HY RU EN

Ստեփան Դանիելյան

Ինչու է Հայաստանում քաղաքականությունն ապաքաղաքականացվում

Ժամանակին Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ ընտրվելիս մի թևավոր արտահայտության հեղինակ էր դարձել՝ «քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»։ Պետք է ենթադրել, որ խոսքը «քաղաքական խելքի» մասին էր: Աբրահամյանը Հայաստանի քաղաքական կյանքում վերջին մարդը չէ, ավելին, բազմիցս եղել է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ նախընտրական շտաբների պետը, սակայն ինքն իրեն, այնուամենայնիվ, քաղաքական գործիչ չէր համարում: Դա նույնպես իր խոսքերն են: Ավելին, հաճախ ենք ականատես լինում, երբ ԱԺ-ում մի որևէ օրինագծի քննարկման ժամանակ հնչում են կոչեր, որ պետք չէ քաղաքականացնել քննարկումը:

Ինչն էր պատճառը, որ ԱԺ նախկին նախագահը, նախկին վարչապետը, ունենալով իր զբաղեցրած պաշտոններից ավելի մեծ հավակնություններ, այնուամենայնիվ տատանվում էր իրեն համարել քաղաքական գործիչ: Պետք է կարծել, որ պատճառը Հ. Աբրահամյանի կամ որոշ պատգամավորների թերահավատությունը չէ իրենց ինտելեկտուալ հնարավորությունների նկատմամբ: Հետաքրքրական է, որ այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, նույնպես քաղաքական գործունեության մեջ չի կասկածվել, նախագահի հնարավոր թեկնածուի մասին Սերժ Սարգսյանը ասել է, որ նա պետք է լինի մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել: Քաղաքականությամբ չի զբաղվել նաև գործող վարչապետը և նշանակումից մինչ այժմ որևէ քաղաքական ելույթ չի ունեցել: Դժվար չէ նկատել, որ նրանք բոլորը խոշոր գործարարներ են:

Հիմքեր կան ենթադրելու, որ սա արդեն ոչ միայն Սերժ Սարգսյանի անձնական քաղաքականությունն է, այլև ունի խորքային բովանդակություն: Խոսքը գնում է արդեն պետության բովանդակության նենգափոխման ու երկրի «քաղաքական» կառուցվածքի մասին:

Ինչու է Հայաստանի քաղաքական կյանքը գնալով ապաքաղաքականացվում

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի տվյալների՝ «2016թ.-ի դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48.8 տոկոս: Հիմա (2017-ին) ստվերը նվազել է, մասնավորապես՝ մարտին այն կազմել է 33.2 տոկոս»: Դա ընդամենը պաշտոնական տվյալներն են ու վերաբերում են միայն խոշոր հարկ վճարողներին:

Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրը ստվերն է. «Եթե ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»:

Ինչ է նշանակում «ստվեր» պատերազմի ու շրջափակման մեջ գտնվող, սահմանափակ մաքսակետեր ունեցող երկրում, որի բոլոր ելքերը գտնվում են լավ կազմակերպված վարչարարական հսկողության տակ: Դա նշանակում է, որ «ստվերը» վերահսկվում է և ունի կազմակերպված բնույթ:

Այ այստեղ է պետք որոնել Հայաստանի քաղաքական-տնտեսական կառուցվածքի բովանդակությունը: Հայաստանի քաղաքական կառուցվածքը գնալով ավելի շատ է նմանվում խորհրդային ժամանակաշրջանի տնտեսության կառուցվածքին` եթե ուզում ես օգտվել հատուկ հնարավորություններից, պետք է դառնաս իշխող կուսակցության անդամ, սակայն, ի տարբերություն այն ժամանակների, այսօրվա Հայաստանում նման «պետական» կուսակցությունները մի քանիսն են, որոնք ժամանակ առ ժամանակ անդամագրվում են իշխող դաշինքում, կամ գործուղվում են «ընդդիմություն» և ունեն սեփականություն ունենալու հատուկ իրավունք, սակայն երբ փորձում են դրսևորվել ինքնուրույնություն, ապա ունեզրկվում են: Նման օրինակներ կարելի է շատ բերել: Պատահական չէ, որ յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ մամուլում համառորեն լուրեր են շրջանառվում, որ հիմնական կուսակցությունների նախընտրական ցուցակները տարվում են համաձայնեցվելու ամենավերին օղակի հետ:

Խոշոր ունեցվածք Հայաստանում կարելի է ունենալ միմիայն «վերևի» թույլտվությամբ: Հայաստանում խոշոր կապիտալը «պետական» է, որն ինչպես տրվում է, այնպես էլ կարող է հետ վերցվել: Կարճ ասած, եթե Հայաստանի նման երկրներում ցանկանում եք խոշոր գործարար դառնալ, պետք է դառնաք իշխանության մաս, սակայն ունենալով խոշոր սեփականություն` չեք կարող ձեռք բերել իշխանություն, որովհետև բոլոր ուժային, իրավապահ ու դատական կառույցները ծառայում են իշխանությանը, կամ այդ պահին իշխանությունը անձնավորող անձանց: Նման համակարգերում պետական ու կուսակցական նոմենկլատուրան հանդիսանում է իշխող խավ` համապատասխան ունեցվածքի հնարավորություններով: Դա է իշխանության և տնտեսության սերտաճման հիմնական նպատակը և միաժամանակ՝ պատճառը: Հայաստանի պայմաններում իշխող խավի անդամ է հանդիսանում նաև եկեղեցու վերնախավը, դա նույնպես կուսակցական-պետական նոմենկլատուրայի բաղկացուցիչ մասն է:

Պետական և կուսակցական նոմենկլատուրան չի կարող ինքնուրույնություն դրսևորել և չհրահանգավորված ինքնուրույն տեսակետ հայտնել: Սահմանափակ են նաև պաշտոնական ընդդիմության հռետորաբանության թեմաները:

Պատմական սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը իշխանության նման կառուցվածք ունեցող երկրների իշխող խավին անվանում է «սուվերեն բյուրոկրատիա», և այդ երևույթը միայն Հայաստանում չէ: Նույնը կատարվում է նախկին սովետական հանրապետությունների մեծ մասում, նաև` աֆրիկյան, ասիական ու Հարավային Ամերիկայի բազմաթիվ երկրներում:

«Սուվերեն բյուրոկրատիայի» դեմ պայքարը չի կարող ընթանալ փողոցային երթերով կամ առանձին «ուժային» գործողություններով: Նման համակարգերը կամ իրենք իրենց են սպառվում` մատնվելով քաոսի, կամ կարողանում են ենթարկվել էվոլուցիայի, երբ հասարակությունը սկսում է ինքնակազմակերպվել և սկզբունքային ու խորքային պահանջներ առաջ քաշել՝ թույլ չտալով, որ իրեն տարբեր գաղափարներով մանիպուլյացիաների ենթարկեն: