
Հուշանվերային օղու 2 շիշ. ավելի քան 1 տարի` կալանքի տակ
Մասիս քաղաքի 36-ամյա բնակիչ, 2 անչափահաս երեխայի հայր, նախկինում չդատված Վլադիմիր Հովսեփյանը դեռևս 2016թ. դեկտեմբերի 22-ին պետք է մեկներ Մոսկվա՝ արտագնա աշխատանքի: Սակայն աշխատանքի հասնելու փոխարեն, նույն օրը «Զվարթնոց» օդանավակայանում նրան ձերբակալել են թմրանյութ տեղափոխելու կասկածանքով: Արդեն մեկ տարուց ավելի Վլադիմիրը գտնվում է կալանքի տակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Դատավորը վերսկսել է դատաքննությունը
Սակայն դատավճիռ հրապարակելու օրը՝ 2017-ի հունվարի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը ոչ թե դատավճիռն է հրապարակել, այլ վերսկսել է դատաքննությունը՝ պահանջելով լրացուցիչ ապացույցներ: Մասնավորապես՝ այն տեսանյութի ամբողջական տարբերակը, որի մի մասը հետազոտվել է դատարանում և հրապարակված է համացանցում:
Մինչ դատավորի՝ խորհրդակցական սենյակ գնալը, Վլադիմիր Հովսեփյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ու Ժորա Պետրոսյանը հիմնավորել են՝ իրենց պաշտպանյալն անմեղ է. «Ոչ միայն ապացուցված չէ Վլադիմիր Հովսեփյանի մեղավորությունը՝ իրեն մեղսագրվող արարքներում, այլև Հովսեփյանն ընդհանրապես չի կատարել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցավոր արարք»:
Հովսեփյանին առաջադրվել է մեղադրանք, ըստ որի` կառավարությանն առընթեր ԱԱԾ հսկիչ անցագրային կետով ՀՀ պետական սահմանը հատելուց և 0,838 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ապօրինի տեղափոխելուց հետո Վլադիմիր Հովսեփյանը բռնվել է համապատասխան աշխատակիցների կողմից: Ըստ մեղադրանքի` ՊԵԿ ներքին անվտանգության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների աշխատակիցներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են շուրջ 100 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ:
Մեղադրող դատախազը միջնորդել է Հովսեփյանին 6 տարվա ազատազրկման դատապարտել, իսկ պաշտպանական կողմը՝ արդարացնել:
Տեսանյութի ամբողջականությունը մի քանի հարցի պատասխան կտա
Ավելի քան 2 րոպեանոց տեսանյութի առաջին վայրկյաններին երևում է Վլադիմիր Հովսեփյանն՝ իր ուղեբեռներով, ապա` դարչնագույն պայուսակը, որի առջևի գրպանից հանում է երկու 50 մլ տարողությամբ օղու շշեր՝ ակցիզային պիտակներով:
«Հետքի» հետ զրույցում պաշտպան Վահան Հովհաննիսյանը նշեց. «Դատարանը գտավ, որ անհրաժեշտ են հավելյալ փաստեր, մասնավորապես՝ այն տեսանյութի ամբողջական տարբերակը, որը նկարահանվել է իմ պաշտպանյալին ձերբակալելու օրը «Զվարթնոց» օդանավակայանում: Մենք պնդում ենք, որ ուղեբեռի կտրոն չի եղել դարչնագույն պայուսակի վրա, ուստի սահման հատելու մասին խոսք լինել չի կարող»,-ընդգծեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դատարանում հետազոտված նույն տեսանյութի հրապարակված մասից պարզ երևում է՝ ուղեբեռի հաշվառման կտրոն առկա չէ:
Նույն տեսանյութի ամբողջական տարբերակը պաշտպանական կողմը խնդրել է ՊԵԿ-ից, սակայն, փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով, այն այդպես էլ չի ստացել: Մեկ անգամ ՊԵԿ-ից ընդունել են, որ առկա է նման տեսանյութ, սակայն պատճառաբանել են, թե երրորդ անձանց մասով տեղեկատվություն չեն կարող փոխանցել: Իսկ հաջորդ անգամ պատասխանել են, որ նման տեսանյութ առկա չէ:
Օղու շշերը թաքցված չեն եղել, նախատեսված են եղել օդանավից վախը հաղթահարելու համար
Գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ Հովսեփյանի ճամպրուկում գտնվող երկու օղու շշերի պարունակությունը նա պետք է խմեր օդանավակայանում, քանի որ ինքնաթիռ նստելուց վախենում է: Դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ օղու շշերը դրված են եղել ճամպրուկի ամենավերևում, այլ կերպ ասած՝ թաքցված չեն եղել: Նույն հանգամանքը իր ցուցմունքում պնդել է նաև ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանը: Իսկ օղու շշերը, ըստ քրեական գործի նյութերի ու դատարանում հետազոտված ապացույցների, ամբաստանյալը ձեռք է բերել դեռևս տարիներ առաջ, ծանոթներից մեկի տնից, որը և հարցաքննվել է դատարանում:
Օղու շշերը եղել են գործարանային փաթեթավորմամբ
Թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանը ցուցմունք է տվել, որ 2016թ. դեկտեմբերի 22-ին իրեն բռնելուց հետո մոտեցրել են ռապիսկան սարքի մոտ գտնվող սեղաններին, բացել են ուղեբեռը, զննել այն, որի ընթացքում բացել են նաև գործարանային փաթեթավորմամբ օղու շշերի կափարիչները, հոտ քաշել դրանցից և հարցրել շշերի պարունակության մասին:
Վլադիմիր Հովսեփյանը պատասխանել է, որ երկու շշերի մեջ օղի է և ապացուցելու համար այդ հանգամանքը՝ մեկ կում խմել է նռան պիտակով շշից, որից պակասել է մոտ երկու սմ հեղուկ: Դրանից հետո աշխատակիցները կրկին փակել են շշերը և, դնելով ճամպրուկի գրպանիկում, իրեն ուղեկցել են համապատասխան սենյակ, որտեղ էլ իրականացվել է զննությունը: Շշից խմելու հանգամանքն առկա է նաև մեղադրական եզրակացությունում:
Մեզի փորձաքննություն չի կատարվել
«Բոլորիս քաջ հայտնի է, որ մեղադրանքի հիմնավորման էական ապացույցներից է հանդիսանում մեզի փորձանմուշով փորձաքննության նշանակումը և եզրակացության ստացումը, իսկ թմրամիջոցների շրջանառության գործերով նման քննչական գործողության կատարումը համարվում է առաջնահերթ ու պարտադիր: Սակայն, այս քրեական գործով մեզի փորձանմուշ չվերցնելը և դրանով փորձաքննության չնշանակումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Վլադիմիր Հովսեփյանն իրականում խմել է օղու շշից, իրականում դրանում հեղուկ է պակասել, իրականում դրա վրա, պաշտպանական կողմի կարծիքով, ավելացվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց»,- նշել են պաշտպաններն իրենց ճառում:
Ուշագրավ է, որ Վլադիմիր Հովսեփյանի մազերի ու արյան փորձաքննության եզրակացությամբ թմրանյութի առկայություն չի հայտնաբերվել:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել