Պաշտոնական չվերթ՝ շքեղ օդանավով ու հարցականներով
Վարչապետ Կարեն Կարապետյանի պատվիրակությունը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար, ինչպես հայտնի է, Շվեյցարիա է մեկնել բիզնես դասի օդանավով:
Նախկինում ոչ մեկ անգամ վարչապետները օգտվել են նախագահական բորտի ծառայություններից, սակայն այս անգամ ստացվել էր այնպես, որ հունվարի 22-ին Սերժ Սարգսյանն իր պատվիրակությամբ թռել էր Ֆրանսիա, իսկ վարչապետը պիտի մեկներ Դավոս: Այս պարագայում, փաստորեն, Կարապետյանին եւ նրա ուղեկցորդներին Շվեյցարիա է հասցրել այլ ինքնաթիռ:
Կարապետյանի պատվիրակությունը վերադարձել է նախագահական օդանավով
Առաջ անցնելով՝ նշենք, որ այսօր՝ հունվարի 26-ի լույս գիշերը, վարչապետի պատվիրակությունը Ցյուրիխից (Դավոսին ամենամոտ քաղաքացիական օդանավակայանն այստեղ է) Երեւան է ժամանել նախագահական օդանավով (չվերթ՝ ARY 4002), ինչպես կարող ենք տեսնել flightradar24.com եւ planefinder.net կայքերից արված նկարներում:
Չնայած նախագահական բորտի մեկնակետն ու վերջնակետը նշված չեն, թռիչքի երթուղին ցույց է տալիս, որ այն Ցյուրիխից է ժամանում Երեւան: Իսկ որ դա հենց Ս. Սարգսյանի օդանավն է, ապացուցում է տեսակը՝ «Airbus A319-132», եւ գրանցման համարը՝ 701 (սա ռազմական գրանցում է, մինչեւ 2014-ի տարեվերջ օդանավը կրում էր քաղաքացիական՝ EK-RA01 գրանցում, սակայն հետո մտցվեց ռազմական օդանավերի ռեգիստր):
Այսինքն՝ այն բանից հետո, երբ ամսի 24-ին նախագահական պատվիրակությունը Ստրասբուրգից վերադարձավ Երեւան, օդանավը մեկնեց Շվեյցարիա՝ բերելու Կարապետյանի թիմին:
Օդանավակայանի կայքում ինֆորմացիա չկա
«Զվարթնոց» օդանավակայանի կայքում կարելի է տեսնել ոչ միայն կանոնավոր չվերթներ մեծ ու փոքր ավիաընկերությունների, այլեւ ոչ կանոնավոր թռիչքներ տարբեր մասնավոր փոխադրողների կատարմամբ: Այդուհանդերձ, դեպի Ցյուրիխ չվերթ վերջին օրերին չի երեւում: Եթե ընդունենք, որ նախագահական բորտը ռազմական օդանավ է, եւ դրա թռիչքներն ու վայրէջքները կարող են եւ չհանրայնացվել, ապա հարց է ծագում, թե ինչու է փակ Շվեյցարիա մեկնած օդանավի մասին տեղեկությունը (հակված ենք կարծել, որ ամսի 22-ին վարչապետի պատվիրակությունը Երեւանից ուղիղ (ոչ թե տարանցիկ ուղով) է Ցյուրիխ մեկնել):
«Gulfstream G650» բազմամիլիոնանոց ինքնաթիռը
Այժմ այն մասին, թե ինչ օդանավով է Դավոս մեկնել վարչապետը: Դատելով վերջինիս ֆեյսբուքյան էջում հայտնված լուսանկարներից, ավելի կոնկրետ՝ սրահի եւ, մասնավորապես, նստատեղերի դիզայնից, դա եղել է ամերիկյան «Gulfstream G650» կամ «Gulfstream G650ER». առաջինը թռչում է մինչեւ 13 հազար, իսկ երկրորդը՝ 14 հազար կմ, երկուսն էլ կարող են տեղափոխել մինչեւ 19 ուղեւոր, որից 10-ի համար նաեւ քնատեղ կա:
Սրահում կա բազմոց, հեռուստացույցներ, խոհանոց, բեռնախցիկ, տարբեր հարմարություններ: Արտադրող «Gulfstream Aerospace» ընկերությունն ըստ պատվիրատուի ցանկության կարող է ավելի քան 120 տարբերակով ձեւավորել սրահն ու նստատեղերը: Մի խոսքով՝ «G650»-ը շքեղություն եւ հարմարավետություն նախընտրող հարուստների քմահաճ պահանջները բավարարող օդանավ է: Այսօր ողջ աշխարհում տարբեր գործարարներ ու պաշտոնյաներ օգտվում են բիզնես դասի այս ինքնաթիռի ծառայություններից:
Ահա «G650ER»-ի սրահի մի օրինակ տեսանյութով:
Օդանավի գինը 65-68 մլն դոլար է (կախված կոնկրետ տեսակից՝ «G650» կամ «G650ER»): Համացանցում առկա տարբեր տվյալներով՝ վարձակալության մեկ ժամն արժե 4.800-10.000 դոլար, իսկ նման ինքնաթիռով Երեւան-Ցյուրիխ թռիչքը տեւում է մոտ 3 ժամ, այսինքն՝ միայն թռիչքաժամանակը կպահանջի նվազագույնը 14,5 հազար դոլար:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հայկական ժամանակին» հայտնել են, որ «ՀՀ վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար, սակայն, պետբյուջեից գումար չի հատկացվել»: Իսկապես, դժվար է պատկերացնել, որ պետբյուջեից պիտի մի քանի հազար դոլար վճարվեր զուտ թռիչքի համար: Քանի որ Երեւանի եւ Ցյուրիխի միջեւ կանոնավոր չվերթներ այս պահին չկան, տրամաբանական կլիներ վճարովի տարբերակ ընտրելու դեպքում դեպի Շվեյցարիա տարանցիկ (տրանզիտ, Երեւանից դեպի եվրոպական որեւէ հաբ, այնտեղից էլ՝ Ցյուրիխ) չվերթի տոմսեր պատվիրել:
Դժվար է նաեւ հավատալ, որ վարչապետի պատվիրակությունից ինչ-որ մեկն իր գրպանից վճարել է մի քանի հազար դոլար: Ըստ էության, մնում է որեւէ երրորդ անձի կողմից իր օդանավը Կարեն Կարապետյանին տրամադրելու տարբերակը, սակայն այս դեպքում էթիկայի եւ շահերի բախման խնդիր է ծագում, քանի որ խոսքը պաշտոնյայի՝ երկրի երրորդ դեմքի մասին է:
Տիգրան Իզմիրլյանն ու Սամվել Կարապետյանը
Համացանցում առկա ինֆորմացիայի համաձայն՝ «G650»-ի սեփականատեր է շվեյցարահայ հայտնի գործարար ու բարերար Տիգրան Իզմիրլյանը: Նրա օդանավը տնօրինում է «ExecuJet» ընկերությունը, որը հայտնի է հատկապես ոչ կանոնավոր (չարտեր) թռիչքների կազմակերպմամբ: Ընկերությունը բազմաթիվ մասնաճյուղեր ունի տարբեր աշխարհամասերում, սակայն գլխամասը Ցյուրիխի օդանավակայանում է: «ExecuJet»-ը շահագործում է մասնավոր սեփականատերերի, կոմերցիոն ու պետական հիմնարկների պատկանող ավելի քան 250 օդանավ:
Տիգրան Իզմիրլյանի ինքնաթիռը արտադրվել է 2014-ին, նախատեսված է 14 հոգու համար, ըստ լուրերի՝ արժե 75 մլն դոլար:
Այն գրանցված է Շվեյցարիայում որպես HB-IVJ, բայց, որոշ տեղեկություններով, բազավորվում է Բահամների մայրաքաղաք Նասաուի օդանավակայանում (Տ. Իզմիրլյանի որդին՝ Սարգիսը, ով նույնպես գործարար է, ըստ լուրերի, Բահամների քաղաքացի է եւ ապրում է Նասաուում):
Այդուհանդերձ, Տ. Իզմիրլյանի օդանավի սրահի ձեւավորումը (վերեւի լուսանկարում) տարբերվում է Կ. Կարապետյանին տեղափոխածից (եթե ընդունենք, որ հայ գործարարի օդանավում հետագայում ձեւափոխում չի կատարվել):
Մի փոքր շեղվելով բուն թեմայից՝ նշենք, որ, համացանցային աղբյուրի տվյալներով, Տ. Իզմիրլյանը նաեւ հոլանդական «Heesen Yachts» ընկերության 2005 թ. արտադրության մոտորանավ ունի («3700 Aluminium» մոդելի), որը գնահատվում է 1 մլրդ դոլար: Նավի երկարությունը 36,8 մետր է, անունն էլ՝ «Totally Nuts», ստացել է Իզմիրլյանների գետնանուշի բիզնեսից: Այս շքեղ զբոսանավը լողում է Բահամների դրոշի ներքո:
Հայ մեծահարուստներից Սամվել Կարապետյանը նույնպես օդանավ ունի: 2015-ի փետրվարին «Forbes» ամսագրի ռուսական տարբերակը հարցազրույց էր հրապարակել գործարարի հետ, ով պատմել էր այդ մասին. «Ես զբոսանավ կամ հազվագյուտ կտավներ չունեմ: Իհարկե, ինձ դուր է գալիս շքեղությունը, բայց ես երբեք դրանից չեմ կառչել եւ կուռք չեմ դարձնում: Ամեն ինչ պարզ է. ինքնաթիռը հավանում եմ՝ գնում եմ: Բայց ոչ նրա համար, որ ասեմ, թե ունեմ: Գլխավորն այլ է, ինչն ավելի շատ է ինձ ոգեշնչում. ես զբաղվում եմ իմ գործով»: Նույն տարվա ապրիլին, երբ նշվելու էր Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը, ՔԱԳՎ մամլո խոսնակ Ռուբեն Գրդզելյանը «Հայկական ժամանակին» հայտնել էր, որ Էդուարդո Էռնեկյանն ու Սամվել Կարապետյանը Երեւան են ժամանելու իրենց ինքնաթիռներով:
Հետաքրքիր է, որ Ս. Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Զառա Աճեմյանը «Ազատության» հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել տեղեկությունը, թե գործարարի օդանավն է վարչապետին հասցրել Շվեյցարիա: Այլ կերպ ասած՝ չի հերքել: Ընդ որում՝ երկու Կարապետյանները ոչ միայն ընկերական հարաբերությունների մեջ են, այլեւ վարչապետը գործարարի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքի քավորն է: Այս ֆոնին դիպուկ է «ՀԺ»-ի արած համեմատությունը վարչապետին տեղափոխած օդանավի ու եւս մեկի (ենթադրաբար, Սամվել Կարապետյանին պատկանող) սրահի միջեւ, որում գործարարի թոռնիկն է պատկերված:
Ավիաֆորումներից մեկում կարծիք է հնչել, որ Ս. Կարապետյանը, թերեւս, ֆրանսիական «Falcon» օդանավ ունի, սակայն դրա սրահի ձեւավորումն ու լուսամուտների ոճը տարբերվում է նրանից, որով թռել է վարչապետ Կարապետյանը: Մնում է եզրակացնել, որ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը Դավոս է մեկնել Սամվել Կարապետյանի «Gulfstream G650» օդանավով:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել