HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս մեկ հանք և արտոնություն՝ ՀՔԾ-ի աշխատակազմի ղեկավարի ընկերությանը

ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն ևս մեկ հանքի արդյունահանման հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն: Հիմա էլ պաշտոնյայի ընկերությունը մտադիր է արդյունահանել Արագածոտնի մարզի Աշտարակի հրաբխային խարամի օգտակար հանածոները՝ բազալտներ-անդեզիտաբազալտներ, խարամացված բազալտներ և այլ հանքանյութեր: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ անդրադարձել էինք Դավիթ Սուքիասյանի նույն ընկերությանը, որը Արագածոտնի մարզի Ոսկեհատի բազալտի հանքավայրի հարավային տեղամասում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության հայտ էր ներկայացրել: Բացի այդ, «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն ևս 5 հանքավայր արդեն շահագործում է: 

Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից 3-6 կմ հարավ-արևելք: Նախագծվող բացահանքից ոչ մեծ հեռավորության վրա (մոտ 600մ) անցնում է Երևան-Գյումրի ավտոմայրուղին: Մոտակա բնակավայրերն են Աշտարակ քաղաքը, Նոր Երզնկա, Մուղնի, Պռոշյան, Օշական, Սասունիկ գյուղերը: Ընկերությունն օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնելու է բաց եղանակով: 

Այս ամենից բացի, կառավարությունն այսօր պաշտոնյայի ընկերության օգտին որոշում է կայացրել և արտոնություն տվել: Քանի որ «ՄԼ Մայնինգ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ, դրանց ներմուծման դեպքում կառավարությունն ընկերությանն ազատել է մաքսատուրքից՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում:

Համաձայն ներկայացված հայտի՝ «ՄԼ Մայնինգ» ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 1 մլրդ դրամի ներդրում, նախատեսում է իրականացնել ևս 2 մլրդ դրամի ներդրում մինչև ծրագրի ավարտը (2021թ.)։ 

Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 30-50 աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով։ 

Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները տարեկան կկազմեն 200 մլն դրամ, որից 175 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, իսկ 25 մլն դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ։

Ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ: Սարքավորումները ներառելու են այտավոր և կոնային քարջարդիչ մեքենաներ, կցորդ-բեռնատարներ, կցորդներ և կիսակցորդներ, ոչ ինքնագնաց այլ  տրանսպորտային միջոցներ, թամբային քարշակ, տրակտորներ, կցորդ-ցիստեռներ և կիսակցորդ-ցիստեռն, ոլորված մետաղալարեր, մետաղաճոպան, մետաղապարաններ, հյուսված քուղեր, առասաններ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից՝ առանց էլեկտրական մեկուսացման, անվադողեր եւ ծածկադողեր, շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ բեռներ փոխադրելու համար, մեխեր, կոճգամեր, գծագրական կոճգամեր, ակոսավոր մեխեր, բռնակներ: 

Հատուկ քննչական ծառայությունը երկու օր առաջ արձագանքել էր մեր հրապարակմանը՝ նշելով, որ մեր հրապարակումներով փորձ ենք արել ստվերել ՀՔԾ-ի պաշտոնյայի բարի համբավն ու արժանապատվությունը` նրան անհիմն ներկայացնելով որպես ակտիվ բիզնես գործունեություն ծավալող պաշտոնյա, ով շարունակում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը հանքարդյունաբերության ոլորտում:

Մինչդեռ ինքը «Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում աշխատելու ընթացքում, գործող օրենսդրության համաձայն, կնքել է ընկերության իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ պայմանագիր, որը բավարար իրավական հիմք է ` փաստելու, որ Դավիթ Սուքիասյանն առնչություն չունի ձեռնարկատիրական գործունեության հետ և ՀՔԾ-ում բարեխղճորեն կատարում է իր աշխատանքային պարտականությունները»,- նշված է ՀՔԾ-ի` «Հետք»-ին ուղարկած գրության մեջ։ 

«Հետք»-ի տրամադրության տակ են Դավիթ Սուքիասյանի որոշ լուսանկարներ՝ հենց հանքավայրից, ինչը ցույց է տալիս, որ պաշտոնյան բնավ էլ անմասն չէ իր բիզնեսների կառավարումից և պարբերաբար այցելում է հանքեր: 

Ընկերության ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս կարելի է հանդիպել նաև «ՄԼ Մայնինգ»-ի գործունեության դրվագներին Ամուլսարում: 

«ՄԼ Մայնինգ»-ը ժամանակակից տեխնիկա ունի, որն օգտագործվում է շինարարական աշխատանքներում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter