խոստովանություն «Je t'aime»-ը:

5. « It Must Have Been Love ». շվեդական հայտնի «Roxette» փոփ-խումբը շատերին հայտնի դարձավ հենց այս երգի շնորհիվ, այն էլ՝ «Սիրունիկը» ֆիլմից հետո: Չնայած՝ երգը թվով 5-րդ սինգլն էր խմբի ստեղծագործական կյանքում: Երգի հեղինակը երգիչ, երգահան, պրոդյուսեր և գործիքավորող Պեր Գեսսլեն է, ով նաև խմբի հիմնադիրներից մեկն է ու վոկալիստը (մյուս վոկալիստը՝ Մարի Ֆրեդրիքսոն): « It Must Have Been Love »-ը ռոք երաժշտության տրամադրությամբ բալլադ էր, որը մեծ ընդունելություն գտավ հատկապես ԱՄՆ-ի լսարանում:  «Ոսկե» կարգավիճակ ստացած այս հիթը դարձավ խմբի բեսթսելլերն ու այցեքարտ-երգերից մեկը:

 Լուսանկարները վերցված են Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից