HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Ռուս 16 գործարար ցանկանում է վերադառնալ Ռուսաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը ներկայացրել է ռուս 16 գործարարի ցանկ, ովքեր ցանկանում են վերադառնալ Ռուսաստան: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը: 

Ռուսաստանում հետապնդումներից թաքնված ռուս 16 գործարարների մեծ մասը բնակվում է Մեծ Բրիտանիայում: Բորիս Տիտովը նշել է, որ ցուցակում նշված անձանց քրեական գործերն անհրաժեշտ է վերանայել.

«Բոլոր այդ նախկին գործարարների պատմությունը նույնն է. նրանք հասցրել են հեռանալ երկրից մինչև քննչական մեկուսարանում հատնվելը: Նրանցից մի քանիսն արդեն 20 տարի է՝ Ռուսաստանում չեն ապրում, նույնիսկ Ինտերպոլն է դադարեցրել հետախուզումները, իսկ հայրենիքում այդ գործը շարունակում է կախված մնալ»,- ընդգծել է բիզնես-օմբուդսմենը:

Ձեռնարկատերերը խնդրում են ստուգել նրանց քրեական հետախուզման օրինականությունը, և եթե ընթացակարգային խախտումներ չհայտնաբերվեն, դիտարկել նրանց՝ հայրենիք վերադառնալու հնարավորութունը՝ «պատճառված վնասի կամավոր փոխհատուցման և անհրաժեշտ ընթացակարգային երաշխիքների առկայության պարագայում»:

Բորիս Տիտովը չի բացառել, որ գործարարների ցանկը կարող է ընդլայնվել:

Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Տիտովի ներկայացրած ցանկը ընդունվել է և անհրաժեշտ ուսումնասիրության կենթարկվի:

Թարմացում, 08.02 / Փետրվարի 8-ի առավոտյան բրիտանական «Telegraph» պարբերականը գրել է, որ Բորիս Տիտովի նախաձեռնությունը ընդամենը հասարակության վրա ներգործելու միջոց է, քանի որ վերջինս առաջադրված է Ռուսաստանի նախագահական ընտրություններում: Պարբերականը ընդգծում է, որ Տիտովի ներկայացրած ցուցակում ոչ բոլոր գործարարներն են ցանկանում վերադառնալ Ռուսաստան:

Լուսանկարը՝ Yuliya Baturina-ի