
Մոխրաթաղցի չրագործ Արան տարկետումից հրաժարվել է և մեկնել ծառայության
Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ Արայի քաշը 43 կիլոգրամ է, իսկ զորակոչվելու համար նվազագույնը պետք է լինի 45 կիլոգրամ: Նրան տարկետում է տրվել, սակայն Արան չի ցանկացել հետաձգել ծառայությունը.
«Պաշտպանության նախարարի անունով նամակ գրեցի՝ խնդրելով թույլատրել ինձ զորակոչվել բանակ: Չէի ցանկանում հետ ընկնել: Դիմումս չմերժվեց, և հիմա այստեղ եմ: Ինձ շատ առողջ եմ զգում: Տանն էլ ինձ համար սպորտով էի զբաղվում: Էնպես որ ամեն ինչ նորմալ է»,- ասում է նորակոչիկը:
18-ամյա Արան Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից է: Հունվարի 31-ին՝ ձմեռային զորակոչի վերջին օրը, Արցախի զինվորական հավաքակայանում է: Զինծառայության ժամանակն է:
«Տխրելու ոչ մի առիթ չունեմ: Արցախցու համար բանակը յուրահատուկ տեղ է գրավում իր կյանքում: Երբեմն թվում է, թե արցախցին հենց բանակում է ծնվում»,- ասում է Արան:
Նորակոչիկը պատմում է, որ աշխատել է Մարտակերտի չրի արտադրամասում.
«Մեր գյուղը Մարտակերտից 5 կիլոմետր հեռու է: Քաղաք էի գնում եղբորս հետ: Նա էլ պայմանագրային զինծառայող է: Չէի դժգոհում գործից: Պարապ մնալուց ավելի լավ էր»,- ժպտալով՝ ասում է Արան:
Աշխատանքի հետ մեկտեղ սովորել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում՝ «նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությամբ, որի ընտրությունը պայմանավորված է հետագայում զինծառայությունը շարունակելու մտադրությամբ: Ասում է, որ ցանկանում է սպա դառնալ:
Մեր զրույցից րոպեներ անց սկսվեց վիճակահանությունը: Արդյունքում, Արան ծառայելու է այն զորամասում, որտեղ իր ժամկետային զինծառայությունն է անցել նրա ավագ եղբայրը՝ Շահենը, ով այս ընթացքում ուղեկցում էր եղբորը:
Վիճակահանությունից հետո ուղևորվեցինք զորամաս: Այնտեղ Արային և մյուս տղաներին դիմավորեցին ուսումնական գումարտակի սպաները, ծանոթացրին զորանոցի տարածքին, ցույց տվեցին նրանց մահճակալները: Այնուհետև սկսվեցին նորակոչիկի հետ առաջին աշխատանքները՝ սկսած հագուստի համարակալումից մինչև ԱՀՏԱ սպայի հետ զրույց:
Արան սկզբում մի փոքր ընկճված էր թվում, սակայն հետո ասաց, որ ամեն ինչ կարգին է.
«Մինչև զորամաս հասնելը ոնց որ թե չէի պատկերացնում, թե ինչ վիճակում եմ լինելու: Դարպասներից ներս մտնելն ու հետո հակառակ ուղղությամբ նայելը դժվար էր: Բայց ընդհանուր լավ եմ զգում: Աստիճանաբար կհարմարվեմ զինվորական կյանքին: Ամեն ինչ միանգամից չի լինում»,- ասում է Արան:
Զորանոցից դուրս գալիս նկատեցինք գումարտակի միջանցքում մեկ գծով նստած ավելի վաղ ժամանած նորակոչիկներին: Բոլորի ձեռքերին գրքույկներ կային: Մեկը Աստվածաշունչ էր կարդում, մյուսը՝ Արցախի օրհներգը, իսկ ոմանք էլ արդեն սկսել էին ծանոթանալ իրենց զինվորական պարտականություններին: Բոլորը լուռ էին: Դրսից լսվում էր միայն շարային պատրաստության պարապմունք անցկացնող սերժանտի հրամանները:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել