HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային սագան ավարտվեց: 29-ամյա խաղացողը կարիերան կշարունակի  Լոնդոնի «Արսենալ»-ի կազմում: Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ ֆուտբոլիստը ակումբի հետ կնքել է «երկարաժամկետ պայմանագիր», սակայն հստակ ժամկետների և ֆուտբոլիստի աշխատավարձի մասին պաշտոնական տեղեկություն չկա, հայտնի չէ նաև, թե որ համարի խաղաշապիկն է կրելու նա: Ավելի վաղ բրիտանական պարբերականները հայտնում էին, որ Մխիթարյանը կկնքի 4 տարվա պայմանագիր՝ շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով:

Անգլիական ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Մխիթարյանի փոխարեն հակառակ ուղղությամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, այսինքն՝ տեղի է ունեցել ֆուտբոլիստների փոխանակում:

Հենրիխ Մխիթարյանը արդեն իսկ հասցրել է հարցազրույց տալ «զինագործներ»-ի մամուլի ծառայությանը: Հայ ֆուտբոլիստը շեշետել է, որ ամեն ինչ կանի իր նոր ակումբում պատմություն կերտելու համար.

«Շատ երջանիկ եմ, որ կարողացանք ավարտել այս գործարքը: Սա երազանքի իրականցում է, քանի որ միշտ էլ երազել եմ խաղալ «Արսենալ»-ում»,- նշել է Մխիթարյանը:

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովասանքի խոսքեր է հղել Հայաստանի հավաքականի ավագի հասցեին՝ ընդգծելով նրա խաղային որակները. 

«Հենրիխը կատարյալ ֆուտբոլիստ է: Նա գոլային պահեր է ստեղծում, լավ է պաշտպանվում: Կարողանում է հաղթահարել երկար տարածություններ, բացի այդ, շատ նվիրված է: Նա ֆուտբոլիստ է, ով տիրապետում է բոլոր հատկանիշներին»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի սկզբում Հենրիխ Մխիթարյանի անունը կապում էին նաև Միլանի «Ինտեր»-ի հետ, սակայն իտալական ակումբի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հայտարարեց, որ իրենց ակումբի ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս իրականցնել հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը:

Արդյունքում, Հենրիխ Մխիթարյանը վերջիվերջո «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հայտնվեց Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբներից մյուսի՝ «Արսենալ»-ի կազմում:  

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Արսենալ»-ը, անցկացրած 24 խաղում վաստակել է 42 միավոր՝ գտնվելով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Այս պահի դրությամբ «զինագործներ»-ը 23 միավորով զիջում են առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ին, իսկ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլ»-ից հետ են 5 միավորով: Լոնդոնյան ակումբը պայքարը շարունակում է նաև Եվրոպա լիգայում: 1/16 եզրափակչում նրանց մրցակիցը շվեդական «Էստերսունդ»-ն է: Հանդիպումները կկայանան փետրվար ամսին:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2016 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ անգլիական ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր: «Կարմիր սատանաները» նրա տրանսֆերի համար գերմանական ակումբին վճարեցին 42 միլիոն եվրո: «Յունայթեդ»-ում անցկացրած 63 պաշտոնական խաղերում Մխիթարյանը դարձավ 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: 2016/17 մրցաշրջանում մանչեսթերյան ակումբի հետ դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր և Անգլիայի լիգայի գավաթակիր, ինչպես նաև դարձավ առաջին հայաստանցի ֆուտբոլիստը, ով հաղթեց եվրագավաթային մրցաշարում, տվյալ դեպքում Եվրոպա լիգայում, որի եզրափակչում նաև գոլի հեղինակ դարձավ: 2016/17 մրցաշրջանի արդյունքներով հայ կիսապաշտպանը ընդգրկվեց Եվրոպա լիգայի խորհրդանշական հավաքականում, իսկ Անգլիայի առաջնությունում «Սանդերլենդ»-ի դարպասը «կարիճ» տեսակի հարվածով խփած գոլը լավագույնը ճանաչվեց մրցաշրջանում:

2017/18 մրցաշրջանը բավական հաջող մեկնարկեց Հենրիխ Մխիթարյանի համար: Պրեմիեր լիգայի մեկնարկային երեք խաղերում նա դարձավ 5 գոլային փոխանցման հեղինակ: Երբ թվում էր, թե սա Մխիթարյանի մրցաշրջանն է, նրա խաղում անկում գրանցվեց, ինչն էլ հանգեցրեց «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի անվստահությանը: Մի քանի խաղ շարունակ Հայաստանի հավաքականի ավագը նույնիսկ չէր հայտավորվում իր թիմի հանդիպումներին: Նրա վերջին հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձավ այս տարվա հունվարի 5-ին Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում «Դերբի Քաունթի»-ի հետ խաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter