HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Հարկային», «Վարչական» և «Քրեական դատավարության» օրենսգրքեր․ ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգը

Փետրվարի 6-ին մեկնարկելու են խորհրդարանի հերթական նստաշրջանի աշխատանքները: Որպես պարտադիր քննարկման հարցեր ներառված են նախագծեր, որոնք առաջին ընթերցմամբ ընդունվել են։

«Ելք» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ է ներկայացվել։ Հեղինակներն առաջարկում են օրենքով ամրագրել, որ լիազոր մարմնի սահմանած կարգով պետք է ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ։

Նախորդ նստաշրջանի ամենաղմկահարույց քվեարկությունը «Դատական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու հարցն էր, նախագիծը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից քվեարկության ներկայացվելիս հայտարարվել էր որպես սահմանադրական օրենք, ինչը ենթադրում է պատգամավորների առնվազն 3/5-րդ մասի քվեարկություն։ Դատական օրենսգրքի՝ փաստաբանների համար վիճելի դրույթը՝ 100 հազար դրամ տուգանքը երկրորդ ընթերցմամբ այլևս չկա։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, սակայն, մանրամասնեց՝ տուգանքներն ամրագրված կլինեն Դատավարական օրենսգրքում։

Երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելը, որով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է միասնական երթուղային ցանց ստեղծել ողջ հանրապետության տարածքով։

Հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորներ առաջարկել են փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի» և «Վիճակախաղերի մասին» օրենսդրական նախաձեռնություններում։ Իշխող ուժի ներկայացուցիչ պատգամավորներն առաջարկում են խստացնել  շահումով խաղեր, վիճակախաղեր իրականացնող ընկերությունների գործունեությունը՝ խախտումներ կատարած ընկերությունների համար սահմանել դրամական բարձր տուգանքներ, ընդհուպ մինչև լիցենզիայի դադարեցում։

Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:

Առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծերից է «Քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը, որտեղ առաջարկվում է օրենքում ավելացնել հետևյալ հոդվածը․

 «Հետաքննության մարմինը կամ քննիչը տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ ստուգում է դրանց  սարքինությունը: Տեսաձայնագրառումը պետք է իրականացվի քննչական գործողությունը սկսելու պահից, առանց ընդհատման, բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ այլ օբյեկտիվ պատճառների առկայության դեպքերի: Տեսաձայնագրառման ընդհատման դեպքում քննչական գործողությունն ընդհատվում է, որի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն, որտեղ նշվում են ընդհատման պատճառների մասին: Քննչական գործողության կատարումը շարունակվում է տեսաձայնագրառումը վերսկսելու պահից: Մինչ այդ, հետաքննության մարմինը կամ քննիչը միջոցներ է ձեռնարկում` քննչական գործողության կատարման վայրը, հետքերը և առարկաները պահպանելու ուղղությամբ: Տեսաձայնագրառման դեպքում ապահովվում է քննչական գործողության ընթացքի ամբողջականությունը, տեսանելիությունը և լսելիությունը: Տեսաձայնագրառման նյութերը ենթակա չեն մոնտաժման կամ այլ կերպ փոփոխության»:

Օրակարգում ընդգրկվել է նաև ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Վարչական դատավարության օրենսգրքում» լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորն առաջարկում է հնարավորինս հեշտացնել վարչական գործերով դատական գործերի տեսա և լուսանկարահանումը։

Հանրապետական խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանի ու Վահրամ Բաղդասարյանի կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում» լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծին որպես համահեղինակ միացել է նաև կառավարությունը։ Պատգամավորներն օրենքում առաջարկել էին ամրագրել, որ ակցիզային հարկի բարձրացումը չի անդրադառնա ուղևորափոխադրում կատարող ընկերությունների հարկային բեռի ավելացման վրա։

Օրակարգին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Հիշեցնենք, որ նստաշրջանի օրակարգը սպառվելուց հետո անմիջապես գումարվելու է արտահերթ նիստ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter