HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհվածների եղեւնիները զարդարում են պաշտոնյայի առանձնատունը

Լուսինե Բուդաղյան

Լուսանկարում պատկերված պարսպի հետեւի եղեւնիները տնկվել են խորհրդային տարիներին՝ Հայրենական Մեծ պատերազմում զոհված պտղնեցիների հիշատակին:

 Այժմ ծառերը ոչինչ չեն խորհրդանշում եւ զարդարում են Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Անատոլի Ավագյանի՝ Պտղնիում գտվող ամառանոցը: 

 Պտղնին Երեւանից 2 կմ հեռավորությամբ գտնվող գյուղ է, որտեղ հիմնականում կառուցված են ամառանոցներ: Պտղնիի՝ հայրենական պատերազմում 41 զոհվածների հիշատակը հավերժացնում է միայն երկար տարիների ընթացքում արեւից ու անձրեւներից վնասված հուշարձանը, որին շրջապատում են աղբակույտերը եւ դրանց մեջ վխտացող առնետները: Հուշարձանի տարածքում շրջելիս պտղնեցի 75-ամյա Իլյա Պողոսյանը մեզ պատմեց, որ պատերազմից հետո գյուղի յուրաքանչյուր զոհվածի հիշատակին համագյուղացիները մեկական եղեւնի են տնկել: Զոհվածների թվում էր նաեւ Իլյայի ավագ եղբայրը, որի անունով տնկված եղեւնին, ինչպես եւ մնացածները, այժմ «Տոլիկի» (նկատի ունի Անատոլի Ավագյանին- Լ. Բ.) առանձնատունն են զարդարում:

Պտղնեցիները պատմում են, որ գյուղապետ Առաքել Վիրաբյանի «դաբրոյով» ժամանակին «Տոլիկը եղեւնիների հետ միասին հուշարձանի ողջ տարածքն է սեփականաշնորհել, եւ զավթած տարածքի մի մասից հրաժարվել է միայն այն ժամանակ, երբ զոհվածների հարազատները գյուղապետի որոշման դեմ ըմբոստացել են»: Պտղնեցիների բողոքներին ի պատասխան՝ գյուղապետ Ա. Վիրաբյանն ասել է, որ հուշարձանի համար հողհատկացում չկա եւ, հետեւաբար, տարածքն անտեր է: Այժմ էլ տարածքն իսկապես անտերության է մատնված, պուրակը չի ոռոգվում, դեպի հուշարձան տանող բետոնե աստիճանները քայքայված են, իսկ շուրջբոլորը՝ չորացած փշեր ու տատասկներ են: Գյուղի հուշատեղիի նկատմամբ ղեկավարության անուշադրությունը, պտղնեցիների համոզմամբ, միայն մի պատճառ ունի. «Միտումնավոր տեր չեն կանգնում եւ անտերության են մատնել, որպեսզի հետագայում այդ վայրն էլ կառուցապատեն»: 

 Գյուղացիների մեկնաբանությունները միանգամայն տրամաբանական են, քանի որ, դատելով Պտղնիում հուշարձանի տարածքի զբաղեցրած դիրքից, կարելի է ասել, որ վայրը շատ նպատակահարմար է տուն կամ ամառանոց կառուցելու համար: Իլյա Պողոսյանի ներկայացմամբ, հուշարձանի տարածքը միակ հանրային սեփականությունը չէ, որ հարկադիր կատարման ծառայության պետ Անատոլի Ավագյանը գյուղացիներից խլել է. «5-6 տարի առաջ Տոլիկը ինձ խնդրեց թույլ տալ իր ռեստորանի մոտի աղբյուրի ու նրան կից ջրավազանի տարածքը բարեկարգել, ծաղկապատել: Աղբյուրը 1966 թվականին իմ եւ համագյուղացիներիս ուժերով է հիմնադրվել, եւ գյուղի 7-8 ընտանիքի տնամերձ հողամասերն այդ ջրավազանից էին ոռոգվում: Համաձայնեցի: Չանցած մի քանի ամիս, Տոլիկը աղբյուրը փակեց, ակունքը վերացրեց, ջրավազանն էլ թաղեց հողի տակ՝ զրկելով մեզ ջրից: Աչքիս առաջ այգիս չորանում է, իսկ գյուղապետը հավատացնում է, որ ամեն ինչ օրենքով է: Էդ ո՞ր օրենքում է գրված, որ հանրային աղբյուրը կարելի է սեփականաշնորհել»: Գյուղի աղբյուրն ու ջրավազանը վերականգնելու պահանջով Ի. Պողոսյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազություն: Վերջինս մատնանշել է մարզի առաջին ատյանի դատարանի հասցեն: 

 Նախկինում Ա. Ավագյանին պատկանող ռեստորանն այժմ նոր սեփականատեր ունի: Ի. Պողոսյանի խոսքերով՝ «Նա չի կարող ոչինչ անել, քանի որ ռեստորանը գնելիս չի իմացել, որ այդ տարածքում աղբյուր կա թաղված»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter