HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովի «վիշապները»

Խոսքը բնավորությամբ վիշապ պատգամավորների մասին չէ: Արեւելյան հորոսկոպով 2012 թվականը վիշապի տարի է եւ վիշապի տարում է ծնվել 11 պատգամավոր. ՀՀԿ-ից՝ Արայիկ Հովհաննիսյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Աշոտ Աղաբաբյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, Գրիգորի Մարգարյանը, ԲՀԿ-ից`Հրանտ Մադաթյանը, Ռոբերտ Թովմասյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը, Մարզպետունի Մանուկյանն ու Գագիկ Բաղդասարյանը: 

Աստղագետներն ասում են, որ դժվար տարի է նրանց սպասվում, սակայն կարեւոր եւ հաջողակ է այն լինելու: Մարտերի ու հաղթանակների տարի է: Վիշապի տարում պետք է իրականացնել բոլոր կարեւոր ծրագրերը, ինչը որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ պատգամավորներն անում են:

Արայիկ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ամանորը նշելու է Երեւանում` տանը: Պատգամավորը հորոսկոպին շատ չի հավատում, սակայն սպասելիքներ այնուամենայնիվ ունի: «Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր անձ իր ներսում ինչ որ բանի սպասումներ ունի: Աառավել եւս, որ եկող տարին վիշապի տարի է, եւ ես էլ վիշապի տարում եմ ծնվել, եւ կարող է դա էլ ազդեցություն ունենա, ու պետք է, որ տարին հաջողակ լինի»,-ասում է Արայիկ Հովհաննիսյանը:

Պատգամավորների համար ամենատպավորիչ Նոր տարին եղել է մանուկ հասակում, քանի որ սպասումներն ավելի շատ են եղել: Արայիկ Հովհաննիսյանն ասաց, որ հատուկ ուշադրություն չի դարձրել, թե մինչեւ որ տարիքում է Ձմեռ պապին հավատացել, սակայն հիշեց, որ մանկապարտեզում ինքը անհամբեր սպասել է ամանորյա միջոցառումներին եւ Ձմեռ պապի գալուն:

Հովհաննես Մարգարյանն ասաց, որ վերջին մի քանի տարիներին Նոր տարին դիմավորում է իր կուսակից ընկերների հետ` հանդիսությունների սրահում, որից հետո վերադառնում է տուն` Գյումրի: Պատգամավորն ավելի շատ քաղաքականացրեց իր սպասելիքները Վիշապի տարուց: Ըստ նրա` սպասում է, որ Գյումրիում անօթեւան ընտանիքներ չլինեն, իսկ ինչ վերաբերում է անձնական սպասելիքներին, ապա այս հարցում էլ պատգամավորը զերծ չմնաց քաղաքականությունից: «Մտածում եմ՝ արդյոք կկարողանամ արդարացնել ընտրողներիս սպասելիքները եւ այն վստահությունը, որ տվել են ինձ»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Ինչ վերաբերում է տոնական ուտեստներին, ապա Հովհաննես Մարգարյանը նշեց, որ Գյումրիի խոհանոցը տարբերվող խոհանոց է, եւ ինչ ընդունված է Գյումրիում դա էլ դրվելու է իրենց տոնական սեղանին: «Ինձ համար խնդիր չէ, թե անպայման սա պիտի լինի սեղանին եւ այլն: Կարեւորը ուրախ դիմավորենք տարին եւ կարողանանք անկեղծ ցանկություններ հղենք միմյանց: Սակայն կա մի ուտեստ, որ ավանդական եկել է եւ մեր սեղանին պարտադիր լինում է, դա պասուց տոլման է»,- ավելացրեց պատգամավորը:

Հովհաննես Մարգարյանը նշեց, թե Ձմեռ պապին միշտ հավատացել է: Այս տարիքում, իհարկե, Ձմեռ պապի գոյությանը չի հավատում, սակայն այն բարությունը, որ ներշնչվել է իր մեջ, դեռ պահպանվել է Ձմեռ պապի նկատմամբ: «Ինչ-որ բան մեջս կա, որ Ձմեռ պապիկին տեսնում եմ ու հիշում եմ իմ մանկությունը, եւ այդ հավատը մեջս պահպանվում է»,-հավելեց ՕԵԿ-ական պատգամավորը:

Ռաֆիկ Պետրոսյանն էլ ասաց, որ ոչ մի տարի Ամանորը դրսում չի նշել եւ միշտ տանն է եղել` հարազատների եւ զավակների ընտանիքների հետ միասին: «Ինչ վերաբերում է սպասելիքներին, իհարկե, ընտանեկան ցանկությունների առումով շատ մեծ ակնկալիքներ չունեմ, առաջին հերթին առողջություն եմ մաղթում ընտանիքիս բոլոր անդամներին, իսկ ընդհանուր` խաղաղություն եմ մաղթում, եւ պատերազմական վիճակներից հեռու լինենք, եւ պետությունը, կառավարությունը, պաշտոնատար անձինք կարողանան աշխատել, տնտեսությունը զարգացնել, եւ ժողովրդի վիճակը բարելավվի»,- ասում է պատգամավորը:

Պատգամավորի խոսքով` իր համար բոլոր տարիները երջանիկ են եղել մինչեւ 3 տարի առաջ, երբ մահացավ որդին, դրանից հետո երջանկության մասին խոսելն ավելորդ է համարում:

Ռաֆիկ Պետրոսյանը Ձմեռ պապի գոյությանը հավատացել է մինչեւ 10 տարեկան լինելը: «Ինձ ոչ մեկ չի ասել, որ Ձմեռ պապ իրականում չկա, իմ սեփական ինտելեկտով իմացել եմ»,-ավելացրեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ կառավարությունն ընդամենը մեկ «վիշապ» ունի` սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter