HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Ալիևի ռազմավարական նպատակը և Երևանի հումորային տրամադրությունը

Իլհամ Ալիևը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարում ելույթ ունենալիս հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմավարական նպատակը Երևանը վերադարձնել է։ «Երևանի» տակ պետք է հասկանալ Հայաստանը, և պատահական չէ, որ այն ասվել է նախագահի իր թեկնածության առաջադրման ժամանակ։ Դա, ըստ էության, նախընտրական ծրագիր է։

Համագումարի ժամանակ ինչպես գրում է «Հաքքին ազ»-ը, Ալիևն ասել է «Ինձ ուրախացնում է, որ մեր պատմական հողերի պատմության մասին գրվում են գիտական աշխատություններ, նկարահանվում են ֆիլմեր, կազմակերպվում են ցուցահանդեսներ։ Եկող տարիներին այդ հարցում մենք պետք է ավելի ակտիվ լինենք և աշխարհի տարբեր տարածաշրջաններում կազմակերպենք ցուցահանդեսներ և պրեզենտացիաներ։ Որովհետև Երևանը մեր պատմական հողն է, ու մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողերը։ Դա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակն է, ու մենք փուլ առ փուլ պետք է մոտենանք այդ նպատակին»։     

Համագումարի ժամանակ Ալիևը նշել է նաև այդ ստրատեգիական նպատակին հասնելու մեթոդոլոգիան «Հայաստանը դուրս է մնացել բոլոր տարածաշրջանային պրոյեկտներից։ Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական տարածքները չազատագրվեն օկուպացիայից»։

Ադրբեջանի ստրատեգիական նպատակին Հայաստանում այնքան էլ լուրջ չեն վերաբերվում։ Փետրվարի 2-ին «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում  Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանի գնահատմամբ «Ալիևը հիմարություն է դուրս տվել։ Դա պետք է ենթադրել` ազգայնական երևալու համար է։ Ինչու՞ մենք պետք է համարենք, որ Ալիևն այնքան հիմար է, այնքան իրականությունից կտրված է, որ կարծում է` որևէ հնարավորություն կա, որ կարելի է պատկերացնել, թե Երևանը կարող է վերադարձնել, Երևանը կարող է օկուպացնել։ Ադրբեջանի կողմից դա աբսուրդ է։ Չեմ կարծում, որ ինքն այդքան հիմար է։ Ի վերջո աշխարհը նման հիմարներին չի հանդուրժում։ Սա ուղղակի սովորական պրոպագանդիստական հնարք է։ Ինքը կարող է հիմարություններ դուրս տալ, դա չի նշանակում, որ հիմար է»։  

«Հայելի» կայքը նույնպես լուրջ չի վերաբերվում այդ հայտարարությանը, որն արտահայտվում է անգամ հոդվածների վերնագրերում «Հավը երազում կորեկ է տեսնում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները դառնում են ծաղրի առարկա»։

Պաշտոնական Երևանը նույնպես հումորային տրամադրություն ունի։ «Ադրբեջանի գերագույն «սիրամամլիկ»-ը սկսել է իր նախընտրական արշավը»,- Իլհամ Ալիևի հայտարարություններին այսպես է արձագանքել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ալիևի հայտարարությունը ծիծաղելի, ծաղրի առարկա համարողները Հայաստանում բավականին շատ են, և հիմնական կարծիքն այն է, որ ընտրություններից առաջ նա փորձում է հանրության վրա ազզդեցություն ունենալ նման պրոպագանդիստական հնարքներով։

Արդյո՞ք դա պրոպագանդիստական հայտարարություն էր, թե՞ իրոք ռազմավարական նպատակ է, որին հասնելու համար Ադրբեջանը նպատակաուղղված քաղաքականություն է վարում, և պետք է ընդունել, որ բավականին հաջող։ Համենայնդեպս իր խոստումների մեծ մասը՝ այդ նպատակին հասնելու համար, նա, իրոք, կատարում է։

Իսկ թե ի՞նչ քաղաքականություն է նա վարում, ամենալավը հենց ինքը կարող է ասել։ Երկու տարի առաջ` 2016 թվականին, Ապրիլյան պատերազմից ամիսներ առաջ նա ասել էր «Մեր պատմական աշխարհագրությունը շատ լայն է եղել։ Վերջին ժամանակները պատմաբաններն այդ թեմայով ստեղծում են որակով գիտական աշխատություններ, գրում են գրքեր։ Նաև պետք է շեշտեմ, որ այդ հարցերը լուծվում են իմ հանձնարարականներով։ Օրինակ՝ Իրիվանի խանության մասին ստեղծվել է շատ մեծ գիտական աշխատություն։ Այդ աշխատությունը թարգմանվել է մի քանի լեզուներով, որպեսզի ողջ աշխարհը իմանա, որ Իրիվանը մեր պատմական հողն է։ Գյոկչան, Զանգեզուրը մեր պատմական հողերն են։ Մենք կվերադառնանք մեր հողերը։ Վերադարձի համար պետք է ունենալ մտածված ռազմավարություն, հայեցակարգ։ Մենք դա ունենք։ Ռազմավարական գիծը որոշված է, և ամեն տարի մենք ձեռնարկելու ենք մարտավարական քայլեր»։

«Մենք դա կանենք խաղաղ ճանապարհով, նպատակային քայլերի միջոցով։ Բոլոր օբյեկտիվ պատճառները ցույց են տալիս, որ այդ օրը կգա։ Ուղղակի մեզանից յուրաքանչյուրը պետք է այդ օրը մոտեցնի։ Ինչպե՞ս։ Մենք պետք է լինենք ավելի ուժեղ։ Այսօր աշխարհում միջազգային իրավունք ասվածը կարելի է ասել ֆիասկոյի է ենթարկվել։ Այսօր հիմնական փաստարկը ուժն է։ Դա այդպես է»,- մեջբերում է Ալիեւի խոսքերը «Ինտերֆաքսը»։   

Վերադառնանք ևս մեկ տարի առաջ` 2015 թվական։ «Ադրբեջանից Հայաստանին փոխանցած Զանգեզուրի հետևանքով ճեղքվել է թյուրքական աշխարհի աշխարհագրական կապը Իլհամ Ալիև»,- «Տրենդազ»-ում հրապարակված հոդվածում ևս մեկ անգամ մեջբերվում են նրա խոսքերը, որ Գյոկչան, Զանգեզուրը պետք է վերադառնան Ադրբեջան։   

Այս խոսքերից մեկ տարի առաջ ևս՝ 2014-ին, ըստ «Հաքքինազ»-ի՝ Ալիեւը հայտարարել է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հողերը:

Այն թեզը, որ Ալիևի խոսքերը պրոպագանդիստական նպատակներ ունեն և ուղղված են ներքաղաքական խնդիրներ լուծելու համար, համոզիչ չեն հնչում։ 2010 թվականին Ստամբուլում կայացած թյուրքական երկրների ղեկավարների սամիթում ունեցած ելույթում նա հայտարարել է «XX դարասկզբում Զանգեզուրի Ադրբեջանից անջատմամբ և այն Հայաստանին փոխանցմամբ, ըստ էության, ընդհատվել է թյուրքական աշխարհի աշխարհագրական կապը։ Բնականաբար, մեր կապերն օրեցօր ամրապնդվում են, սակայն աշխարհագրորեն մենք միմյանցից տարանջատված ենք»։ «Եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ եթե այդ պատմական անարդարությունը չկատարվեր, ապա այսօր միասնական թյուրքական աշխարհը կմնար միասնական տարածք նաև աշխարհագրական առումով»։  

Այս հայտարարությունն արվել է Ստամբուլում, ԵԱՏՄ-ի անդամ մեր ստրատեգիական դաշնակից պետությունների ղեկավարների ներկայությամբ, որոնք հետաքրքրությամբ լսել են այդ ելույթը և չեն առարկել։ Նշելու համար, որ թյուրքական աշխարհի «ամենացավոտ» կետը Նախիջևանն է, որտեղ ընդհատվում է նրանց ընդհանուր աշխարհագրական կապը, 2009-ին թյուրքական երկրների ղեկավարների հանդիպումը Նախիջևանում է անցկացվել, որի ընթացքում նա ևս մեկ անգամ խոսել է Զանգեզուրի մասին։

Հանդիպման ժամանակ թյուրքական երկրների ղեկավարներին, նրանց հռհռոցի տակ,  Ալիևը զեկուցել է Հայաստանի հարցի լուծման գործում ունեցած առաջընթացը. «Այդ երկիրն ամբողջովին պրոբլեմների մեջ է: Երկրից փախչողների թիվը տասնյակ հազարների է հասնում: Երկրի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է: Աղքատություն, ընչազրկություն, անելանելիություն: Ոչ մի քիչ թե շատ նորմալ հիմնարկություն չկա: Եթե արտասահմանից դոնորություն, հովանավորություն չլինի, այդ երկիրը կփլուզվի: Այդպիսի երկրում, որտեղ բնակչության իրական թիվը 1,5 միլիոն է մնացել, արդեն Թուրքիայից են հողեր ուզում: Նրանց համար Ղարաբաղը քիչ է: Կարծում են, որ Ղարաբաղի հարցը լուծել են: Նրանք խորապես սխալվում են: ... Ժամանակը կգա, և մենք այդ հարցը կլուծենք կամ խաղաղ ճանապարհով, կամ` պատերազմի»:

Սա ասվել է Ապրիլյան պատերազմից տարիներ առաջ, որին, ինչպես պարզվեց, մենք պատրաստ չէինք։ Այդ ընթացքում Հայաստանի ղեկավարությունն իր հիմնական ժամանակը խնջույքներում էր անցկացնում: Թե որքանով են Ալիևի խոսքերը պրոպագանդիստական, ու որքանով` իրատեսական, թող ընթերցողները որոշեն:

Ալիևի ելույթների մեջբերումները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք նպատակաուղղված քաղաքականություն հետ, և պետք է ընդունել նրա խորհուրդը, որ քարտեզին պետք է ուշադիր նայել։ Այդ տեսակետը ներարկվում է դասագրքերի, ֆիլմերի ու գրքերի միջոցով, որոնցով սերունդներ են դաստիարակվում։ Այդ քաղաքականությունը չի դադարելու անգամ Ալիևի` իշխանությունից հեռանալուց հետո։

 

Մեկնաբանություններ (7)

Ստեփան Դանիելյան
Հարգելի Կարեն Վրթանեսյան, ձեր հարցի պատասխանը շատ պարզ է, Եհովայի Վկաներին բանակից ազատելը ԵԽ անդամության համար Հսյաստանի, ոչ թե իմ ստանձնած պարտավորությունն է եղել։ Պարտավորությունները պետք էր կատարել ու դա Հայաստանին, նաեւ բանակի համար էր պետք։ Նաեւ, ում է պետք բանակում զենք չվերցնոց ու ծառայակիցներին չկռվել քարոզող զինվորը։
Մինաս
Կարծեմ վարպետ Գեբելսն է ասել՝ «հարյուր անգամ կրկնեք միեւնույն սուտը եւ բոլորը կհավատան»! Քանի որ մեր խելոքները ձայն չեն հանում, ուրիշները պիտի սկսեն հավատալ որ ադրբեջանցիների ասածի մեջ ճշմարտություն կա: Որոշ ժամանակ հետո էլ ինքներս կսկսենք կասկածել: Սա պետք է պատասխան ստանա՝ ամենավճռական ու կոշտ հայհոյանքով, ամենաբարձր մակարդակով:
Ստեփան
Որն է իմաստը համոզմունքների պատճառով զենք բռնելուց հրաժարվողին բանակ տանելու իմաստը: Ստիպողաբար բանակ տանելու դեպքում ավելի լուրջ խնդիրներ են առաջանում հենց բանակի համար:
Կարեն Վրթանեսյան
Դանիելյան Ստեփան, բա ինչո՞ւ չեք գրում այն մասին, որ նույն տարիներին ամեն կերպ, բոլոր հասանելի հարթակներից, պաշտպանել եք Եհովայի վկաների՝ բանակում չծառայելու իրավունքը։ Ինչո՞ւ մի քիչ էլ Հայաստանի պաշտպանունակության քայքայման գործում Ձեր ներդրումներից չեք խոսում։
Արմեն
ՆԱՈՒՅՆԻՍԿ ԱԶԵՐԲԱՋԱՆԸ ԴՈԼՄԱՆ ՀԱՍՏԱՏԵՑ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐԱԿՈՒՐ: ԾԻԾԱՂԵԼԻ Է? ՄԵՆՔ ՄԻՇՏ ՀՈՒՄՈՐՈՎ ԵՆՔ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ: ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ : ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՈՐԻՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԻՍԿ ՄԵՆՔ ՔԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԸ ԷԼԻՏԱՐ ՇԵՆՔԵՐ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՋՈՒՐ ԼՑՆԵԼՈՎ ԱԶԵՐՆԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ:
Elya
Մեր երկրի գլխին կախված սև ապերի հիմնական մեղավորը ,հանրապետական կուսակցության լկտի պահվածքն է,հայրենիքի ամենա լուրջ վտանգ մատերի արանգով են նայում,և մեր հասարակությունը ներում է այդ հայադավաճ ,իրենից չարիք ներկայացնող թալանչիներին ուշքկի եկեք,հասկացեք,դա նաև Սերժիկի պլաններն է։
Լռելը ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է!
Սա հերթական հայավարի - տնավարի մոտեցումն է - «դե մենք լավ գիտենք որ ինքը հիմար է, էլ ինչու նեղություն քաշենք պատասխանի արժանացնենք!» Եղբայր, հիմար է թե խելոք է, դեմներս երկրի ՊՐԻԶԻԴԵՆՏ է (ի միջի այլոց ՄԳԻՄՕ ավարտած!) Այսպիսի հայտարարությունը խիստ ու ծանրակշիռ պատասխան է պահանջում, այլապես մենք մեզ անհասկացող չմոյի տեղ ենք դնում: Նման բան աշխարհի մեջ չի հանդիպում, ամենատկարին ու տխմարին էլ երբ հայհոյում են, մի բան է պատասխանում: Սա մեր ներքին խոհանոցը չէ, որ մեկը մյուսին ստորացնի սա էլ երեսը սրբի թե՝ «անձրեւ» էր, կամ «վենձ ախպերս» էր ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter