HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիբանանահայ Ժակ Բաքարեջյանը փորձում է մոտեցնել իր դուստրերին վերադարձնելու օրը

«Հույս ունեմ մոտ ատենս երեխեքիս տեսնեմ, փաթթվեմ։ Ո՞նց կարելի էր էսքան ինձ տանջել, երեխաներին է՛լ ավելի շատ տանջել»․ լիբանանահայ Ժակ Բաքարեջյանը, ով ավելի քան երկու տարի հայաստանյան դատարաններում պայքարում է մանկահասակ երկու դուստրերին վերադարձնելու համար, երկրորդ հաղթանակն է արձանագրել Վարչական վերաքննիչ դատարանում։

«Հետքը» շարունակում է հետևել Բաքարեջյան ընտանիքի պատմությանը, մանկահասակ երեխաների ճակատագրին և դատական վիճարկումներին։ Հիշեցնենք, որ Լիբանանի քաղաքացի հանդիսացող Ժակ Բաքարեջյանը, կնոջ ու երկու դուստրերի հետ Հայաստան կատարած հերթական այցից ամիսներ հետո, հայտնաբերել է, որ իր երկու մանկահասակ աղջիկները, առանց իր գիտության ու համաձայնության, ընդամենը 20 օրում, դարձել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ավելին՝ մոր հետ լքել Հայաստանի սահմանները ՀՀ քաղաքացիության անձնագրերով՝ տրված Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմած տեղեկանքի հիման վրա: Ինքը՝ Ժակը, մնացել է Երևանում ու շարունակել պայքարել երեխաներին վերադարձնելու համար։

«Իմ կամքովս բերել եմ Հայաստան, կարո՞ղ եմ իմ կամքովս հետ տանել իմ ընտանիքը, չգիտեմ,-ասում է Ժակը՝ անկեղծանալով,- շիտակ է, որ էդքան չէի հավատում հաղթանակին, բայց հանդիպեցի լավ, աստվածավախ փաստաբաններու, ինձ իրապես հույս տվեցին, որ շատ դժվարությամբ կարող ենք պայքարել։ Էդքան նյարդեր եմ կորցրել, գիշերներ անքուն մնացել․․․»։

Տիգրան Ղազարյանը

Լիբանանահայ Ժակ Բաքարեջյանն՝ իր երկու փաստաբաններ Տիգրան Ղազարյանի ու Հենրիկ Մաղաքյանի ջանքերով, բողոքարկել է Վարչական դատարանի մասնակի բավարարման որոշումը։ Եվ օրեր առաջ դատավոր Արման Թովմասյանի նախագահությամբ՝ Վարչական վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմած տեղեկանքի հիման վրա Ժակ Բաքարեջյանի օտարերկրյա քաղաքացի հանդիսացող երկու անչափահաս երեխաներին Հայաստանի քաղաքացիների անձնագրերով փաստաթղթավորումը։

Իսկ նույն երեխաներին Հայաստանի քաղաքացիությամբ անձնագրերն արդեն իսկ անվավեր էին ճանաչվել դեռևս անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին՝ դատավոր Հրաչ Այվազյանի կողմից։

«Իհարկե, աբսուրդ էր, որ անձնագրերն առաջին ատյանի դատարանն անվավեր էր ճանաչել, իսկ քաղաքացիությունը՝ ոչ։ Այսինքն՝ մեր հայցն առաջին ատյանում բավարարվել էր մասնակի, սակայն այժմ գոհ ենք դատական ակտից։ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նաև ոստիկանության տեղեկանքը, որի հիման վրա երեխաներին քաղաքացիություն էր տրվել առանց հոր՝ Ժակ Բաքարեջյանի գիտության ու համաձայնության»,- «Հետք»-ին ասաց Ժակ Բաքարեջյանի ներկայացուցիչներից Հենրիկ Մաղաքյանը։

«Ես զրկվել եմ իմ երեխաներից, իմ երեխաներն իրենց հայրենիքից են զրկվել, իրենց հորից։ Ինչ-ինչ դժվարություններով մեծցուցեր եմ, Հայաստան ման տալու բերել եմ իմ երեխեքը, կեղծ թղթերով հանել էին դուրս»,- ասաց Ժակ Բաքարեջյանը՝ հույս հայտնելով, որ շուտով կկարողանա երեխաներին տուն տանել։

Հենրիկ Մաղաքյանը

Փաստաբան Տիգրան Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորելու համար տեղեկանք տալու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելով` փաստորեն ոչ իրավաչափ է ճանաչվում Ժակ Բաքարեջյանի երկու երեխաներին Հայաստանի քաղաքացիություն տալու հիմքը։ Իսկ այդ հիմքը երեխաների մորը՝ Նաիրա Մկրտչյանին տրամադրել էր Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Մ. Բիչախչյանը։

2015-ի սեպտեմբերի 17-ին ոստիկանության ԱՎ վարչության պետի տեղակալ Մ. Բիչախչյանը որոշում էր կայացրել Լիբանանի Հանրապետության անչափահաս երկու քաղաքացիներին փաստաթղթավորել ՀՀ քաղաքացու անձնագրերով, ըստ իր բացատրության, տեղեկանքի հիման վրա առանց մյուս ծնողի` հոր համաձայնության: Ըստ Մ․ Բիչախչյանի՝ երեխաներին ՀՀ անձնագրեր են տրվել՝ ելնելով երեխաների լավագույն շահերից:

Ժակ Բաքարեջյանի ներկայացուցիչներ Տիգրան Ղազարյանն ու Սամվել Դիլբանդյանը քրեական դատարանում վիճարկել էին նաև երեխաների մոր՝ Նաիրա Մկրտչյանի հանդեպ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը։ Այժմ հարուցվել է քրեական գործ ՔՕ հոդված 325 1-ին մասով և հոդված 326-ով։ Բանն այն է, որ երեխաների քաղաքացիության փոփոխության նպատակով մայրը տվել է կեղծ տեղեկություններ, թե Լիբանանից Հայաստան է եկել միայնակ՝ առանց երեխաների հոր, ապա ներկայացրել է կեղծ փաստաթղթեր երեխաների համար ՀՀ քաղաքացու անձնագրեր ձեռք բերելու համար, հետևաբար՝ այդ գործողություններում կան ենթադրյալ հանցագործության հատկանիշներ: Փաստաբան Տիգրան Ղազարյանի տեղեկացմամբ, այդ գործը դեռ նախաքննության փուլում է։

Ամեն ինչ սկսվել է 7 տարի առաջ՝ 2010-ին, երբ համացանցով ծանոթացել է ապագա կնոջ՝ երևանցի Ն. Մկրտչյանի հետ: «Կիրթ, բարեհամբույր, խելացի». այս բառերով է բնորոշում Ժակը իր կնոջը: 2010-ի վերջին նրանք ամուսնացել են Հայաստանում, ապա տեղափոխվել Լիբանան: Զույգի ամուսնությունը գրանցվել է և՛ մեր պետությունում՝ 2010-ին, և՛ Լիբանանում՝ Բեյրութում՝ 2011-ին: 2012-ին և 2014-ին Լիբանանում ծնվել են Ժակի ու Ն. Մկրտչյանի դուստրերը՝ Ն.Բ.-ն և Ս.Բ.-ն (երեխաների անուն ազգանունները չենք հրապարակում նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով): Երեխաները Լիբանանի քաղաքացի են, ունեն Լիբանանի Հանրապետության անձնագրեր: Սակայն 2015 թ-ին առանց երեխաների հոր՝ Ժակ Բաքարեջյանի համաձայնության, ոստիկանության ԱՎ վարչությունը երեխաների մոր՝  2015-ի սեպտեմբերի 11-ին ներկայացրած դիմումից հետո ընդամենը 20 օրում տրամադրել է մանկահասակ աղջիկների՝ ՀՀ քաղաքացիությամբ անձնագրերը՝ սակայն անվան, ազգանվան ու հայրանվան լատինատառերի մոտ 8 տառի փոփոխություններով:

Ժակի վերջնական նպատակն է՝ երեխաների վերադարձը Լիբանան. «Մենք միասին՝ ընտանիքով, եկել ենք որպես տուրիստ, բայց աս կեղծ քաղաքացիությամբ էրեխեքս զրկվել են հորից, հայրենիքից, քաղաքացիությունից»,- ասաց լիբանանահայ Ժակը:

Հ․Գ․Երեխաների լուսանկարներն ու անունները մենք չենք հրապարակում՝ նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter