
Հավաքագրված հարկերը գերազանցել են բյուջեով նախատեսված ցուցանիշը
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականին հավաքագրել է մոտ 1.202 տրիլիոն դրամի հարկեր։ Այստեղ ներառված են նաև ԱԱՀ-ի վերադարձի գումարները։
2016 թվականի համեմատ հարկերն աճել են 124.7 միլիարդ դրամով կամ 11.6 %-ով: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից։ Հարկերի մեծ մասը հավաքագրել են հարկային մարմինները։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների
Իսկ առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1.155 տրիլիոն դրամ՝ 2016 թվականի համեմատ աճելով 78.7 միլիարդ դրամով կամ 7.3 %-ով։
Ի սկզբանե, 2017թ. պետական բյուջեով նախատեսված էր հավաքագրել 1.135 տրիլիոն դրամի հարկեր։
Այսինքն՝ բյուջեով նախատեսված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 20 միլիարդ դրամով (եթե չենք հաշվարկում ԱԱՀ-ի վերադարձի գումարները)։
Հարկային ծառայության կայքում հրապարակված հաշվետվությունից տեղեկանում ենք, որ նշված 1.155 տրիլիոն դրամից մոտ 97%-ը հարկային եկամուտներն են, իսկ մնացած շուրջ 3%-ը պետական տուրքերն են։ Նշենք, որ ծառայության կայքում հարկերի թիվը փոքր-ինչ ավելի բարձր է նշված՝ 1.156 տրլիոն դրամ։
Հարկային եկամուտների գերակշիռ մասը ԱԱՀ-ի գծով վճարված հարկերն են, որոնք աճել են 4.5%-ով։ Երկրորդ տեղում եկամտային հարկն է, որի մասով աճը կազմել է 2.5%: Փոխարենը նվազում է գրանցվել շահութահարկի գծով, անկումը՝ 13.5%։ Բացի շահութահարկից, նվազում է գրանցվել նաև արտոնագրային վճարների մասով՝ 5.4%-ով։ Մնացած հարկատեսակների գծով աճ է գրանցվել։
Մեկնաբանել