
Մեծաձոր եզդիաբնակ համայնքի լուծարված դպրոցի երկու աշակերտի ուսման հարցը կապահովվի
Լրացված․ 02.10.2018
Փետրվարի իննից կանոնավոր սկսվել է իրականացվել 2 աշակերտների՝ Ներքին Բազմաբերդ համայնքի դպրոց ավտոմեքենայով տեղափոխման հարցը։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը։
Արագածոտնի մարզի Մեծաձոր եզդիաբնակ համայնքի լուծարված դպրոցի երկու աշակերտի՝ այլ գյուղ ավտոմեքենայով տեղափոխման հարցը կլուծի մարզպետարանը։
Այս մասին «Հետք»-ին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը։ Հիշեցնենք, որ Կառավարության հունվարի 25-ի նիստում որոշում էր կայացվել դպրոցը լուծարել, քանի որ դպրոցում երկու երեխա է ուսանում, գործադիրի հիմնավորմամբ՝ այդպես կտնտեսվի 13 միլիոն դրամ։
«Մամուլում բարձրացված հարցն անհանգստացնող է եղել, և ես մտահոգված լինելով, փորձել եմ հասկանալ խնդրի էությունը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է երեխայի՝ կրթություն ստանալու իրավունքի իրացմանն ու ապահովմանը: Հարցն անձամբ քննարկել եմ Արագածոտնի մարզպետի հետ, որի ընթացքում վերջինս էլ է կիսել մեր մտահոգությունը՝ միաժամանակ հայտնելով, որ ամբողջ դպրոցում տարբեր դասարաններում ընդամենը 2 աշակերտի պայմաններում որևէ կերպ հնարավոր չի եղել կազմակերպել դասապրոցեսների բնականոն ընթացքը»,- ասաց պատգամավորը։
Մախմուդյանի խոսքով՝ մարզպետի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի Մեծաձոր համայնքին մոտ գտնվող Ներքին Բազմաբերդ համայնքի միջնակարգ դպրոցում էլ երկու աշակերտները շարունակեն իրենց ուսումը։
«Դպրոցին ամրակցվելու է մարդատար ավտոմեքենա, որը կլուծի նշված երկու աշակերտի կրթություն ստանալու իրավունքի իրացման հարցը՝ աշակերտներին ամեն օր դպրոց տանելու և բերելու եղանակով»,-ասաց նա։
Մեկնաբանել