
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են իսրայելական կործանիչը
Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող «իրանական օբյեկտներին», ինչից հետո Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը կրակ են բացել մարտական ինքնաթիռների ուղղությամբ: Արդյունքում, կործանիչներից մեկը վայր է ընկել Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքներում:
Իսրայելական բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Յոնաթան Կոնրիկուսի խոսքերով՝ Իսրայելի տարածքում հայտնաբերվել էր իրանական անօդաչու թռչող սարք՝ արձակված Սիրիայի տարածքից: Դրանից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Սիրայի «իրանական օբյեկտները»:
Կործանված F-16 մարտական ինքնաթիռի երկու օդաչուներն էլ կատապուլտի օգնությամբ դուրս են թռել, նրանցից մեկը ծանր վիրավոր է: BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով իսրայելցի զինվորականներին, հայտնում է, որ օդաչուները տեղափոխվել են ռազմական հոսպիտալ:
Իսրայելի պաշտպանության բանակը թվիթերյան պաշտոնական էջի միջոցով հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ «իրենք վճռականորեն են գործելու Իսրայելի ինքնիշխանության նմանատիպ լուրջ խախտումների դեմ՝ Սիրիայի և Իրանի կողմից»:
Սիրիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը: Ավելի վաղ, նմանատիպ լարված իրավիճակներում նրանք մեղադրել են Իսրայելին՝ դրսևորած ագրեսիայի և ՀՕՊ զորքերի կիրառման համար: Այնուամենայնիվ, սա առաջին դեպքն է, որ սիրիական բանակին հաջողվում է իսրայելական մարտական ինքնաթիռ խոցել:
Միևնույն ժամանակ սիրիական պետական «Սանա» գործակալությունը անանուն աղբյուրի վրա հղումով հայտնում է, որ սիրիական ՀՕՊ-ը միայն մեկ ինքնաթիռ չի խոցել, այլ ավելին: ՀՕՊ ուժերը հետ են մղել Սիրիայի կենտրոնում գտնվող ռազմաբազաների վրա գրոհող իսրայելական մարտական ինքաթիռները:
Լուսանկարը՝ Ronen Zvulun / Reuters
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել