
ԱԺ ընտրությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գործով տարեց կնոջ նկատմամբ հետախուզում հայտարարվեց
Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող տարեց կնոջ՝ Ջուլիետա Կոկոյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց: Այսօր նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը:
Արդեն յոթ ամիս է՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ այս գործն ուղարկվել է դատարան, այս ընթացքում 7 անգամ դատական նիստերը հետաձգվել են ամբաստանյալ Ջուլիետա Կոկոյանի բացակայության պատճառով: Ամբաստանյալի պաշտպանը` Արարատ Գրիգորյանը, պարբերաբար դատարանին տեղեկացրել է, որ Կոկոյանն առողջական խնդիրներ ունի, հաճախակի տեղափոխվում է հիվանդանոց: Դատարանը պաշտպան Արարատ Գրիգորյանից պահանջել էր ներկայացնել համապատասխան փաստաթղթեր` ամբաստանյալի առողջական խնդիրների վերաբերյալ, սակայն պաշտպանը որևէ կերպ չի կարողանում ձեռք բերել այդ փաստաթղթերը:
Վերջին անգամ Արարատ Գրիգորյանը Ջուլիետա Կոկոյանի հետ կարողացել է կապվել շուրջ երկու ամիս առաջ: Դատավոր Գագիկ Պողոսյանը կնոջը բերման ենթարկելու վերաբերյալ որոշում է կայացրել, որը կատարել նույնպես չի հաջողվում: Դատարանը ստացել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանման գրությունն այն մասին, որ հասցեն, որ հայտնի է որպես ամբաստանյալի բնակության վայր, «փակ դուռ է», այսինքն` այնտեղ որևէ մեկը չի բնակվում:
Կոկոյանից բացի՝ այս գործի շրջանակներում մեղադրվում է ևս մեկ անձ` Լևոն Գալստյանը: Այսօրվա դատական նիստին գործով մեղադրողը դատարանին միջնորդեց գործից մաս անջատել, Լևոն Գալստյանի վերաբերյալ գործը քննել առանձին վարույթում, իսկ Ջուլիետա Կոկոյանի նկատմամբ հետախուզում հայտարարել:
Դատավորը որոշեց բավարարել միջնորդությունը: Այսպիսով, Լևոն Գալստյանի վերաբերյալ գործը նշանակվեց մարտի 2-ին, իսկ Ջուլիետա Կոկոյանի վերաբերյալ գործի վարույթը կասեցվեց մինչև ամբաստանյալի հայտնաբերումը:
Հիշեցնենք, որ ըստ այս գործի նյութերի` 2017թ.-ի ապրիլի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում և դրան հարակից տարածքում: Այդ ընթացքում շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել են հեռանալ տարածքից և դադարեցնել տեսանկարահանումները:
Այնուհետև, ըստ մեղադրանքի` «araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանին է մոտեցել Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոլյանը և տեսնելով, որ չնայած իր պահանջին՝ Շողիկ Գալստյանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ վիրավորել և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:
Ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով շտաբի տարածքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը փորձել է նկարահանել միջադեպը, և, ըստ մեղադրանքի, նրան է մոտեցել Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը ու պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն լրագրողը շարունակել է իրականացնել իր լիազորությունները, և այդ ընթացքում Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացումը:
Լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու և վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոլյանին ու Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այն է՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
Այս գործով ամբաստանյալ Լևոն Գասպարյանն ընդունել է մեղադրանքը, իսկ Ջուլիետա Կոկոյանը` ոչ:
Լուսանկարում՝ դատավոր Գագիկ Պողոսյանը
Մեկնաբանել