HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Մտնում ենք քաղաքական անկայունության և փոխակերպումների ժամանակաշրջան

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանը չի դառնա ԱՄՆ բարեկամ այնքան ժամանակ, մինչև որ կպահպանի այն արժեքային համակարգը, որն այսօր ունի: Դրանից հետո նա խոսել է Ուկրաինայի, Սիրիայի, Իրանի խնդիրների մասին: Այլ առիթներով ԱՄՆ ներկայացուցիչները նշում են նաև Հյուսիսային Կորեայի և Աֆղանստանի խնդիրները՝ որպես իրենց արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերներ: Մյուս խնդիրը, որով անհանգստացած է Միացյալ Նահանգները, դա Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումն է:

Ակնհայտ է, որ ԱՄՆ հիմնական դժգոհությունները վերաբերում են Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը: Նիկկի Հեյլին ավելացրել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին ընկեր չէ՝ անկախ նրանից, որ կան ոլորտներ, որտեղ, այնուամենայնիվ, նրանք համագործակցում են և կշարունակեն այդ համագործակցությունը:

ԱՄՆ-ն Ռուսաստանից լուրջ զիջումներ է սպասում, և այդ զիջումները վերաբերում են նաև մեր տարածաշրջանի երկրների` Իրանի, Թուրքիայի, Սիրիայի հարցերում Ռուսաստանի վարած քաղաքականությանը: Հասկանալի է, որ Հարավային Կովկասի երկրների պետականության պահպանման ճակատագիրը պայմանավորված է Ռուսաստանի, Իրանի  և Թուրքիայի միջև ստեղծված աշխարհաքաղաքական բալանսով: Մյուս կողմից մեր հարևան այդ երեք խոշոր երկրների ազգային անտանգության համար ստեղծված բալանսի խախտումը նույնպես կարող է վճռորոշ լինել երկարատև ժամանակահատվածի կտրվածքում:

Այս կոնտեքստում ԱՄՆ գերակտիվությունը մեր տարածաշրջանում մեզ չի կարող անտարբեր թողնել:

Ինչ նոր կարգ է փորձում ձևավորել Միացյալ Նահանգները աշխարհում և մասնավորապես մեր տարածաշրջաում դեռևս անհասկանալի է, սակայն, իհարկե, այդ առումով կան հետաքրքիր կանխատեսումներ:

Այս հոդվածում մեզ հետաքրքրում է, թե այդ աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաները ինչպիսի ներքաղաքական փոփոխությունների են կարող հանգեցնել մասնավորապես Հայաստանում, որի ճահճացած և հանրության կողմից անընդունելի քաղաքական իրականությունը սկսում է դառնալ անկանխատեսելի, իսկ ընթացող կառավարման համակարգի տրանսֆորմացիայի պարագայում` անկայուն:

Մինչ անդրադառնալը ԱՄՆ «կրեմլյան ցուցակ»-ին  և դրա հնարավոր ազդեցությանը Հայաստանի իշխանության կառուցվածի տրանսֆորմացիաների վրա, փորձենք հասկանալ դրա տրամաբանությունը:

Երկրի առանցքային պաշտոններում Սերժ Սարգսյանը նշանակում է «վերկուսակցական» անձերի, չնայած նրան, որ Հայստանում պառլամենտական կառավարման մոդել է ներդրվում և հիմնական դերակատարությունը պետք է որ կուսակցությունները կատարեին: Ըստ մամուլի հրապարակումների՝ և՛ ԱԺ նախագահը, և՛ ՀՀ նախագահի թեկնածուն հանդիսանում են Սերժ Սարգսյանի բիզնես գործընկերները և ընտանիքի բարեկամները: Անկախ այդ հրապարակումների հավաստիությունից, հստակ է, որ նրանք տարբեր տրամաչափերի բիզնես գործարարներ են: Արմեն Սարգսյանի դեպքում գործ ունենք խոշոր միջազգային գործարքների միջնորդի և խորհրդատուի հետ, ինչը հենց ինքն է ասել «Շանթ» հեռուստաընկերությանը իր տված հարցազրույցում և ցանկություն է հայտնել իր այդ փորձը ծառայեցնել հայրենիքին: Իսկ ուժային կառույցների ղեկավարներ են նշանակվում Սերժ Սարգսյանի աշխատակազմով «անցած» կադրերը: Այստեղ խոստացված կուսակցաշինության դրսևորումներ դժվար է որոնել:

Իշխանության մյուս «բիզնես» առանցքը Ռուսաստանի հայ գործարարներն են` Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, որոնց հետ հանդիպման և նրանց «կարծիքն» իմանալու համար Մոսկվա է մեկնել նախագահի թեկնածուն:

Երրորդ «բիզնես» առանցքը գտնվում է Հայաստանում, դա Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված տեղական «խոշոր բիզնեսի» ներկայացուցիչներն են, որոնք հանդիսանում են ԱԺ պաշտոնական ընդդիմությունը և գուցե ապագայում կվերածվեն «իսկական» ընդդիմության:

Ֆիքսենք, որ Հայաստանի քաղաքական կենտրոնները ձևավորվում են ֆինանսական հետաքրքրությունների շուրջ և այսօր դաշտում են մնացել խոշոր «կապիտալի» ակումբները: Կուսակցությունները՝ որպես քաղաքական համակարգի հիմք, ետին պլան են մղվել:

Մեկ բան ակնհայտ է, որ երկու տարի առաջ Սահմանադրության փոփոխություններ նախաձեռնելու մասին հայտարարության ժամանակ ՀՀԿ խոսնակը ասել էր, որ այսուհետ դեպի իշխանության տանող դուռը գտնվում է Մելիք Ադամյան փողոցում, ինչն արդեն իսկ կասկածի տակ է դնում հիշյալ նշանակումները: Հաշվի առնելով այն, որ ապագա վարչապետի նստավայրը ներկայիս նախագահի նստավայր տեղափոխելու դեպքում այդ դուռը շարունակելու է գտնվել Բաղրամյան 26 հասցեում:

Սակայն վերադառնանք «ռուսական» ցուցակին և աշխարհաքաղաքական զարգացումներին: Առնվազն 2003-ից սկսած ԱՄՆ հատուկ ծառայությունները SWIFT համակարգի միջոցով հավաքում են բոլոր միջազգային բանկային տրանսակցիաների տվյալները, նաև օֆշորային գործարքների ու դրանց տերերի մասին տվյալները (պատահական չի, որ օրերս «օֆշորների» մասին նոր օրենսդրական նախաձեռնություն է մտել Հայաստանի ԱԺ):

2000-ից ավել անձ է հայտնվել «կրեմլյան ցուցակում», այդ թվում նաև Կարեն Կարապետյանի «ներդրողների ռուսական ակումբի» անդամներ, որոնց հետ բանակցելու համար Մոսկվա է մեկնել Արմեն Սարգսյանը:

Հիշենք, որ դեռևս 1999-ին Վազգեն Սարգսյանի ու ԱՄՆ փոխնախագահի հանդիպման ժամանակ (որի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները կատարել է դարձյալ Արմեն Սարգսյանը (ըստ իր խոսքերի) հայկական կողմին է ներկայացվել Հայաստանի կոռուպցիոներների ցուցակը:

«Կրեմլյան ցուցակի» ազդեցությունն այնքան լուրջ է եղել Կրեմլի համար, որ դրա հրապարակումից օրեր առաջ ռուսական երեք գլխավոր հատուկ ծառայությունների ղեկավարները աննախադեպ այց են կատարեր Վաշինգտոն: Հնարավոր է, որ որոշ պայմանավորվածությունների արդյունքում այդ ցուցակի անդամների հանդեպ դեռևս որևէ սանկցիա չի կիրառվել:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը և ԵՄ ներկայացուցիչը համառորեն պնդում են, որ Հայաստանը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, և կարծես թե մոտենում է այն ժամանակը, որ այդ պայքարը պետք է կոնկրետ դրսևորումներ ստանա: Հայատանի իշխող քաղաքական վերնախավի (և ոչ միայն Հայաստանի) համար արդեն առաջնային է դառնում ոչ այնքան ֆինանսների կուտակումը, այլ արդեն կուտակածի ճակատագրի հարցը:

Ուղղակի հիշեցնենք, որ կոռուպցիան Հայաստանի իշխող համակարգի բովանդակությունն է, նրա յուրաքանչյուր անդամի կյանքի նպատակը, նաև իշխող բուրգի կայունության գրավականը և կառուցվածքի ճարտարապետությունը: Կարծես թե մենք մտնում ենք քաղաքական անկայունության և փոխակերպումների ժամանակաշրջան, որին Հայաստանի քաղաքացիները, համակեպվելով գոյություն ունեցող քաղաքական ու տնտեսական ճահճին, չեն հավատում:

Մեկնաբանություններ (1)

Հարցն այս է` ԱՐԺԱՆԻ ԷԻՆՔ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ?
Այստեղ համռոտ ներկայացված է մեր իրականության լուրջ պատկերը: Մեր վիճակն անհույս է թվում, կամ պիտի հրաշք կատարվի՝ այնքան խելոքանանք, որ ամեն մեկը հասկանա իր անպիտանության չափը, կամ այս երկիրը պիտի ցրել ու ցրվել ով ուր կարող է, կամ էլ ուրիշները պիտի գան մեզ ցրելու, կամ՝ տեղում վերջացնելու: Համոզված եմ, որ այս հոդվածն ավելի քիչ մարդ է կարդալու քան ասենք այն, որ դասատուն մեկի երեխայի մատներին խփել էր ---

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter