HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պավել Մանուկյան. «Հայաստանում ամեն օր ապրիլի 24 է»

Այսօր երկու տարվա դադարից հետո Շենգավիթի դատարանի շենքում հանդիպեցին Ժիրայր Սեֆիլյանն ու Պավել Մանուկյանը։

Մինչ այդ, թեև Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը հեռացված էին դատական նիստերից, այդուհանդերձ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը նրանց նիստին մասնակից դարձնելու մասին։

Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը հրավիրվել էին դատարան որպես զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով վկաներ։ Պավել Մանուկյանը հայտարարեց, որ կպատասխանի պաշտպանների հարցերին։ Հարցերի պատասխաններում անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանին՝ որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարին ու անվանելով նրան «անվեհեր հրամանատար»։ «Շաբաթներ անգամ չի բավեր Ժիրայրի մասին խոսելուս համար։ Նա իր բերանը մի կտոր հաց չի դրել, մինչև իր զինվորը հաց չի կերել»։ Դիմելով դատարանին ու դատավարության մասնակիցներին ասաց․«Ձեզ համար մեծ պատիվ է Սեֆիլյանին տեսնելը»։

Ըստ Պավել Մանուկյանի` մեղադրանքը շինծու է, սարքովի. «Դուք էս ինչի՞ մեջ եք մեղադրում էս մարդուն»։

Պավել Մանուկյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմից հետո 800 հեկտարի կորստի մասին բարձրաձայնումից հետո «պիտի պիտակավորեին Ժիրայր Սեֆիլյանին սև ու ստոր պիտակներով»։

Հեռուստաաշտարակի գրավման փորձի մասին մեղադրանքի առնչությամբ, Հիմնադիր խորհրդարանի անդամն ասաց․ «Հեռուստաաշտարակում ինչ կա՞ գրավելու, Սաշիկը գրավել պրծել ա, կամ Սաշիկն ա կամ Միշիկը»։

Պավել Մանուկյանը, պատասխանելով պաշտպանների հարցերին, ասաց, որ իրենց «նպատակը տապալված սահմանադրական կարգը վերականգնելն է եղել, քանի որ այս իշխանությունները ֆիզիկապես, բարոյապես, նյութապես տանում են մեր ազգը կործանման։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում արդեն շուրջ երկու տասնամյակ, ցեղասպանություն է։ Ընտրություններով իշխանափոխություն, նույնն է, թե ոտքով գնաս լուսին, գաս։ Այլընտրանք չեն թողել։ Բնականաբար մենք ամեն ինչ անելու ենք մեր ժողովրդի սահմանադրական իրավունքը վերականգնելու համար։ Իսկ ապստամբելու իրավունքը մերն է»։

Մեղադրողի հարցին, թե հանրային հարթակներում ինչու էր հնչում, որ հենց ապրիլի 24-ին պետք է սկսել անհնզանդություն, Պավել Մանուկյանը պատասխանեց՝ Հայաստանում ամեն օր ապրիլի 24 է, ցեղասպանություն։

Այսօր դատարանը պետք է լսեր նաև Վարուժան Ավետիսյանին, սակայն նրա՝ նստած դիմելաձևը դատավորը դիտարկեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ, նախ կիրառեց նախազգուշացում, ապա` հեռացում, թեև Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը շեշտեց, որ իր պաշտպանյալը պատրաստ է և ցանկանում է հարցերին պատասխանել:

Մինչ դատական սանկցիայի կիրառումը` Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ «Հայաստանում դատարան չկա, դա ռեժիմի գործիք է, կպատասխանեմ նստած տեղից։ Ես պարտավոր եմ լինել ՀՀ քաղաքացի, ես ապստամբել եմ, զինված ապսամբություն եմ իրականացրել»։

Տիգրան Եգորյանը միջնորդեց վերանայել դիրքորոշումը ու դատարան կանչել Վարուժան Ավետիսյանին՝ հիմնավորելով, որ, օրինակ, Գևորգ Սաֆարյանին նույն դատավորը թույլատրել է նստած տալ ցուցմունք։ Սակայն մեղադրողներն առարկեցին։ Դատարանը չվերանայեց իր դիրքորոշումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter