
Չինացի ուսանող. «Ես սիրում եմ սպորտ, բայց Հայաստանում սպորտային կյանքը պասիվ է»
Անի Գևորգյան
Շուշանն (Չժոու Շուխան) ու Դավոն (Յան Էնվեն) Երեւանում ապահով ու լավ են զգում, սակայն ասում են` կյանքն այստեղ միապաղաղ է: Նրանց հայկական անուներով են կնքել հայ ընկերները:
Երիտասարդներn ուսանողների փոխանակման ծրագրով Չինաստանից Երեւան տեղափոխված տասնհինգ ուսանողներից են: Ասում են` հայերեն դժվար թե սովորեն: «Մեզ խորհուրդ տվեցին հայերեն սովորելու փոխարեն ռուսերենը խորացնել, քանի որ այստեղ ռուսերեն էլ են հասկանում, իսկ երբ վերադառնանաք Չինաստան, կկարողանանք այդ լեզուն մեզ մոտ էլ օգտագործել, իսկ հայերենն օգտագործելու տեղ Չինաստանում չկա»,- ասում է Շուշանը:
«Երեւանը լավ է սովորելու համար: Սովորելուց բացի Երեւանում այլ անելու բան չկա»,- ասում է Դավոն:
Ուսանողները սիրում են շաուրմա եւ ժինգյալով հաց, սակայն տանել չեն կարողանում հայկական սպասը:
Շուշանը գեղարվեստի պետական ակադեմիայում սովորում է արդեն երկու տարի, Դավոն` մեկ:
Դավո. «Այստեղ ձանձրալի է: Ես սիրում եմ սպորտ, բայց Հայաստանում սպորտային կյանքը պասիվ է»:
Քանի դեռ ակադեմիայում ձմեռային արձակուրդ է, երիտասարդները շփվում են փորձառու նկարիչների հետ եւ քննարկում են իրենց աշխատանքները:
Շուշանը կատակում է. «Չինաստանի ընկերներիս կպատմեմ, որ այստեղ մարդիկ քիթ ունեն, իսկ մենք քիթ գրեթե չունենք»:
Շուշանն ասում է, որ որոշեց Հայաստանում սովորել, քանի որ այստեղ ուսումը կարճ է տեւում: Եթե Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում պետք է սովորեր վեց տարի, Երեւանում կսովորեն երեք տարի:
Շուշանը չինարեն գրեց Արմենիա եւ Երեւան, իսկ Դավոն ասաց. «Արմենիա բառը իր հնչողությամբ լսածս ամենագեղեցիկ բառն է»:
Շուշան. «Ես նկատել եմ, որ հայերը սիրում են գրկախառնվել: Մենք իրար ողջունելիս ուղղակի ասում ենք` բարեւ, ես քեզ կարոտել էի: Մենք անգամ մեր ծնողներին չենք գրկում, ոչ էլ ծնողները` երեխաներին»:
«Մենք տարբեր ձեւ ենք նշում մեր ծննդյան օրերը: Չինաստանում մենք հավաքվում ենք ու սկսում ենք զրուցել»:
«Այստեղ մարդիկ հավաքվում ու պարում են: Մեզ մոտ պարելն ընդունված չէ»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել