HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Լևոն Արոնյանը շարունակում է նահանջել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքում հրապարակվել է շախմատիստների դասակարգման թարմացված աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, նախորդ ամսվա համեմատ, նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ 2797 վարկանիշային միավորով: Աղյուսակի անփոփոխ առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, ով հաղթելով «Tata Steel Masters-2018» սուպերմրցաշարում, էլ ավելի է բարելավել իր անհատականա վարկանիշը՝ հասցնելով 2843-ի:

Դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնական է բարձրացել Շաքրիար Մամեդյարովը, ով թարմացրել է նախորդ ամիս գրանցած անհատական ռեկորդը: Փետրվար ամսվա դրությամբ՝ ադրբեջանցի շախմատիստը իր հաշվին ունի 2814 վարկանիշային միավոր: Հունվար ամսին 2-րդ հորիզոնականում գտնվող ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարունան այժմ նահանջել է 7-րդ հորիզոնական՝ 2784 միավորով:

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում են հայտնվել նաև ռուս Վլադիմիր Կրամնիկը (2800), ամերիկացի Ուեսլի Սոն (2799), ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2793), ամերիկացի Հիկարու Նակամուրան (2781), հնդիկ Վիշվանաթան Անանդը (2779) և հոլանդացի Անիշ Գիրին (2777): Վերջին երկուսը անցած ամիս դուրս էին մնացել լավագույն տասնյակից, սակայն հիմա լավագույնների շարքում փոխարինել են Պյոտր Սվիդլերին և Դին Լիրենին:

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին հարյուրյակում, բացի Լևոն Արոնյանից, կա Հայաստանը ներկայացնող ևս 2 շախմատիստ: Ի տարբերություն անցած ամսվա նրանց թիվը մեկով նվազել է: Հունվարին 97-րդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Մելքումյանը դուրս է մնացել լավագույն հարյուրյակից: Գաբրիել Սարգսյանը (2677) պահպապանել է դիրքը 67-րդ հորիզոնականում, իսկ Վլադիմիր Հակոբյանը (2667) փոքրիկ առաջընթաց է գրանցել՝ 77-րդից բարձրանալով 76-րդ հորիզոնական:

Կին շախմատիստների վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայացված է երկու գրոսմայստերներով: Էլինա Դանիելյանը 2413 միավորով 54-րդից բարձրացել է 52-րդ հորիզոնական, իսկ Լիլիթ Մկրտչյանը իր անհատական վարկանիշային միավորները հասցրել է 2392-ի և նախորդ աղյուսակի 87-րդ հորիզոնականի փոխարեն այս անգամ հայտնվել է 70-րդում: Շախմատիստուհիների դասակարգման աղյուսակը գլխավորում է չինացի Հու Յիֆանը (2654):

լուսանկարը՝ John Saunders / www.gibchess.com