
Հաշմանդամ ազատամարտիկին 17 տարվա աշխատանքից հետո ազատել են
Արցախյան պատերազմի վետերան Սեդրակ Հովսեփյանը՝ Սեթոն, փորձում է հասկանալ, թե Նոր Նորքի հարկային տեսչությունում 17 տարվա աշխատանքից հետո ինչու են իրեն ազատել: Սեթոն հաշմանդամ է, բայց այդ մասին մեր զրույցում հիմնականում չի խոսում: Ասում է, որ դա կապ չունի, լավ աշխատող է եղել:
1990 թվականին կամավորագրվել է Հատուկ գնդում: Նույն տարում ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (այն ժամանակ՝ ժողինստիտուտ): Ասում է, որ բուհն ավարտել է պատերազմից հետո: 1992 թվականին Կարոտ Մկրտչյանի ջոկատում է եղել: «Ջամբազում էինք, Չալյան Սերգեյը կանչեց, ասաց՝ դու բանակում տանկիստ ես եղել, արի տանկը վերցրու, աշխատեցրու: Նշանառու եմ եղել»,- պատմում է Սեթոն, հետո լռում է, ես էլ եմ լռում, քիչ անց ավելացնում է. «Կարոտը, Ղևոնդյան Պետոն, Կրպեյան Թաթուլը, Աբրահամյան Ջիվանը... մարտական ընկերներ էինք: Պետոն ու Կարոտը մանկության ընկերներն էին, Կարոտն ասում էր՝ հիշեք, եթե ես չլինեմ, Պետոն կլինի ձեր հրամանատարը: Տղերքը Կարոտին շատ էին հարգում, սիրում: Պետոն եթե պոստերում չէր լինում, ամբողջ օրը ձեռքին գիրք էր լինում, հետախուզության մասին էր կարդում»:
1992-ի հունիսին 13-ին Շահումյանում Սեթոն հրազենային ծանր վիրավորում է ստանում գլխի շրջանում: «Դա Շահումյանի վերջին օրն էր»,- նշում է նա: Վիրավորումից հետո մեկ տարի բուժվել է Երևանում, որից հետո վերադարձել է Ղարաբաղ, բայց արդեն որպես կապավոր:
Մինչ օրս Սեթոն 5 անգամ գլխի վիրահատություն է տարել, նրա ձախ ոտքն ու ձեռքը պարալիզացվել են: Մարտական ընկերներից մեկն ասում է՝ հրաշք էր, որ ողջ է մնացել: Բայց Սեթոն չի ուզում լսել այդ մասին: Կրկնում է, որ ինքն աշխատունակ է, հաշմանդամությունը պատճառ չի կարող դառնալ չաշխատելուն: 1996-99 թթ.-ին աշխատել է պահեստապետ-բրիգադիր, իսկ 2000 թվականից Նոր Նորքի հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման բաժնում ավագ հարկային տեսուչ է եղել: Այդտեղ աշխատել է 17 տարի:
Ինչո՞ւ են ազատել աշխատանքից
Անցյալ տարվա մարտ-ապրիլին տեսչության աշխատակիցները ՊԵԿ-ից ծանուցում են ստացել, ըստ որի՝ 3 ամիս հետո կարող են տեղափոխվել այլ բաժին կամ ազատվել: Երկրորդ խմբի մեջ եղել է նաև Սեթոն: Ազատման մասին որևէ ծանուցում չի ստացել, ասում է՝ այլ բաժին ընդունվողների մեջ իր անունը չկար: Նշում է, թե մտքով չէր էլ անցնում, որ ազատվողների ցանկում է լինելու, չնայած մինչ այդ բաժնում անձնական տրամադրվածություն զգում էր իր հանդեպ:
Ազատման լուրը ստանալուց հետո դիմել է Երկրապահների կամավորական միություն (ԵԿՄ), որտեղից գրություն են ուղարկել ՊԵԿ՝ խնդրելով աջակցել ազատամարտիկին: Դրանից երկու օր անց, ըստ Սեթոյի, ՊԵԿ-ից կանչել են: «Վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանն էր, խոսեցինք, ասաց՝ համբերի, կտեղավորենք աշխատանքի: Հետո օգոստոսին նորից կանչեց, ասաց՝ նախարարությունում նոր բաժին են բացել, 5 հոգու կանչեց, մենակ ես չէի: Ասաց՝ մոտեցեք բաժնի պետին, եթե ինքը հանկարծ ձեզ չընդունի, Դուք իմ տրամադրության տակ կլինեք: Հասկացա, որ մի տեղ կարող ա տեղավորի: Բայց Մաշադյանն ուրիշ վարչության պետ դարձավ»,- նշում է վիրավոր ազատամարտիկը:
Դրանից հետո խոստումների շղթան երկարել է, բայց առանց որոշակի արդյունքի: Սեթոյի մարտական ընկերները դիմել են ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին: Դրանից հետո, ըստ Սեթոյի, իրեն կանչել է Երևանի գազի գրասենյակի տնօրեն Գառնիկ Մովսիսյանը՝ ասելով, որ եթե «պարոն Հարությունյանն իմանար քո գործի մասին, էսպիսի բան չէր լինի, ուղղակի չի իմացել»: Այդտեղ Սեթոյին առաջարկել են ինժեների աշխատանք: «Ոտքով պիտի ման գայի, ցուցմունքները վերցնեի, բայց ֆիզիկապես չէի կարող, ինձ գրասենյակային գործ է պետք, 17 տարի գրասենյակային գործ եմ արել, ասաց՝ Սեդրակ, հասկացա, թե քեզ ինչ գործ է պետք, սպասի էս երկու օրը պարոն Հարությունյանին կզեկուցեմ, քեզ կասեմ»,- պատմում է զրուցակիցս:
«Հիմա դեռ մտածում եմ, որ հարկայինում զրպարտել են ինձ, ասել են, թե բացակայություններս շատ են, բայց ամսվա մեջ ես 3 օր բուժման եմ գնում և բյուլետեն եմ տանում, ՊԵԿ ղեկավարությունը տեղյակ է եղել այս մասին. ամեն ամիս երեք օր եմ ազատվում: Մի խելոք մարդ ասաց՝ կարող է տեղդ ծախել են, Սեթո ջան: Ինչ-որ մեկն ինձ զրպարտել է, վատ բնութագիր է տվել, թե անորակ աշխատող եմ եղել երևի, բայց իրականում նախարարներն էլ ճշտել են, որ լավ աշխատող եմ եղել»,- նշում է Սեթոն:
Մինչ օրս այդպես էլ աշխատանքի տեղավորման լուր չի ստացել: Սեթոն երեք երեխա ունի՝ 12, 10 և 7 տարեկան (երկու որդի և մեկ դուստր): 6 ամսից ավելի է՝ չի աշխատում (հարկայինում աշխատավարձը առավելագույնը 150 հազար դրամ էր): Ասում է, թե չգիտի ինչ անի ու չգիտի՝ ճի՞շտ է, որ հրապարակային է խոսում այս ամենի մասին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել