HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Դիլաքյան եղբայրներն են

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխվել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում Դիլաքյան եղբայրներն են։

Հովիկ եւ Գագիկ Դիլաքյանները՝ երրորդ տարածությունում (իրենք իրենց մասին)

Հովիկ- երեւի դժվար է մեզ իրարից առանձնացնելԳագոն հաճախ ասում է, որ երկուսս միասին մի «լավ մարդ» ենք, ու հիմա մեզ էնքան են էստեղ ասում՝ դուք ինչ լավ մարդ եք, դուք ինչ լավ մարդ եք, որ ես ու Գագոն իսկապես զարմանում ենք, թե ինչի պիտի վատը լինես… Գագոն ասում է՝ մեր բիզնես քարտի վրա գրենք «Dilakyan brothers- լավ մարդիկ» (ծիծաղում է)։

Գագիկ- պատմենք իրենց մասին, բայց ոչ առանձին։

Հովիկ- իրենք «լավ տղերք» են (բարձր ծիծաղում են), շարունակի՛, Գագ (դադար)։

Գիտե՞ս՝ երեւի այն յուրահատուկ դեպքերից է, երբ եղբայրները լավ ընկերներ կարող են լինել, ու երեւի ընկերությունն ավելի գերադաս է իրենց հարաբերություններում․ կողքից գուցե զարմանալի թվա, որ առավոտից գիշեր իրար հետ են։ Էնքան են իրար լիցքավորում, լրացնում իրար, որ շատերն իրենց որպես երկվորյակ էլ պատկերացնում են։

Գագիկի ընտանիքում հիմա երկվորյակներ կան՝ քսան տարեկան տղերք են, ու ես տարբերություն չեմ զգում իրենց միջեւ։ Իրենք առանձին չեն «ուտվում», ոնց որ մենք՝ հիմա։ Գագոն դեռ մենակ «կուտվի», ես առհասարակ չէ (ծիծաղում է)։

Գագիկ- Անուշ, հարց էիր տվել, թե իրենք ինչու «չվաստակեցին» «Գտնված երազի» ստեղծողների համբավը։ Կհավատա՞ս, որ իրենք չեն սիրում էդ «համբավ» կոչվածը։ Անկեղծ եմ ասում՝ իրենք չեն սիրումամեն առիթով ասում են, որ իրենց արածները պիտի «խոսեն» իրենց փոխարեն։

Դա իրենց շատ չի օգնում, իհարկե․․․ Տպավորություն է, որ արածը բավական չի, պետք է «բրդես» առաջ, բացատրես մարդկանց, թե ինչ ես արել․․․ Իրենք փորձում են անել այնպիսի բաներ, որոնք բացատրության կարիք չունեն։

Հովիկ- նկարիչներ կան չէ՞, որ կարող են իրենց նկարի կողքին կանգնել ու բացատրել՝ ինչի մասին է․․․

Գագիկ- բացի նկարը․․․ Ասենք՝ բա նկարի կապու՜յտը, կանա՜չը, որ հավերժություն է, դեղի՜նը, որ ազգի պատմությունն է (ծիծաղում են)։

Հովիկ- Հա էլի․․․ Ինքն իր պատմությունն է պատմում, իր կինոն ուզում է «կապել» քո ջանին, ու դու տանջվում ես, ուզում ես՝ իր ասածը փնտրես այդ նկարի մեջ։

Դրա համար իրենք ավելի պարզ են, ուզում են, որ բոլորին հասկանալի լեզվով խոսեն։

Մինչ Բալկոնում զրուցելն էլ նկատել եմ, որ հատուկ վերաբերմունք ունեք այս կամ այն հարցին։ Այդ հատուկ վերաբերմունքը դրսեւորվում է ցինիկ պատասխաններով եւ ժեստերով։

Գագիկ- ճիշտ ես նկատել․ այստեղ է սկսվել ցինիզմի այդ ալիքը՝ ավագ եղբորիցս։ Դու ինչի՞ ցինիկ դարձար, Հով (ծիծաղում է)։

Հովիկ- գիտե՞ս՝ երբ մարդկանց հետ ուղիղ ես, ցինիկ կարող ես ընկալվել։ Հրավիրում են, ասենք ինչ-որ ցուցահանդեսի, հետո հարցնում են՝ ոնց էր, ասում ես՝ վատ (ավելի կոշտ բառով)։ Չեմ ուզում ասել, որ «չհավան» ենք կամ խստապահանջ, բայց լավ ու վատի մեր ստանդարտներն ունենք։ Այստեղ՝ Հայաստանում մեր ճաշակին, մեր հումորին համարժեքը չենք գտնում։

Մի քանի օր առաջ ասացիք՝ Հայաստանում կանայք ավելի «զիլ» են։

Հովիկ- հա, դա ասեցինք, երբ կոնկրետ քո հումորն ու ցինիկությունը տեսանք։ Ու այդպիսի խելացի կանանց էլի ենք հանդիպել այստեղ։ Հայատանի կանանց հետ մեծ հույսեր ենք կապում՝ ուժեղ են, նպատակասլաց, բաց․․․ Շատերն են չէ՞ իրենց լուրջ պահում․ կերպարի «տակ» են մնացել։ Էնպես է, որ կոնկրետ տարիքի հասածները խարիսխը գցել ու «լռվել» են, ու, ըստ այդմ, ուզում են դու էլ քո տարիքին «համապատասխան» ապրես, վարքդ կանոնակարգես, իրենց նման լինես։

Գագիկ- ոնց որ կոնտրակտ լինի էլի․ պառավեցիր, ուրեմն «էսպես» պետք է ապրես, չշեղվես։

Համընդհանուր այդտեսակ «կոնտրակտներից» շեղվելը ինչ-որ իմաստով չի՞ դժվարեցնում կյանքը։

Հովիկ- հա՜, հեշտ չի։ Եթե քո ուզածով ես ապրում, պետք է հրաժարվելու պատրաստ էլ լինես, լիմիտավորես գործողություններդ, անես միայն այն, ինչ ինքդ ես ուզում։

Գագիկ- Մարդ կա, որ ձի է նկարում միայն, դրա վրա էլ ահագին փող է «սարքում», բայց մենք այդպիսի ներքին պահանջ չունենք․․․ Ու ոչ էլ կարող ենք նախանձել իրեն։

Հովիկ- ու մենք անցնում ենք եղջերուներին, չէ՞, Գագ (ծիծաղում են)։

(Գագիկի ակնոցը հանկարծ ընկնում է բալկոնից)

Գագիկ- երբեք չենք կենտրոնացել մի բանի վրա․ դա մեզ եւ խանգարել է, եւ օգնել։ Արվեստի բոլոր ճյուղերը կիրառելի են դարձել։

Հովիկ- քանի որ արվեստային կրթություն չունենք, ինքներս մեզ սովորեցրել ենք «թռնել» այստեղից այնտեղ, այս նյութից այն նյութին, ու դա շատ լուրջ էներգիայի աղբյուր է․ գիտես, որ չես ձանձրանա, չես սպառվի, չես հոգնի։

Երբ Հայաստանն անկախացավ, Ամերիկայում էիք․․․

Գագիկ- շատ մեծ ազդեցություն ունեցավ մեզ վրա։ Հիշում եմ՝ գնացինք Վաշինգտոն։

Հովիկ- երբեք կոնկրետ դեմոնստրատիվ գործողություն մինչ այդ չէինք արել այն դեպքում, երբ ապրում էինք դեմոնստրացիաների աշխարհում՝ Ամերկայում, Նյու Յորքում։

Գագիկ- մի քանի անգամ էլ  մասնակցեցինք ՌԴ դեսպանատան դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիաներին։ Ընդհանրապես այդ տարիներին շատ ծանր ապրումներ ունեինք՝ երկրաշարժը ցնցել էր մեզ։ Հետո անկախության համար մղվող շարժումը։

Բայց ընդհանուր առմամբ բողոքելը ձեզ բնորոշ չէ։

Հովիկ- մեր բողոքը կարող ենք արտահայտել նկարելով․․․

Գագիկ- բայց «against everything» (դեմ ամեն բանի) էլի մեր մասին է։ Քիչ առաջ ասում էինք, որ մեր պահանջները մեծ են․ երեւի հենց սա է հիմքում։ Այդպես ստացվեց մեր կյանքը։ Նույն կերպ ինքներս մեզ, մեր արածին ենք վերաբերում։

Դրսում ավելի են սրվում նման զգացողությունները։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանից ոչինչ «չի գալիս», որ հետաքրքիր կլիներ։ Ու, ստացվում է՝ միակ հայը, ում գիտեն այնտեղ, Քիմ Քարդաշյանն է։

Հովիկ- ոչ Սարոյանին գիտեն, ոչ նույնիսկ Շառլին․․․

Գագիկ- արտահայտություն ունենք՝ «Քիմ Քարդաշյանի հետույքը դարձել է Հայաստանի դեմքը»։ Արտահայտելիս ավելի կոպիտ բառեր ենք գործածում (ծիծաղում է)։

Հովիկ- Գագ, էդ բառով ասա ու պատասխանատվությունը գցիր ինձ վրա։

Գագիկ- եթե լուրջ, իրոք ցավալի է։ Երբ գալիս ես այստեղ, հասկանում ես պատճառները։ Այս փոքր հատվածում կատարվող ամեն բան հենց այս փոքր հատվածում էլ մնում է, խիստ լոկալ բաներ են տեղի ունենում։

Այս այցի նպատակը մի քիչ այլ էր․ եղանք տարբեր դպրոցներում, շփվեցինք էրեխեքի հետ, շատ մեծ էներգիա ստացանք, երիտասարդներից էլ «դուխավորվեցինք»։

Հովիկ- ուղղակի համամետում ես էլի քո ժամանակին ինչքան բան էր արգելված, ինչքան բան անհասանելի էր, բայց անընդհատ դրսի հետ փորձում էինք առնչություն ունենալ, իսկ հիմա, երբ բաց է ամեն սահման, դեգրադացիա է տիրում, ինչ արվում է մնում է այստեղի սահմաններում, այստեղի համար։

Բալկոնի զրուցակիցներիս միշտ հարցնում եմ իրենց ու Հայաստանի հարաբերության մասին։

Գագիկ- չենք մտածել դրա մասին, որ միանգամից պատասխանենք, բայց հետաքրքիր հարց է։ Միանգամից, եթե պատասխանեմ,  24 տարի հետո ամենագրավիչն ինձ համար մարդն է նորից, ամենամեծ կապն իր հետ եմ տեսնում։ Դե բնութունը, քաղաքը, Արարատը, որին երկուսս էլ հատուկ ենք վերաբերվում։

Հովիկ- ինձ համար լոլիկն է․․․(ծիծաղում է)։

Գագիկ- «էր», Հով, որովհետեւ հիմա դա էլ առաջվանը չի։

Իսկ Արարա՞տը։ Ի՞նչ հատուկ վերաբերմունքի մասին է խոսքը։

Գագիկ- գիտե՞ս՝ երբ փոքր էինք, քաղաքն էլ այսքան կեղտոտ չէր, մեր տան պատուհանից Մասիսը երեւում էր ու շատ գեղեցիկ էր։ Իհարկե, ծեծված, տանջված թեմա է․ինչի վրա ասես, որ չես տեսնի «Արարատ» անունը, «մաշված» իմիջ է, բայց մեզ համար մոգական է։

Հովիկ- 1976 թվականին ամուսնացա․ կինս հայ չէր, ամերիկուհի էր։ Երբ զագսավորվեցինք, մի քանի մարդու ստորագրություն էր պահանջվում, որպեսզի ինձ թողնեին երկրից դուրս գալ։ Այդ մարդկանց շարքում էր Կինոյի մինիստր Հայրյանը։ Չէր ստորագրում, ասում էր՝ Թաթուլի տղան ես, ոնց սենց բան արեցիր։ Երկար խոսելուց հետո ասեց․ «Բայց ո՞նց կարող ես գնալ․ օրինակ ես, որ մի օր արթնանամ, ու «ակոշկից» Մասիսը չտեսնեմ, կմեռնեմ»։ Ասեցի․ «Ընկե՛ր Հայրյան, մեր «ակոշկից» Մասիսը չի երեւում»։ Ծիծաղեց ու ստորագրեց։

Գագիկ- այդ ժամանակ արդեն շենք էին կառուցել, ու պատկերը կորել էր։

«Գտնված երազի» ստեղծումից քանի՞ տարի է անցել։

 Գագիկ – 42 տարի․ 1976 թվականին նկարեցինք։

Յոթանասունականների Երեւան, դուք՝ քառասուներկու տարի առաջ․․․

Հովիկ- մենք մի քիչ «ուրիշ» տղերք էինք։ Ծնվել ենք ինտելեկտուալ ընտանիքում, ու ենթադրվում էր, որ «մամայի բալա» պիտի լինեինք, բայց մենք «քուչի» տղերքին էլ էինք սիրում, կապված էինք իրենց հետ։

Գագիկ- դա ներկայիս Հյուսիսային պողոտան էր․ մեր տունն այն շենքում էր, որը մինչեւ հիմա պահպանվել է։ Այն ժամանակ միայն մեր շենքն էր՝ երկու կողմից հողաշեն տներ։

Հովիկ- այդ թվերին «գվարդիաներ» կային՝ «Կինոպիոների գվարդիան», «Կոնդի գվարդիան», «Կինոմոսկվայի գվարդիան»․․․ Ու լիքը կռիվներ էին լինում, «ռազբորկաներ»․մեկ էլ տեսնում էիր՝ հարյուր հոգով կոպալներով գալիս են․․․ Մասնակցել ենք այդ ամենին, ինչ-որ ձեւով փողոցն էլ է «կրթել» մեզ, բայց դրան զուգահեռ արվեստի աշխարհի ամենահայտնի դեմքերն էին մեր տանը՝ Խորիկը, Ֆրունզիկը։

Պապան մի ուրիշ ադմինիստրատիվ ջիղ ուներ․ թատրոնը, որ փակվում էր, փող վաստակելու համար խումբ էին հավաքում, գնում էին մարզեր՝  «գաստրոլների» («խալտուրա» էին կոչում)․ Ֆրունզիկն էր, Բելլա Դարբինյանը, Հովհաննես Բադալյանը, Նորայր Մնացականյանը․․․

Իրենց ամեն տեղ արկղերով մրգերով էին դիմավորում ու ճանապարհում։ Մի անգամ Ֆրունզիկի հետ պապան մեքենայով պտտվում է, ճանապարհից մի քանի արկղ սերկեւիլ են ուզում վերցնել  ու խիստ զարմանում, որ դրա համար փող են ուզում․․․ Այդ թվականներին իրենք էնքան ճանչում ունեին, որ նույնիսկ տաքսիստները գումար չէին վերցնում։

Ճանաչելիության մասին«Գտնված երազ»-ը այդքան մասսայական է, իսկ դուք ձեզ ներկայացնելու խնդիր ոնց որ այս քառասուն տարիներիների ընթացքում չեք ունեցել։ Այսպես ասած՝ «ճանաչված» չեք որպես այդ մուլտֆիլմի ստեղծողներ։

Գագիկ- Նախեւառաջ սկզբում այսպիսի սենսացիա չէր առաջացել, ինչպես հիմա է։ Ստեղծումից անմիջապես հետո Հովիկը մեկնեց Ամերիկա, ես մնացի։ Հետո, երբ վերադարձանք, տեսանք, որ մուլտֆիլմը երկրորդ կյանք է ապրում։ Երեւի ինչ-որ իմաստով ինտերնետն էլ է նպաստել պոպուլյարությանը։

 «Արծաթե թիթեռնիկներ» երգը արդեն կա՞ր, թե՞ հատուկ մուլտֆիլմի համար է ստեղծել։

Գագիկ- Այդ մեկն արդեն կար, մնացածները գրվեցին։

Հովիկ- Հախվերդյանին ասացինք, որ նման գաղափար ունենք, հարցրեցինք՝ երգը կարող ենք օգտագործել, շատ ոգեւորվեց (այն ժամանակ այդքան էլ հայտնի չէր)։

«Գտնված երազի» գաղափարն ինչպե՞ս առաջացավ։ Պետպատվե՞ր էր։

Գագիկ-  Հովիկի՝ որպես ռեժիսորի, հերթը եկել էր։ Ա՜յ հենց այսպիսի իրավիճակում էինք՝ երեք հոգով նստած․ քո տեղում մեր ընկերն էր։ Մտածում էինք՝ ինչ գրել։ Զզված էինք կոմունիստական մուլտերից, պիոներներից, եւ մնացածից։ Նոր բան էինք փնտրում։ Ու Հովիկը սկսեց․ ինքը միշտ էսպես է սկսում․ «մի հատ երազ եմ տեսել․․․»․․․ Իրականում չգիտես  էլ տեսել է, թե չէ։ Տեսե՞լ էիր, Հով՞։

Հովիկ- թեթեւակի (ծիծաղում է)։

Գագիկ- ու սկսվեց պատմությունը․ հենց այնպես, ոնց կա մուլտֆիլմում։ Գրում էինք ռուսերենով․ “Найденный сон” էր անվանումը։ Երեք օրում գաղափարն ամբողջացավ։

Մուլտֆիլմում կա՞ արտահայտություն, որը հիմա կփոխեիք։

Հովիկ- միայն մի բան, որ ոնց որ մեզ «ստիպեցին»։

Գագիկ- երբ վերջում աղջիկն ասում է՝ «բարի երազներ, եւ ձեզ՝ ամենքիդ, բարի լույս»։

Հովիկ- ուղղակի այնքան կոմպրոմիս էին արդեն արել, որ այդ մեկի հետ մի ձեւ համակերպվեցինք։ Գագոյի հետ խոսում էինք, որ մուլտը պիտի ստեղծվեր, որ էսքան արգելք անցներ․ անգամ Մոսկվայում, որտեղ վերջին խոսքը պիտի ասեին, որտեղ գրաքննության պիտի ենթարկեին, «կերան» կուտը։

Կա՞ ինչ-որ բան, որից ձեր քունը կորցրել եք։

Գագիկ- Հովոյին խանգարող բան չկա, քնում է։

Հովիկ- Գագոն ավելի անհանգիստ քնող է։ Ու ես լուրջ փորձում եմ իր քունը գտնել։

Գագիկ- առանձնապես ման չես գալիս, էլ մի (ծիծաղում են)։

Անընդհատ ինչ-որ բան ստեղծելու փնտրտուքների մեջ եք։

Գագիկ- ես մեկ-մեկ դեռ կարող եմ դադար տալ, բայց Հովիկն առավոտյան չորսից նկարում է։

Հովիկ- մինչեւ օրս, որ հարցնում են՝ ով եք, ինչ եք անում, դժվարանում ենք ասել՝ նկարիչ ենք, դիզայներ ենք․ ճիշտ բառ չենք գտել, որ ասենք «այս» ենք։ Ի՞նչ կասես, Գագ։

Գագիկ- մարդիկ ենք, ովքեր կարողանում են նաեւ նկարել։

Հովիկ- «magic» բառը ո՞նց է թարգմանվում։

Մոգական ․․․

Հովիկ-  տե՛ս՝ այսքան աշխատանքի մեջ ֆինանսական լուրջ բաների չենք հասել, բայց կարող էինք լուրջ հարուստներ լինել։ Քանի որ մեր ընտրությունը մեր ուզածն է, լիմիտները մեծանում են․ այսքան տարի «բզբզում» ենք, ու երեւի դրա արդյունքում գտել ենք այդ մոգականը, որը հեշտ չի գալիս։

Մեզ համար կարեւոր է մարդու ռեակցիան։ Մի բան է՝ անեկդոտ պատմելը, «մայմունություն» անելը, մի այլ բան, երբ նկարածիցդ այնպես են ծիծաղում, որ վերջում ասում են՝ վայ, մեջքիս ցավն անցավ։

Մենք հոգնած չենք կյանքից, տարիքից, մեր արածից։ Հաճախ զարթնում ես ու զգում, որ դեռ բան չես արել, որ շատ գաղափարներ կան, որ մենք դեռ կարող ենք պատասխանել այն հարցին, թե մեծանանք՝ ինչ ենք դառնալու․․․ Հենց այդ փուլում ենք։

Կյանքից հաճույք ստանալը ամենամեծ մոտիվացիան է։ Սա փոխանցվել է մեզ մեր հորից․ ուզում ենք մեր ստեղծածից մարդը հաճույք ապրի, մեր ասածից ու արածից ուրախանա։

Գագիկ- իրար հետ երբեք չենք նյարդայնանում։ Ինձ կոնկրետ նեղում է մարդկության վիճակը․ չորսբոլորը ողբերգական է։ Մենք մեր արածի, մեր հարաբերությունների մեջ ենք երջանիկ։

Հովիկ- հետո մարդու մոտ պահ է գալիս չէ՞, որ ասում է՝ հաստատվել եմ։ Մենք դեռ ոնց որ չենք «հաստատվել» էլի։ Անընդհատ սովորում ենք, անընդհատ զարմանում ենք, իրար ոգեւորում ենք։

Գագիկ- կատակով իրար ասում ենք՝ «էս ի՜նչ մեր ա քեզ ծնել»։

40 տարիների ընթացքում մուլտֆիլմի միջոցով «հաստատվելու» փորձեր չարեցիք արդեն զարմանալու բան է։

Գագիկ- հա՜, արդեն նշեցի, որ մեզ համար կարեւոր է, որ ստեղծագործությունը մեզ ներկայացնի, ոչ թե մենք ինքներս մեզ։ Մուլտֆիլմն արդեն իր անելիքն արել է։

Հովիկ- մեզ ասում են՝ մարդամեջ դուրս եկեք, ցույց տվեք ինչ եք անում։ Երբ մեր երկու գրքերը հրատարակվեցին, որոշեցինք երեւալ․․․ Այս հանդիպումները, հարցազրույցները, մասսայական լինելը լրիվ նոր բաներ են մեզ համար։

Շենքը, որտեղ գտնում է ձեր հայրական տունը, շատ անմխիթար վիճակում է։ Ես տեսել գծագիրը, թե դուք ինչպես եք պատկերացնում դրա վերակառուցումը։

Հովիկ- հա, մեր ազգը չի արտացոլում մեր մշակույթը, մեր պատմությունը։ Ինչ-որ սարքվում է,  էստեղից-էնտեղից «կպցրած» է։ Ինչ-որ գրավիչ բաներ պետք է լինեն, որոնք ներկայացնես հյուրիդ։

Գագիկ- մեր տուրիստին փլված կամ «վերակառուցված» Սանահին, Հաղարծին, Գառնի, Գեղարդ ենք ցույց տալիս միայն․․․

Հովիկ- իսկ ո՞վ եք դուք այսօր։ Այսօրվա հարցը սա է։ Թամանյանը, որ ոճ ուներ, ձեռագիր ուներ, համընդհանուր տեսավ քաղաքը։ Իրենից հետո ոնց որ «լոճված» վիճակ է․ ով, ինչ ուզում, կառուցում է։ Գագոն այս դեպքերում միշտ Նյու-Յորքի օրինակն է բերում։

Գագիկ- եղել ես, տեսել ես Նյու-Յորքը։ Այդքա՜ն էպոխա ու այդպիսի՜ հարմոնիա։

Երբ խոսում ենք, պատմությունները լսում եմ, թվում է՝ անբաժանելի եք, բայց իրարից հեռու տասը տարի ապրեցիք, այնուամենայնիվ․․․

Գագիկ- Տխուր էր։

Բացի այդ բաժանումը, մի՞շտ եք միասին ստեղծագործել։

Գագիկ- Հովոն միշտ նկարել է։ Ինձ մոտ շրջաններով է եղել։ Այն ժամանակ, օրինակ, երբ «Գտնված երազն» արդեն կար, Հովիկն էլ Ամերկայում էիր, մենք ընկերներով  «պադվալներում», կտուրներում կարատեով էինք զբաղվում։ Ինչ-որ իմաստով, կարելի է ասել, Հայաստանում կարատեն մեզ հետ էին ասոցացնում։ Երկու-երեք տարի դրանով էի զբաղված։ Իսկ այն ժամանակ դա արգելված բան էր։

Մեր սերունդը «արգելվածն» ուրիշ կերպ է ընկալում։

Գագիկ- իսկ մենք հենց արգելքի մեջ էլ ապրում էինք։

 Հովիկ- ես առաջիններից էի, որ դուրս եկա այդ թվականներին։

Գագիկ- 28 տարեկան էր։ Այն ժամանակ արտագաղթ գոյություն չուներ․ հատուկենտ մարդիկ էին դուրս գալիս երկրից։

Հովիկ- վախենալու բան կար, որովհետեւ ինձ այստեղից արդեն որպես դավաճան ճանապարհեցին․ ամերիկուհու հետ էի ամուսնացել, ոչ թե ամերիկահայի։ Ու ընկա USA, ոչ թե Գլենդել, ասենք, հորաքրոջս տղայի մոտ։

Գագիկ- շատ կարեւոր էր Հովոյի գնալը։ Մենք ռասիստ ազգ ենք․ ոչ մեկին չենք ընդունում, ամեն մեկին մի անուն «կպցնում» ենք՝ սրանք «էշ» են, նրանք՝ «ապուշ»։ Ամերիկայում լրիվ ուրիշ միջավայրում ես հայտնվում։ Ինձ բախտ վիճակվեց հայտնվել այնտեղ։

Այստեղ ամեն բան իրար մեջ է եփվում, իսկ Նյու-Յորքում հասկացա, որ մոլորակի բնակիչն եմ, ոչ թե կոնկրետ երկրի։ Մի ինչ-որ ուրիշ մակարդակ է բացվում մեջդ, նույնիսկ ուժեղանում ես։

Հովիկ- այստեղ ինչ անում են, ինչի մասին զրուցում են, կոնկրետ այս «թիքայի» մասին է։ Ամերիկան հիմա «ջրի» ճամփա է դարձել, հասնում են հեշտությամբ, տեսնում են․․․

Գագիկ- ու էլի չեն «տեսնում»․․․

(Զանգտպագրատնից է, միանում է բարձրախոսը, երկուսով են խոսում)

Մեկ հեռախոս՝ երկուսիդ համար։

Գագիկ- չեմ պահում․ Ամերիկայում էլ չունեմ։

Հովիկ- սա «ուզած-չուզած» հեռախոս է։ Գագոն ասում է, որ տնից դուրս եմ գալիս, ուրեմն տանը չեմ, բայց որ գրպանումդ հեռախոս կա, ուրեմն դեռ «տանն» ես։

Գագիկ- պատկերացրու՝ գնաս, սարի գլխին կանգնես, ու ասենք Վիտիկը զանգի, հարցնի․ «խաշլամեն ի՞նչ եղավ»․․․

Գագիկ, մի պահ Գյուրջիեւից էիր խոսում։

Հովիկ- էդքան Հայաստանում ապրեցինք, Նյու-Յորքում Գյուրջիեւին «բացեցինք»։

Գագիկ- լրիվ հանկարծակի։ Ստուդիա ունեինք Հարլեմում։ Տարբեր ազգի նկարիչներ էին հավաքված այդ շենքում։ Մեր կողքինն անգլիացի էր՝ Յանը։ Մի օր տեսա Գյուրջիեւ է կարդում․ անունը լսել էի, բայց գաղափար չունեի՝ ինչ է գրում։

Գիրքն ինձ տվեց. այդ ժամանակ դեռ դժվար էր անգլեներով կարդալ․․․Ու չէր ասել, որ  եռհատորակի երկրորդ հատորն է տալիս։ Ես դա կարդացի որպես առաջին գիրք։ Հետո հասկացա՝ որ մասից էլ կարդաս Գյուրջիեւի տեքստը, կլինի։ 1989 թվականին էր․ այդ ժամանակվանից շատ բան փոխվեց իմ կյանքում։

Հովիկ- մենք պապիկ չենք ունեցել, ու ինքը «դարձավ» այն պապիկը, ով ամեն ինչ գիտի ու պատմում է («Բեհեղզեբուղի պատմածներն իր թոռանը»

Գագիկ- վերցրինք թոռան դերը, եւ նոր աշխարհ բացվեց մեզ համար։ Ինձ համար կոնկրետ ամեն բան ընկավ իր տեղը։ Հովոն կարդացող չի, գալիս պատմում էի, համ ինձ էր լավ նույն բանն ասելը, համ ինքն անցավ այդ ընթացքը ինձ հետ։ Այդ գիրքը քեզ հետ «աճում» է, անընդհատ կարող ես կարդալ ու նոր ձեւով բացես քեզ համար։

Հովիկ- ու հնարավորինս փորձում ենք հանրայանացնել իրեն․ «ցեցը» գցել ենք։

Գագիկ-  շատ կուզեի՝ «ցեցն» ընկած լիներ։

Հովիկ- Գագ, որ ֆիլմ նկարեն Գյուրջիեւի մասին, դու ես գլխավոր դերում նկարվելու (ծիծաղում է)։

Քննադատությանն ինչպե՞ս եք վերաբերում։ Դուք ինքներդ քննադատո՞ղ եք։

Հովիկ- հա՞ որ, Գագ։

Գագիկ- ես ասում եմ՝ «չհավան»։ Հովոն ուղիղ խոսացող է։

Հովիկ- Գագոն, որ ասում է՝ մի կինո եմ տեսնել, պետք է նայես, գիտեմ, որ նայելու եմ ու գիտեմ, որ հավանելու եմ, բայց որ քույրս ասի․․․(ծիծաղում ենք երեքով)։ Իրականում այնքան վատ որակի բան ենք տեսնում, որ իրար հարցնում ենք՝ մենք ենք գժվել, թե իրենք։

Գագիկ- կինո չենք գնում, թատրոն չենք գնում, ցուցասրահներ չենք գնում։ Տեսնելուն սովորել ենք․ անակնկալներ չկան։

Հովիկ- Նյու Յորքում թատրոնը հենց կյանքն է ու մարդիկ։ Լրիվ կինո է։

Երբ մենք փոքր էինք, մեզ համար մեր բակն արդեն թատրոն էր, ու ներկայացումներ էինք բեմադրում, մեր հորը խնդրում էինք դեկորներ էր բերում, տոմսեր էինք վաճառում։ Կարենը Ջանիբեկյան, որ մեզնից տասը տարի մեծ էր, նայում էր՝ ինչ ենք անում։ Ոնց որ թե դա է կորել, էրեխեքի հետաքրքրությունները փոխվել են, գնդակ են տշում։

Գիտե՞ս ինչ, եթե կոմեդիայի միջոցով չնայես մարդկությանը, քաղաքակրթությանը, կատարվածին, իրոք, պատուհանը կբացես ու ցած կնետվես։

Գագիկ- Հով ջան, որ գցվես, ակնոցս գտնես, խաբա՛ր արա (ծիծաղում ենք)։

Հովիկ - մտքիս թելը կորցրի․․․

Ես կարող եմ հիշեցնել, բայց ուզում էի ասել, որ ձեզ պատկանելիության մեջ չեմ տեսնում, ուրիշ մի տեղ եք, որտեղ տրագեդիան ընկալվում է, բայց լրիվ ուրիշ կերպ է ֆիլտրվում ու դուրս գալիս։

Հովիկ-ջոկել ես մեզ․․․

Գագիկ- մեր ընտանիքում էլ մի ուրիշ ազատւթյուն կա․ մեր զավակներին ոչինչ չենք ստիպում։

Հովիկ- մեր ցեղում արդեն սեւեր կան, ու հասկանում ենք, որ երբեմն պիտի չնշենք սրա մասին, որովհետեւ մեր ընկալումները տարբերվում են, եւ չեն հասկանա այս պատմությունը։

Գագիկ- ու մեր «մենք»-ը հայկական «մենքը» չի, այլ համամարդկայինը։ Սա հեշտ է ասել, բայց դա հասկանալն ու զգալը հեշտ չի տրվում։

Դադար

Հովիկ-գնա՞նք, Գագ։

Գագիկ- գնացինք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter