HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունն» առաջարկում է Սյունիքի 6 գյուղերի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել

Այսօր «Ժառանգություն» խմբակցության անունից  Ստեփան Սաֆարյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին` Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա  հանրային շահ  ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության 2011 թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման շուրջ ստեղծված իրավիճակը եւ ընդլայնվող հանքարդյունաբերության հարուցած խնդիրները Ծննդյան տոներից անմիջապես հետո քննարկելու առաջարկով:

«Ժառանգությունը» առաջարկել է հարցի քննարկմանը հրավիրել Սյունիքի մարզի 5 համայնքների ղեկավարներին, հարցին առնչվող պետական այլ մարմինների ներկայացուցիչներին, ազդակիր համայնքների բնակչության, բնապահպանական կազմակերպությունների ու շարժումների եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչներին, Մարդու իրավուքնների պաշտպանին, ինչպես նաեւ` քննարկման ժամանակ ապահովել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ներկայությունը, ինչպես պահանջում է «ԱԺ կանոնակարգ» օրենքը:

«Ժառանգություն» խմբակցությունը նաեւ պաշտոնապես դիմել է Ազգային ժողովի հինգ մշտական հանձնաժողովների` Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի, Տնտեսական հարցերի հանձնաժողովների նախագահներին` նշված խնդիրներով առաջիկայում համատեղ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով:   

Ղեկավարվելով «Ժառանգություն» կուսակցության 2011թ. դեկտեմբերի 22-ի հայտարարությամբ`  «Ժառանգության» պատգամավորներն այսօր շրջանառության մեջ են դրել Ազգային ժողովի որոշման նախագիծ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա  հանրային շահ  ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման օրինականության ուսումնասիրության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

Ազգային ժողովի որոշման նախագիծը եւ հիմնավորումները բերված են ստորեւ:

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա  հանրային շահ  ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման օրինականության ուսումնասիրության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետև` Հանձնաժողով) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների օրինականության, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, Սյունիքի մարզի Քաջարան եւ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա` Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի, Սյունիք համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա  հանրային շահ  ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման, ուսումնասիրության վերաբերյալ` Ազգային Ժողովին եզրակացություն(ներ) ներկայացնելու համար:

2. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) ուսումնասիրել ԶՊՄԿ-ի մասնավորեցման եւ նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների օրինականությունը,

բ) ստուգել ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարումը,

գ) ուսումնասիրել Սյունիքի մարզի սահմանամերձ Քաջարան եւ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա` Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի, Սյունիք համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա  հանրային շահ  ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման հիմնավորումները եւ օրինականությունը,

դ) առաջարկություններ կամ միջնորդություններ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազությանը, Հատուկ քննչական ծառայությանը եւ պատասխանատու այլ մարմիններին` Հանձնաժողովի հայտնաբերումների ու չարաշահումների բացահայտման դեպքում:

3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է ձեւավորումից սկսած մինչեւ չորրորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի աշխատանքների ավարտը եւ արդյունքների մասին զեկուցում է Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի մարտի 19-22-ի քառօրյա նիստերի ընթացքում:

4. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի.

ա) հարցումներով դիմելու պետական մարմիններին, որոնք հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան օրենքով սահմանված ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ,

բ) իր աշխատանքներում ներգրավելու համապատասխան մասնագետների եւ փորձագետների:

5.  Հանձնաժողովը բաղկացած է վեց անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկական պատգամավոր Ազգային ժողովի խմբակցություններից, եւ մեկ` դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից:

Ձեւավորվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը խորհրդակցական ձայնի իրավունքով իր աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղարկում բնապահպանական ոլորտով զբաղվող հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնությունների եւ պետական մարմիններին, որոնց ցանկը որոշում է Հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերին մասնակցում է նրանցից յուրաքանչյուրի մեկական ներկայացուցիչ:

6. Պատգամավորները Հանձնաժողովների կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ:

7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորներն Ազգային ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ:

8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով:

9. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ, որոնցից մեկը` պարտադիր Հանձնաժողովում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներից:

10. Ազգային ժողովի աշխատակազմն Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:

11. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի մարտի 19-22-ի քառօրյա նիստերի ընթացքում զեկույցի հետ միասին Ազգային  ժողովի նիստում ներկայացնում է նաեւ եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները (այդ թվում` խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է զեկույցին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա  հանրային շահ  ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման օրինականության ուսումնասիրության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է Սյունիքի մարզի 5 համայնքներում 600հա-ից ավելի հողերի շուրջ ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու, ինչպես նաեւ այդ տարածքում հանքարդյունաբերության առաջատար  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման ու գործունեության օրինականության հարցերը  ուսումնասիրելու հրամայականներով:

Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներ բացառիկ` գերակա  հանրային շահ  ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման ընդունումը ուղեկցվել է ընթացակարգային խախտումներով: Մասնավորապես, 5 գյուղերի համայնքային սեփականությունը հանդիսացող տարածքների նպատակային նշանակությունը փոխելու եւ դրանք հանքարդյունաբերության նպատակով ԶՊՄԿ-ին տրամադրելու մասին կանխավ իրազեկված չեն եղել ոչ վերոնշյալ համայնքների բնակիչները, ոչ էլ անգամ համայնքների ղեկավարաները, ինչը վկայում է, որ բացառիկ` գերակա  հանրային շահ  ճանաչելու հղումները կապ չունեն ազդակիր համայնքների հանրության շահերի հետ: Ավելին, այդ համայանքների բնակիչների մեծամասնությունը դեմ է խնդրո առարկա հողերը հանքարդյունաբերության նպատակով օգտագործելուն, քանի որ դա կմեծացնի առանց այն էլ մարզում սրված բնապահպանական եւ ժողովրդագրական իրավիճակը:

Սյունիքի մարզում տարիներ շարունակ իրականացված հանքարդյունաբերությունը ստեղծել է բնապահպանական վտանգված իրավիճակ, հետեւաբար հանքարդյունաբերողների կողմից օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարումը նույնպես անհապաղ ու հանգամանալից ուսումնասիրության անհրաժեշտություն ունի: 

Մեկնաբանություններ (1)

arutyun
Մարդիկ գործ են արել. մտահոգ Սյունիքի բնության բախտով, կարող էին ուրիշների նման ձեռքները ծալած օրվա խնդիրներից, Նոր Տարվա քեֆերին նախապատրաստվել: Մնում է, ասողին լսող լինի և ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովը կազմավորվի, և որ կարևոր է իմիտացիոն բնույթ չկրի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter