Եթե այս բարեխղճությամբ են աշխատում նաեւ ժողովրդի հետ
Վիկտոր Մարտիրոսյան
«Հետք» էլեկտրոնային թերթում դեկտեմբերի 23-ին տպագրվել է «Հայաստանի Օրհուս կենտրոնների արձագանքը» անստորագիր նյութը: Հավանաբար հոդվածի տակ ստորագրության փոխարեն դրված «Հայաստանի Օրհուս կենտրոնների ցանց» անվանումը ինչ որ մեկի կամ կազմակերպչի ծածկանունն է, քանզի նման անվանումով գրանցված կազմակերպություն, միավորում չկա: Այդ իսկ պատճառով նյութը վերնագրում եմ ոչ թե որպես պատասխան, այլ հասցեագրում եմ խմբագրությանը:
Նկատի ունենալով, որ արդեն բավականին ժամանակ է, ինչ քննարկվում է Օրհուս կենտրոնների հետագա կարգավիճակի հետ կապված հարցը, թերևս այս խոսակցությունը արդյունավետ կարող է լինել, եթե փոխադարձ հարգանքի ու հավուր պատշաճության շրջանակներում բարձրացված հարցերի վերաբերյալ հնչեն կարծիքներ, շարադրվեն նոր տեսակետեր:
Գուցե արդյունքում ի հայտ գան գաղափարներ, որոնք երբևէ չեն քննարկվել, և որոնց քննարկումը օգտակար կլինի հետագա զարգացումներին: Կարծում եմ` բոլորի շահագրգռվածությունը նույնը պետք է լինի` բոլոր հնարավորություններն օգտագործել ի շահ երկրի:
Ես ևս մեկ անգամ վերընթերցեցի իմ նախորդ գրածը, որի արձագանքն է վկայակոչված նյութը: Չգտա վիրավորական որևէ ձևակերպում, որ կարող էր կտրուկ պատասխան ենթադրել, ընդ որում` խոսքը միայն օրհուս կենտրոնները բյուջեից ֆինանսավորելու պարագային էր վերաբերում, դեռևս ոչ գնահատական է տրվել, ոչ պիտակավորում, այսինքն` որևէ մեկի «հավին քըշշա՛ չի ասվել»:
Բայց, պարզվում է, ես ոչ միայն «քըշշա» եմ ասել, այլ նաև քարեր եմ նետել, ու իմ նետած քարերից մեկն ընկել է ոչ այլ ուր, այլ հենց Լարիսա Փարեմուզյանի բոստանը: Թե ինչու է այս տիկինը այդքան կտրուկ արձագանքում, կարող եմ թերևս ենթադրել, որովհետև նաև կոնկրետ անձի, կազմակերպության անուն է տալիս: Հավանաբար տիկինը չգիտի կամ իմացել, բայց մոռացել է, որ իր վկայակոչաց մկնդեղի գերեզմանոցի ծրագրին հավանություն տվողներից մեկն էլ ես եմ եղել, որպես բնապահպանության նախարարության ներկայացուցիչ:
Տեղեկացնեմ նաև, որ ես ոչ միայն այդ պրոբլեմի մասին գիտեմ, այլ, որպես ԳԷՀ-ի հետ աշխատանքները համակարգող անձ, նաև իմ ակտիվ նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի միջոցով պատրաստվել և ԳԷՀ է ներկայացվել «ԿՕԱ-ների վնասազերծում և հեռացում» դրամաշնորհային ծրագիրը, որը իր մեջ ներառում է հանրապետությունում առկա ԿՕԱ-ների ողջ ծավալները:
Տեղեկացնեմ տիկնոջը նաև, որ իր վկայակոչած ծրագիրը, մինչև ֆինանսավորման ներկայացվելը, պետք է երաշխավորվեր առնվազն երկու անձի` արտաքին գործերի նախարարության և բնապահպանության նախարարության ներկայացուցիչների կողմից, որոնցից մեկը, ինչպես արդեն ասացի, ես եմ:
Հակառակ դեպքում, համաձայն գործող ընթացակարգի, որևէ ծրագիր չէր կարող հաստատվել, առավել ևս ֆինանսավորվել: Ոմանցով հիանալը տիկնոջ խնդիրն է, բայց լավ չէ, որ ստիպեց ինձ ինչ որ բաներ հիշեցնել: Անհամեստ է, բայց թող անտեղյակի տեղ չդնի մարդկանց, ովքեր ոչ միայն գիտեն դա, այլև ուղիղ կապ ունեն այդ ամենի հետ: Տիրուհի, ընկերուհի խաղացնելու տեղն ու ժամը չէ:
Մի դիտարկում ևս. հիշեք` բոլոր այն գումարները, որ Ձեր կարծիքով այս կամ այն կազմակերպության փողերն են, կամ որոնց գլխին կանգնած են այդ օֆիսների հատկապես տեղացի պաշտոնյաներ և ցույց են տալիս, թե իրենց զոհողությունների, իմաստության, նվիրվածության, ինչպես նաև իրենց կողմից ցուցաբերած կամեցողության արդյունքնն է, որ դուք ծրագրի գումար ունեք, իրականում այդպես չէ:
Այդ գումարները միջազգային կազմակերպությունների, տարբեր հիմնադրամների, կոնվենցիաների քարտուղարությունների ու ֆոնդերի, գործընկեր երկրների կողմից մեր երկրի համար նախատեսված/հատկացված միջոցներ են, և երկիր են մտնում կառավարության (այս պարագայում կառավարությունը ներկայացնում են բնապահպանության և արտաքին գործոց նախարարությունները) վարած քաղաքականության, ստորագրած փաստաթղթերի, միջազգային կազմակերպություններ ներկայացված ծրագրերի արդյունքում:
Չարժե անտեղյակության պատճառով երկրի ներսում, տարբեր միջազգային ֆորումներում անհիմն փնովել, ցեխ շպրտել սոցիալական ու ֆինանսական դժվարին պայմաններում իրականացված գործողությունների, և դրանց արդյունքում երկրի ձեռքբերումների վրա, որոնցից մեկը վերաբերում է հենց Էսպո կոնվենցիային (բարի եղեք գոնե նայելու Ազգային Ժողովի կողմից վերջերս ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը):
Հարկավոր է խոսակցությունը հայտարարությունների, անհիմն մեղադրանքների դաշտից տեղափոխվել փաստարկված, փաստաթղթերով հիմնավորված քննարկման հարթություն:
Նախ` հարգելի չգիտեմ ինչ Օրհուս կենտրոնների ցանց, ին՞չ է նշանակում անանուն-խմբակային ստորագրությունը: Ուզում եք հասկացնել, թե դուք համախմբված եք, միասնական եք, կոչնչացնեք ձեր քիմքին անհաճո ցանկացած կարծիք արտահայտողի:
Խմբով ստորագրելը հիշեցնում է 30-ական թվերը, երբ դու նյութը տալիս ես, գուցե ինչ-որ մեկը օգտագործի, մեկ է` ոչ ոք քեզանից հաշիվ չի պահանջում, որովհետև դու դեմք չունես, դու անուն չունես, դու տեսանելի չես, բռնելի չես, ամորֆ ինչ-որ մի բան, ավելին` հետո կարող ես արդարանալ, թե ես այդ ամենի հետ կապ չունեի: Իրականում ազնիվ կլինեն նրանք, ովքեր հիմա ասեն, որ չեն ուզում այս ամենի հետ գործ ունենալ, որ նյութը դեմ են տալիս ստորագրության, որ վախենում են իրենց աշխատանքը կորցնել, որ ոչ մեկը 1 տարուց ավել պայմանագիր չունի: Տխուր է: Այնինչ կարող էր այլ կերպ լինել: Կապվածի ընդվզումը գիտեք ինչն է, համենայն դեպս ոչ թռիչքը: Ափսոս, ինքներդ եք Ձեզ կապել ինչ որ մեկի փեշին, գոնե բարձր մատերիաներից մի խոսեք: Ինչու՞ եք Ձեր ձեռքով խաթարում Ձեր իսկ կողմից Ձեզ համար ստեղծած «դեմոկրատական արժեքներ կրողի» կերպարը:
Մարդ եմ, Հայաստանի քաղաքացի եմ, ենթադրենք, թե ինչ-որ հարցերում այնքան էլ Ձեր սրտովը չեմ, բա ես իմ կարծիքը չե՞մ կարող ունենալ, ինչու՞ Ձեզ կոռեկտ չեք պահում: Պարզվում է, որ օրը ցերեկով ես գողացել եմ Օրհուս կենտրոնները (ինչ-որ մուլտֆիլմ չէք հիշում): Մեջբերում եմ ձեր գրածը.«2010թ. ԵԱՀԿ-ն պլանավորում էր Օրհուս կենտրոնների կառավարման համար պայմանագիր կնքել «Տեղեկատվական վերլուծականի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, քանի, որ վերջինս ԵԱՀԿ-ի բազմամյա վստահելի գործընկերն էր, բայց Վ. Մարտիրոսյանի ակտիվ միջնորդության արդյունքում և պետական բյուջեից համաֆինանսավորում ապահովելու խոստման պատճառով, պայմանագիրը կնքվել է «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որի տնօրենը Վ. Մարտիրոսյանն էր: Ծրագրի շրջանակներում վճարովի հիմունքներով աշխատանքի է ընդունվել նաև տվյալ ՊՈԱԿ-ի աշխատակիցը, որը ապահովում էր կապը կենտրոնների հետ»:
Ես իմ հետաքրքրություններին հագուրդ տալու համար չէ, որ զբաղվել եմ Օրհուս կենտրոններով, դա եղել է պետականորեն ինձ տրված հանձնարարության շրջանակներում, որպես ԵԱՀԿ-ի հետ բնապահպանության նախարարության աշխատանքները կոորդինացնող ներկայացուցիչ:
«Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ն էլ ընդամենը հաշվապահություն պետք է աներ, ամբողջ բյուջեն, մինչև վերջին կոպեկը ԵԱՀԿ-ի կողմից տող առ տող բաշխված էր, որևէ մեկը դրա համար կոպեկ չէր ստանալու:
Սակայն մենք համաձայնվել ենք դա անել, որովհետև այն մեր կողմից դիտարկվել է որպես օրհուս կենտրոնների վերաբերյալ կառավարության կողմից ստանձնված պարտավորության մի մասի կատարում: Համոզեցի, իհարկե ոչ: Գիտեմ` հեշտ համոզվողը չէք, մանավանդ` եթե չեք ուզում համոզվել:
Այդ իսկ պատճառով ստիպված եմ վերադառնալ 2009 թվական, երբ պատրաստվում էր և 2010-ին ուժի մեջ պիտի մտներ օրհուս կենտրոնների վերաբերյալ քննարկումների արդյունքում ԵԱՀԿ-ի կողմից պատրաստված Հուշագիրը: Հուշագրի նախագծում սևով սպիտակի վրա գրաված է, որ «ԵԱՀԿ գրասենյակի հիմնական գործառույթը կենտրոնների կայացումն է, դրանց համար ֆինանսական և կազմակերպչական հնարավորությունների ստեղծումը, կենտրոնների ֆինանսավորման ու կառավարման գործառույթներն աստիճանաբար պետք է անցնեն նախարարություններին ու տեղական իշխանություններին: Այս հուշագրով դիտարկվում են կենտրոնների կառուցվածքային, ֆինանսական և կառավարման հարցերը առաջիկա 3-5 տարիների համար` սկսած 2010 թվականից, ներգրավելով Բնապահպանության և Տարածքային կառավարման նախարարությունները, տեղական իշխանությունները»:
Հարցնենք` սա՞ նկատի ունեն, երբ խոսում են 2010 թվականի պլանների մասին: Չի կարելի օրը ցերեկով այսպես ստել, կատարված գործ կա, գրված թղթեր ու արձանագրություններ կան, վերջապես ապրող մարդիկ կան:
Այդ հուշագրի մեջ էր մտնում նաև 2009-2012 թթ. ֆինանսավորման ժամանակացույցը, որով նախատեսվում էր ԵԱՀԿ-ի 2009-ի 100 տոկոսանոց ֆինանսավորումը 2013-ին թողնել միայն ծրագրային ֆինանսավորման ձևով:
Հարց` ս՞ա է խոստացել Վ. Մարտիրոսյանը, երբ քթներիդ տակից «փախցնում» էր օրհուս կենտրոնները:
Հիշեցնում եմ` այս առաջարկությունը և համաձայնեցումները հեղինակել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, օրհուսների ուղղությամբ կատարված բոլոր քննարկումների վերաբերյալ տեղեկացված են համապատասխան մարմինները:
Միայն այսքանը չէ սխալ ինֆորմացիայում:
Երբ կային «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ը և օրհուս կենտրոնների մեծ մասը, համակարգում չկար Վ. Մարտիրոսյանը:
Ինչու՞ չեք կնքել պայմանագիր, ուր՞ է Ձեր համագործակցության առաջարկի գոնե նախագիծը, և եթե դա հնարավոր է, ինչու 2010-ի հունիսին, երբ դադարեցվեց պայմանագիրը «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, պայմանագիր չկնքեցիք «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, այլ գումարները տվեցիք ինչ-որ հասարակական կազմակերպության, որի նախագահը կենտրոններից մեկի կոորդինատորն է:
Մրցույթի մասին լոլոներ չկարդաք, իսկ ու՞ր է շահերի բախումը: Դա արդեն եղել- անցել է: Հիմա ինչո՞ւ չեք կնքում: Հոդվածագիրը (կարճ լինելու համար այսուհետ այսպես անվանենք այսպես կոչված Օրհուս կենտրոնների ցանցը ) մինչ այդ ևս մեկ սխալ հայտարարություն է անում, իբր` «ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սկսած 2002թ. Օրհուս կենտրոնները ֆինանսավորելու նպատակով պայմանագրեր է կնքել ՀՀ Բնապահպանության նախարարության «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի, մի շարք ՏԻՄ-երի հետ և մինչ 2010թ. ոչ մի խնդրի չի ունեցել»:
ՊՈԱԿ-ի հետ կնքված ձեր պայմանագիրը գործում է նաև այսօր, այն վերաբերում է ոչ թե օրհուս կենտրոնները ֆինանսավորելուն, այլ օրհուսի կայքի սպասարկմանը:
Սխալ է նաև վերջին արտահայտությունը, թե վճարովի հիմունքներով աշխատանքի է ընդունվել նաև ՊՈԱԿ-ի աշխատակիցը:
Պայմանագիրը այդ աշխատակցի` Ռուզաննա Մարտիրոսյանի հետ (ազգանունը պատահականորեն է համընկնում, ազգակցական կապ մի փնտրեք, եթե լիներ, արդեն գրած կլինեին) կնքել է ՊՈԱԿ-ը, ինչպես որ, որպես պատվիրատու, ՊՈԱԿ-ն է կնքել պայմանագրեր բոլոր կենտրոնների կոորդինատորների հետ:
Ռ. Մարտիրոսյանը ֆինանսավորվել է այդ ծրագրի շրջանակներում, սակայն ՊՈԱԿ-ի աշխատակից չի եղել:
Ասեմ նաև, որ Ռ. Մարտիրոսյանի թեկնածությունը համաձայնեցվել է ԵԱՀԿ-ի օրհուսների աշխատանքը համակարգող աշխատակցի հետ: Այդ ժամանակ Ռ. Մարտիրոսյանը նոր էր վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ անցել էր 1.5 տարվա վերապատրաստում Humphry Fellowship Programme ծրագրով` ընտրելով Environmental Management and Policy, Project management որակավորումը:
Նրա «դժբախտությունն» այն էր, որ նա գլխի չընկավ, որ պիտի մոռանար իր գիտելիքների ու որակների մասին և լիներ ոմանց հրահանգների պարզ կատարող, նա չէր տեղավորվում այն ստանդարտների մեջ, որոնք գծել էր օրհուսների «վայ կոորդինատորը»:
Առաջին կոնֆլիկտը ձևավորվել է օրհուս կենտրոններ ուղղված մի երկտողի առիթով, որը կազմակերպչական բնույթի հանձնարարական ուներ իր մեջ: Սա վիրավորեց «ազատատենչ» կոորդինատրների մի մասին, և նրանք շատ արագ համախմբվեցին ու իրենց փետրավոր առաջնորդի հետ բռնեցին պատերազմի արահետը: Սկսվեց այն, ինչ շարունակվում է մինչև օրս:
Չներքաշվելով գործառույթների «բաժանման» և կառավարությունը խորհուրդներ տալու անլուրջ խոսակցության մեջ, ուզում եմ անդրադառնալ ևս մեկ խնդրի` մնացած հարցերը թողնելով հետագային:
Ոմանց շատ է վրդոհվեցնում իմ այն ձևակերպումը, երբ ասում եմ, որ օրհուս կենտրոնները իրենց վրա վերցրել են հասարակական կազմակերպության գործառույթ: Դա պնդում եմ այժմ ևս, և դրա մեջ ոչ մի վիրավորական բան չեմ տեսնում: Այս զարգացումն է ստացել նաև հարևան երկրում` Վրաստանում, և մարդիկ ազնիվ են գտնվել ու դրան տվել են հ/կ-ի կարգավիճակ: Ինչի՞ց եք նեղվում:
Առայժմ մեկ-երկու տեխնիկական կողմ:
Ասենք` Գյումրու oրհուս կենտրոնը կազմակերպում է որևէ միջոցառում, հավաքվել են ալամ աշխարհի մարդիկ, այդ թվում նաև հ/կ-ները, բնական է նաև նույն ինքը` Գյումրու օրհուս կենտրոնի տնօրենը, որը միաժամանակ «ԲԻՈՍՈՖԻԱ» հ/կ-ի տնօրենն է:
Կենտրոնի տնօրենը աջ կիսադեմով ներկայացնում է հարցը` ելնելով կառավարություն- ԵԱՀԿ հուշագրից, օրհուս կոնվենցիայից, հարցի նկատմամբ պետական դիրքորոշումից, իսկ հետո գրպանից հանում է ծաղկավոր գլխաշորը, կապում գլխին ու նշանավոր ֆիլմի նշանավոր կերպարի պես ասում` А теперь я Наташа, ու ձախ կիսադեմով կատարում իր կենտրոնի հերոսական ներդրումը:
Նույն իրավիճակն ունենք այլ կենտրոններում նույնպես: Սա դեռևս այսպես ասած ֆիզիկական ընդհանրությունն է, գործունեության վերլուծությունը թողնենք հետագային:
Եվ առհասարակ, կարծես վատ ավանդույթ է ձևավորվում` պետական համակարգից հեռացված մարդիկ իրենց մասնագիտական անկարողությունն սկսում են քողարկել արդարի ու արդարադատի, տուժվածի ու հալածվածի և իհարկե վերջում` մարտնչողի շինծու կերպարի տակ:
P.S. 1. Չթվա, թե մյուս հարցերից խուսափում եմ կամ դրանք մտածված շրջանցում եմ: Տարեվերջ է, անելիքները շատ են, կարճ գրելու համար` ժամանակը քիչ: Կոռեկտ և շահագրգիռ քննարկման դեպքում պատրաստ եմ արձագանքել բոլոր հարցադրումներին, ներկայացնել հիմնավորումներ,այդ թվում նաև օրհուս կենտրոնների կողմից ժամանակին ներկայացված փաստաթղթերի, ներկայացման ժամկետների վերաբերյալ, ինչպես նաև գործնական նամակագրության որոշ օրինակներ:
2. Օրհուս կենտրոնների սուրբ գործն է հանրությանը սովորեցնել անհրաժեշտ ինֆորմացիա հայթայթելու քաղաքակիրթ ձևերը: Տարօրինակ է, որ նրանք չգիտեն, որ «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ԾԻԳ պետական հիմնարկի իրականացրած ծրագրի վերջնական գնահատման հաշվետվությանը, կատարված Համաշխարհային Բանկի անկախ փորձագետների կողմից, 2009 թվականին ներկայացվել է հինգ` բնապահպանության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններ, ինչպես նաև Վերահսկիչ պալատ, այս պահին էլ հայերեն ու անգլերեն լեզուներով տեղադրված է ՀՀ Վերահսկիչ պալատի վեբկայքում:
3. Ամբողջ 3 տարի, մինչև ինձ հետ ոմանց տարաձայնություն ունենալը, որևէ օրհուս կենտրոն «ԲՊԿՉՆ» ԾԻԳ պետական հիմնարկի, այնուհետև «ԲԾԿ» ՊՈԱԿ-ի վերաբերյալ ինֆորմացիա չէր խնդրում: Ինչո՞ւ, որովհետև ես որոշում կայացնո՞ղ էի, ինձնից կախու՞մ ունեիք: Հետո եկավ ինֆորմացիայի քաղցի շրջանը: Հարց` ինչո՞վ է դա պայմանավորված: Պարզապես պատժիչ գործիք եք դարձել, ԵԱՀԿ-ի անունը չարաշահելով մարդկանց եք ահաբեկում: Հետո ուզում եք, որ մարդիկ մտածեն, թե լուրջ մտադրությամբ եք գործում ու աջակցեն ձեզ: Եկեք այս և նմանատիպ այլ հարցերի մասին բարձրաձայն մտածենք:
4. Խոսքով ընկանք` մոռացանք տիկին Փարեմուզյանին: Տիկինը պնդում է, ու տոնից երևում է, որ դիմացինին անհասկացողի տեղ է դնում նաև, թե ինչու ըմբռնումով չի մոտենում Լոռու մարզում 3 կենտրոնների առկայությանը: Ինքը դա հիմնավորում է հանքարդյունաբերության մեծ ծավալներով: Հարց տիկնոջը, իսկ ինչո՞վ է պայմանավորված Սյունիքի մարզում երկու կենտրոնների ներկայությունը: Դարձյալ հանքարդյունաբերության ծավալներո՞վ: Համաձայնվենք, բայց շարունակենք հարցապնդումը: Ինչո՞ւ հանքարդյունաբերությամբ ծանրաբեռնված Կապանի կենտրոնում աշխատում է մեկ կոորդինատոր, իսկ Գորիսի գրասենյակում` 2, Կապանի վրա որպես աշխատավարձ ծախսվում է 250 եվրո, Գորիսի կենտրոնի վրա` 360 եվրո (թվերը, բնականաբար, անցյալ տարվա հունիս ամսվա ժամանակահատվածով են, դրանից հետո ես օրհուս կենտրոններով չեմ զբաղվել): Արածը արջի ծառայություն դուրս եկավ: Հարցերը շատ են, պատասխան տվողները` քիչ:
P.S. 5. …P.S. 6. … P.S. x:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել