HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալների այս խումբը դեռևս պայմանական չի ազատվում

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ չի ազատվի։ Այսօր Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, մերժեց ցմահ բանտարկյալի պաշտպան Ռոբերտ Ռևազյանի բողոքը։ Պաշտպանը խնդրել էր բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Ստեփան Գրիգորյանի պայմանական ազատումը մերժելու վերաբերյալ։

Սա այն դեպքում, երբ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացվել էր պատասխան, ըստ որի Ստեփան Գրիգորյանի գործով առկա չէ ռեցեդիվ, ինչը և փաստում էին փաստաբան Ռոբերտ Ռևազյանը և դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը։ Այդ մասին առկա էր նաև «Արմավիր» ՔԿՀ-ի պետից ստացված տեղեկանք։

Այս ու ևս մոտ 30 ցմահ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործերով մերժումները, ըստ պաշտպան Ռևազյանի, վկայում են այն մասին, որ այդ ինստիտուտը դատապարտյալների այս խմբի նկատմամբ չի գործում։ Դատարանների, հանձնաժողովների պատճառաբանությունները տույժերի մասին, Ռոբերտ Ռևազյանի կարծիքով, սոսկ ձևական բնույթ են կրում։ Փաստաբանը գտնում է, որ այս խնդիրը պետք է դիտարկել դատարանների անկախության անհրաժեշտության տիրույթում։ Նա վկայակոչեց տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցներ, որտեղ մատնանշվում է՝ Հայաստանում դատական անկախության մակարդակի ոչ բավարար լինելը։

Ռոբերտ Ռևազյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ անպայման վիճարկելու են մերժումը Վճռաբեկ դատարանում, այնուհետև, դրական արդյունք չունենալու դեպքում, բողոք են ներկայացնելու ՄԻ եվրոպական դատարան։ Ռոբերտ Ռևազյանի տեղեկացմամբ, նման բողոք արդեն ուղարկվել է ՄԻԵԴ ցմահ դատապարտյալ, 24 տարի անազատության մեջ գտնվող մեկ այլ ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանի գործով։

Եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի առկայությունը, սակայն դրա չկիրառումը հանգեցնում է անհաղթահարելի պատժի, ինչը հավասարազոր է անմարդկային վերաբերմունքի։

Դատապարտյալների այս խմբին պայմանական վաղաժամկետ ազատելու մերժման որոշումներում որպես հիմք հիմնականում նշվում է նրանց՝ ուղղված չլինելու հանգամանքը։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է արտահայտել, ըստ որի անձը ոչ թե պետք է ուղղված լինի, այլ կանգնած լինի ուղղման ճանապարհին։ Այլապես ինչու է ինստիտուտի անունը՝ պայմանական վաղաամկետ։ Սա նշանակում է, որ անձը ազատության մեջ դեռ պայմաններ պետք է կատարի։

«Եթե չափանիշ դրվի լիարժեք ուղղումը, ապա պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմի անհրաժեշտությունը, տրամաբանությունը այլևս չի լինի։ Կարևոր է, որ դատապարտյալը կանգնած լինի ուղղման ճանապարհին։ Ասել, որ Ստեփան Գրիգորյանը կանգնած է ուղղման ճանապարհին, նշանակում է ոչինչ չասել։ Նրա պարագայում դա ավելին է, քանի ուղղման ճանապարհին կանգնելը»,- «Հետք»-ի հարցին պատասխանելով՝ եզրափակեց Ռոբերտ Ռևազյանը։    

Նշենք, որ թեպետ մոտ 30 ցմահ դտապարտյալ ավելի քան 20 տարի պատիժ է կրում և օրենքի համաձայն, 20 տարին լրանալուց հետո պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն ունի, այդուհանդերձ դեռևս որևէ նախադեպ չկա, երբ պայմանական ազատություն վերադառնա ցմահ ազատազրկման դատապարտված քաղաքացի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter