
2017-ին երեք անգամ ավելի մարդասիրական օգնություն է եկել Հայաստան
2017 թվականին Հայաստան է ներկրվել 48 միլիարդ 781 միլիոն դրամի մարդասիրական օգնություն: 2016 թվականի համեմատությամբ հանրապետություն ներկրված մարդասիրական օգնության ծավալն աճել է 2,2 անգամ:
Ներկրված մարդասիրական օգնության հիմնական և գերազանցող մասը քիմիայի և դրան առնչվող արդյունաբերության ճյուղերի արտադրանքն է եղել: Միայն այս տեսակ օգնությունը կազմել է ընդհանուրի՝ 39 994 միլիարդ դրամը: Այն 2016-ի ներկրման հետ համեմատած աճել է 3,5 անգամ:
Հաջորդիվ, մեծ քանակով, որպես մարդասիրական օգնություն, ներմուծվել է մանածագործական իրեր: Դա կազմել է ընդամենը 1 միլիարդ 929 միլիոն դրամ և նախորդ տարվա հետ համեմատած 39 տոկոսով կրճատվել է:
Ընդհանուր առմամբ՝ մարդասիրական օգնության աճն ապահովել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, պլաստմասե և դրանցից պատրաստված իրերը, կաուչուկ, ռետինե իրեր, կաշվե իրերը, մեքենաներն ու սարքերը, արվեստի ստեղծագործությունները: Մնացած դեպքում՝ մեծամասամբ ներկրված մարդասիրական օգնության չափը 2016-ի համեմատությամբ զգալի չափով նվազել է:
Եթե ամփոփելու լինենք 1 միլիարդ դրամը գերազանցած ներկրված մարդասիրական օգնությունը՝ ըստ տեսակների, այսպիսի պատկեր կստացվի:
Ի տարբերություն 2016-ի՝ նախորդ տարի ավելի քիչ տոննայով օգնություն է ներկրվել, սակայն պաշտոնական վիճակագրությամբ՝ դրա արժեքը ավելի մեծ է եղել:
Եթե 2016-ին ներկրվել է 7506 տոննա օգնություն՝ 21 միլիարդ 856 միլիոն դրամ արժեքով, ապա 2017-ի՝ 4364 տոննա օգնության արժեքը 48 միլիարդ 781 միլիոն դրամ է եղել:
ԱՄՆ-ից ամենաշատ մարդասիրական օգնությունն է եկել
Դոլարային արժեքով 2017-ին Հայաստան է ներկրվել 101 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն: Ամենամեծ ծավալով մարդասիրական օգնություն ուղարկվել է Միացյալ Նահանգներից, դրա արժեքը գերազանցել է ավելի քան 9.4 միլիոն դոլարը: Չնայած ԱՄՆ-ից ներկրված մարդասիրական օգնությունը, 2016-ի համեմատությամբ, չնչին չափով նվազել է:
Մեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկած երկրների ցանկում Շվեյցարիան երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել: Այդ երկրից Հայաստան է ներմուծվել 8.5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն, որը 2016-ի համեմատությամբ մոտ 11 տոկոսով ավելացել է:
Մարդասիրական օգնություն ուղարկած երկրների հնգյակում են նաև Չինաստանը, Գերմանիան, Հնդկաստանը: Դրանց ներկրած մարդասիրական օգնության արժեքը ներկայացված է գծապատկերում:
Հավելենք, որ ԵՄ երկրներից Հայաստան է եկել 15 363 միլիոն դոլարի օգնություն, ԱՊՀ երկրներից՝ 9.3 միլիոն դոլարի օգնություն, իսկ 85,629 միլիոն դոլարի օգնություն Հայաստան է եկել մայրցամաքի այլ երկրներից:
Մեկնաբանել