HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից»

Դեռ անցյալ տարի Նանոր Պետրոսյանը սկսել է Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» պիեսի համանուն ներկայացման բեմադրման աշխատանքները։ Նախատեսվում է պրեմիերա այս տարվա ապրիլին, որը տեղի կունենա ոչ թատերական հարթակում, այլ մասնավոր տարածքում։

Փորձերի բուն աշխատանքները սկսված են։ Ներկայացման մեջ ընդգրկված են դերասաններ Հասմիկ Աբովյանը, Գայանե Բալյանը, Արթուր Մանուկյանը, Վահագն Մարտիրոսյանը։

««Թեք տեղը» սկսում է հանրային դրամահավաք՝ «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» պիեսը բեմադրելու համար։ Ապարդյուն դիմելով դրամաշնորհների` որոշեցինք փորձել այս ձեւաչափը»,- գրում է Նանորն իր ֆեյսբուքյան էջում։

Ներկայացման ֆինանսական մասն ապահովելու համար ֆեյսբուքյան օգտատերերը հրավիրում են բոլոր նրանց ուշադրությունը, ովքեր «անկախ արվեստի զարգացմանն աջակցելու ցանկություն ունեն»։

Նանոր, «Թեք տեղի» մասին ի՞նչ կասես։

«Թեք տեղը» թատերական հարթակ է, որն ունեցել է վեց ներկայացում տարբեր տեղերում։

Կոնցեպտուա՞լ թեքություն է։

Ե՛վ այո, եւ՛ ոչ։ Մանրամասնեմ․․․

Ահա

Թեք՝ որպես թեքնոլոջիի, բառիս նախնական իմաստի օգտագործում (ձեռքի ունակություն/արվեստ, պրոցես արված մեթոդոլոգիա՝ իր արտադրելու, ստանալու համար), եւ թեք՝ որպես ոչ ուղիղ տարածք։

Մեր վեց ներկայացումներն էլ եղել են կամ առաջին, կամ երկրորդ ձեւաչափով։

«Վերապատմանը» (վավերագրություն-իմպրովիզացիան), որտեղ կիրառված էր վերբատիմ տեխնիկան, դիտելու կամ «մասնակցելու» հնարավորություն ունեցել եմ։ Հիմա «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» պիեսից եւ բեմադրական տեխնիկայից կարո՞ղ ենք խոսել։

Չէի ցանկանա՝ դեռ չվերջացրած պատմել բեմադրման մասին, թե ինչեր են մոգոնվել, բայց կան մտքեր, որոնք արդեն գործի ենք դրել։ Կարող եմ ասել, որ փորձելու ենք պիեսին ներհատուկ փոխհարաբերությունները հնարավորինս բացահայտել ու փոխանցել՝ չօգտագործելով վուլգարությունն ի նպաստ մեզ։

Կփորձենք հանդիսատեսին բառիս բուն իմաստով ներքաշել պիեսի իրավիճակային իրադրության մեջ։ Ուզում ենք չպաճուճավորել, չչափազանցնել, եւ ամենակարեւորը՝ խոսել իլյուզիայի միայնության կղզու մասին, որն առաջանում է էքզիստենցիալ վաակումից։

Նանոր, հենց այս պիեսը բեմադրելու որոշումն ինչո՞վ էր պայմանավորված։

Անուշ ջան, այս պիեսը կարդացել եմ, երբ դեռ 22-23 տարեկան էի։ Տասը տարի է անցել, եւ մինչեւ հիմա իմ «սեղանի գրքերի» շարքում է։ Տպավորությունն այնքան մեծ է եղել, որ ժամանակ առ ժամանակ վերադարձել եմ։

Պիեսում նկարագրված նման իրադրություններում եղել եմ բազմիցս, ոչ անպայման գլխավոր դերում, հաճախ՝ որպես դիտորդ։ Մի քանի տարի առաջ, երբ որոշեցի, որ էլ չեմ ուզում լինել մասնակից ու գնացի նման հարաբերություններից ու տեղերից, փորձում էի հասկանալ՝ ինչու էի «այդտեղ», ու ինչեր էին կատարվում։ Ներանձնային զրույցներում, ինքնաքննադատության ու հետազոտության արդյունքում հասկացածս փորձելու եմ խմբի մասնակիցների հետ կիսել։ Հուսամ՝ կհասկանանք իրար, կկարողանանք բեմադրել։

Իսկ դիտողը փաստորեն ինչ-որ չափով մասնակի՞ցն է դառնալու ներկայացմանը (դիտող լինելուց զատ)։

Այո, այո․․․ Կիպ, շատ մոտ, ներաճած մասնակից է լինելու, բայց էլի չեմ կարող մանրամասնել, քանի դեռ պատրաստ չի ներկայացումը։ Իրականում կա մտահաղացում, բայց թե ուր կտանի գործընթացը, կերեւա վերջում։

Պիեսին բնորոշ հատուկ բառապաշարն ինչպե՞ս է վերարտադրվելու։ Փոփոխություննե՞ր կան։

Չէ, փոփոխություններ չկան։ Չեմ կարծում պիեսին հատուկ է, երեւի նեղ, մտերմիկ շրջանակներին հատուկ բառապաշա՞ր է։ Հենց դրա մասին էի ասում քիչ առաջ, որ այդ բառապաշարը չենք օգտագործի ի նպաստ մեզ, որպեսզի «ցնցենք», գրավենք հանդիսատեսին․ ընդհակառակը՝ այնքան օրգանական պիտի դառնա, որ, քո բառերով ասած, չլինի այլեւս «պիեսին հատուկ»։

Նանոր, պիեսի բեմադրման եւ հետագա ֆինանսական մասն ապահովելու համար, դրամահավաք սկսեցիրինչպես նկատեցի, «դասական» ձեւով ֆինանսական միջոցներ հայթայթելուց հիասթափության ակնարկ էիր արել։

Հիասթափություն չկա (ինչ-որ իմաստով նույնիսկ նպատակասլացություն է)։ Այսօր ողջ աշխարհում է արվեստը «փնտրում» գումար։ Մեզ մոտ՝ Հայաստանում է, որ թատրոնը «նստած» է պետական սուբսիդավորման վրա, իսկ անկախ մի քանի թատերախմբերը մնում են օդում։

Մենք փնտրում ենք գումար մեր ներկայացումների համար․ վեցից երկուսն ունեցել են հովանավոր (մյուս երկուսը՝ փոքր օժանդակություններով ենք իրականացրել, մնացած դեպքերում՝ առանց ֆինանսավորման)։

Կոնկրետ այս ներկայացման համար երկու անգամ մշակութային դրամաշնորհի եմ դիմել, մեկ անգամ քաղաքական արվեստի դրամաշնորհի, ինչպես նաեւ Մշակույթի նախարարությանը․ մերժել են։

Այսօր ստեղծագործական միտքն իրականացնելու ձեւերից մեկը հենց այսպիսի հանրային օժանդակություններն են, եթե ինչ-որ մեկի օթեւանը չես վերցնում։

Սկզբում շատ անհարմար էի զգում (միգուցե հիմարություն է)․ մտածում էի՝ այսքան խնդիրներով լի աշխարհում, նամանավանդ Հայասատանում, ինչու պետք է մեկը գումար տա ներկայացման համար, բայց նաեւ զգում էի՝ կամ հիմա, կամ էլ երբեք չեմ կարողանա «հավաքել» ներկայացումը (անցնելու էր այն, ինչ հասկացել էի դեռ անցյալ տարվա մարտ-մայիս ամիսներին պիեսի՝ այսինքն իմ, այսինքն թեմայի մասին)։

Սեպտեմբերին գրեթե պատրաստ էի դիմելու, բայց հինգ ամիս եւս ձգեցի ու, երբ հասկացա, որ հիմնական պատճառն ամոթն է, որ հանրային դրամահավաք չեմ անում, միանգամից սեղմեցի «հրապարակել» կոճակը։ Հիմա էլ ասում եմ քեզ այս մասին, որովհետեւ դեռ ուզում եմ «արդարանալ»։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում շատերը կիսվում են քո այս դիմում-հղումով՝ «օգնենք Հայաստանի անկախ արվեստի զարգացմանը» մեկնաբանությամբ։

Մեր ներկայացումները միշտ «անկախ» արվեստի անունից են խոսել՝ թե´ թեմատիկայի, թե´ բեմադրական ոճի առումով, որովհետեւ փորձել ենք հետազոտել թատրոն երեւույթը, մեզ, տվյալ ստեղծագործությունը, հանդիսատեսին․․․ Եվ ապա քննադատել ենք թատրոնը, երեւույթը, մեզ, տվյալ ստեղծագործությունը եւ հանդիսատեսին։

Մեծամիտ է հնչում գուցե, բայց նա, ով նայել է մեր ներկայացումներից գոնե մեկը, չի հակադրվի (խոսքը ներկայացման որակի, լավ կամ վատ լինելու մասին չէ, այլ մոտեցման՝ թատրոնին եւ գործին)։

Չգիտեմ՝ տարածողները մեր ներկայացումներին ծանոթ են, թե չէ, որ այդպես են գրում, բայց նրանց թիվն այնքան շատ եղավ՝ ծանոթ-անծանոթ․․․ Իրենց շատ շնորհակալ եմ։

Պիեսի առանձնահատկություններից կխոսե՞ս։ Իրավիճակային իրադրության եւ ներկայի համեմատության, մեր ներկայի, եթե կա որպես այդպիսին։

Սիրով․․․Պիեսը պատմում է տարիքային տարբերություն ունեցող երկու անծանոթ կամ կիսածանոթ զույգերի մասին։ Զույգը գտնվում է տարիքով մի փոքր ավելի մեծ զույգի տանը։ Ամերկայում են։ Հարբած են եւ շարունակում են խմել։ Սա իրավիճակն է։ Բեմադրելու ենք կամ փորձելու ենք ստանալ հենց այն, ինչ նկարագրված է։

Պիեսում առկա է հոր հովանավորչության, փակ տարածքի, հաջողության ձգտող ու հաջողության չհասած ճակատագրերի, իրար սերտաճած երազանքների, իլյուզիայի եւ ի վերջո սերունդ տալու, զավակ ունենալու խնդիրը։

Մեզ՝ որպես հետսովետական երկրին շատ հատուկ իրավիճակ։ Անկախությունը ձեռք բերած (արյան գնով եւ երազանքների վեհ թռիչքին հավատարիմ մղումներով), այժմ փոքր ու փակ տարածության մեջ՝ նոր սերնդին տարակուսանքով նայող մարդկանց, եւ նախորդ սերունդների իդեալների վրա կրունկներով կոխկրտող, իր իսկ «ես»-ի եւ հաջողությունների վրա կենտրոնացած նոր սերունդի բախումը․․․ Չափազանցնում, գռեհկացնում եմ իրավիճակը, գիտեմ, բայց ուզում եմ դա անել։

«Թեք» տարածությունում, ոչ ֆորմալ ձեւաչափով նման ներկայացումներն արդյոք «թեք»,  «ոչ ֆորմալ» դիտողի համար չեն միայն։ Ի նկատի ունեմ, որ նմանատիպ փորձի հիմնական դիտողը հենց իրավիճակից գլուխ հանող մարգինալ խումբը չի՞ դառնում։

Վստահ չեմ, որ դիտողը մարգինալ է։ Նրանք, ովքեր ինֆորմացիային հասանելիություն ունեն, գալիս են։ Ի նկատի ունեմ՝ ում հետաքրքրում է։ Ի տարբերություն պետական թատրոնների՝ տոմսերը մեծածախ չեն վաճառվում, եւ ոչ էլ տեղ ունենք (դրամարկղ), որ հանդիսատեսը տոմս գնի ու գա։ Ներկայացումները միջոցառումային բնույթ ունեն։

Կարելի է ասել՝ արվեստային ակտ է տեղի ունենում, որը նախապես փորձված է, որի վրա նախապես աշխատում եք։

Կասեմ՝ այո։ Եթե չմասնակցեցիր, այլեւս չես լինի այդտեղ։

ՀԳhանրային դրամահավաքի մասին՝ այստեղ։

Ամերիկացի դրամատուրգ Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինա Վուլֆից» (“Who’s afraid of Virginia Woolf?”) 1962 թվականին գրված պիեսի համանուն առաջին ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել հենց նույն տարի, Բրոդվեյում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter