Արմեն Սարգսյանի ավագ որդին Հայաստանում հաշվառում չունի, բայց ՀՀ քաղաքացի է. պարզաբանում
Ուղղում. Հոդվածի վերնագրում և տեքստում փոփոխություն է կատարվել. նախապես գրել էինք, որ Նունե Սարգսյանը գրանցված չէ Հայաստանի ընտրողների ռեգիստրում և Հայաստանում հաշվառում չունի, քանի որ ընտրողների ռեգիստրում որոնումը կատարել էինք պաշտոնական աղբյուրներում (այդ թվում՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերում) և մամուլի հրապարակումներում հայտնի Նունե Սարգսյան անունով: Հոդվածը հրապարակելուց հետո պարզվեց, որ Արմեն Սարգսյանի կինը գրանցված է Նունուֆար Սարգսյան անունով, որը հանդիպում է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակում, որտեղ ներառված են արտասահմանում ապրող և ընտրելու իրավունք ունեցող դիվանագետներն ու զինվորականները և նրանց ընտանիքի անդամները:
«Իմ երկու զավակներն էլ և՛ բրիտանացի են, այսինքն՝ Բրիտանիայի քաղաքացիություն ունեն, և՛ հայկական քաղաքացիություն»,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ (հեռարձակվել է հունվարի 30-ին) ասել է Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը: Նույն միտքը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանը պնդել է Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ, լրագրողների հետ զրույցում:
Նշենք, սակայն, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում Արմեն Սարգսյանի ավագ որդին՝ 37-ամյա Վարդանը, գրանցված չէ: Ռեգիստրում առկա է միայն կրտսեր որդու՝ 34-ամյա Հայկի անունը, որը հոր հետ միասին գրանցված է նույն հասցեում:
Արդյո՞ք սա նշանակում է, որ Վարդան Սարգսյանը Հայաստանի քաղաքացի չէ: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ասում է, որ ընտրողների ռեգիստրում այն քաղաքացիների տվյալներն են, որոնք Հայաստանում ունեն հաշվառում: Մինչդեռ կան այս ռեգիստրում չգրանցված մարդիկ, որոնք նույնպես Հայաստանի քաղաքացի են համարվում. օրինակ՝ ծնվել են այլ երկրում, բայց ծնողները եղել են Հայաստանի քաղաքացի:
Բացի դրանից, Հայաստանի անձնագիր կարող են ունենալ մարդիկ, որոնք մեկ այլ երկրում են հաշվառված: Վերջիններս գրանցված են ոչ թե ընտրողների, այլ բնակչության պետական ռեգիստրում: Այն, սակայն, առաջինի պես հանրային չէ, և այստեղից տեղեկություն կարելի է ստանալ միայն տվյալ մարդու համաձայնությամբ:
Արմեն Սարգսյանի գրասենյակը պարզաբանում է, որ հենց այս ռեգիստրում է ընդգրկված դեսպան Սարգսյանի ավագ որդին: «Վարդան Արմենի Սարգսյանը ընդգրկված չէ ՀՀ ընտրողների ռեգիստրում, քանի որ բնակչության պետական ռեգիստրում, որի հիման վրա ձեւավորվում է ընտրողների ռեգիստրը, ՀՀ քաղաքացի Վարդան Սարգսյանը հաշվառված է օտարերկրյա պետության բնակության հասցեով։ ՀՀ քաղաքացիությունից զատ, նա ունի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն»,- գրված է գրասենյակի պարզաբանման մեջ։
Սարգսյան եղբայրների անունները հանրությանը հայտնի դարձան բրիտանական Daily Mail պարբերականի հրապարակումից, որը հիմնված էր նրանց մոր՝ Նունե Սարգսյանի հետ զրույցի վրա: «Նրա տղաները բրիտանացի են զգում, չնայած, [մայրը] ասում է, նրանք հպարտ են իրենց արմատներով»,- գրում է պարբերականը: Բրիտանացի զգալու մասին այս միտքն էլ հիմք հանդիսացավ լրագրողների հարցերի համար:
«Կարծում եմ՝ իմ կինը ճիշտ է պատասխանել՝ ասելով, որ այո, տղաները իրենց գիտակից տարիքի շատ մեծ մասը՝ փոքր տարիքից, Բրիտանիայում են անցկացրել և քանի որ բրիտանացի են, պատասխանը ճշգրիտ է, որ իրենք իրենց բրիտանացի զգում են, բայց թարգմանությունը կարծեմ մի փոքր սխալ է, կարծեմ կինս ասել է, որ իրենք հպարտ հայեր են»,- հարցազրույցում ասում է Արմեն Սարգսյանը:
Նունե Սարգսյանը նույնպես երկքաղաքացի է՝ ունի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն:
Լուսանկարը՝ Dailymail.co.uk-ից
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել