HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկական Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոն (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը: 

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ իր ակտիվ և արդյունավետ գործունեությամբ նա կնպաստի Հայաստանի և Մեքսիկայի միջև համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ հակառակ երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը մեծապես հետաքրքրված է Մեքսիկայի հետ բարեկամական կապերի սերտացմամբ և համագործակցության ընդլայնմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Նախագահը նկատել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 26 տարիների ընթացքում միջպետական հարաբերություններում առկա մեծ ներուժը լիարժեք չի օգտագործվել: Այդուհանդերձ, ըստ հանրապետության նախագահի, վերջին տարիներին հայ-մեքսիկական հարաբերություններում արձանագրված որոշակի ակտիվությունը հուսադրող է:

Դեսպան Մորենոն շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և նշել, որ մտադրված է ակտիվ աշխատել ու զարգացնել երկու երկրների հարաբերությունները ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային, կրթական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանին և Մեքսիկային միավորում են ընդհանուր բազմաթիվ սկզբունքներ ու արժեքներ, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարության զարգացումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային կառույցներում հայ-մեքսիկական համագործակցությանը: 

Զրուցակիցները երկուստեք կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու ամրապնդումը, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ վերջին տարիներին նկատելի առաջընթացը:

Հանրապետության նախագահը և Մեքսիկայի դեսպանը երկկողմ հարաբերություններում կարևորել են Մեքսիկայի հայ համայնքի դերը, որը, ըստ նրանց, թեպետ այնքան էլ մեծաթիվ չէ, սակայն իր ուրույն տեղն ունի երկկողմ կապերի ամրապնդման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter