HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարիների գիտական կենսագրություն բանտում և զրո խրախուսանք

Վերաքննիչ դատարանը լսում է Արսեն Արծրունու ներկայացուցիչների բողոքը

Թեև 24-րդ տարին բանտում գտնվող, «Դրոյի» գործով մահապատժի դատապարտված 56-ամյա Արսեն Արծրունին պատժի կրման ընթացքում ունեցել է բազմաթիվ գիտական, կրթական ձեռքբերումներ, այդուհանդերձ որևէ անգամ խրախուսանքի չի արժանացել: Փոխարենը՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մատնանշել է 23 տարիների ընթացքում 3 տույժերը, այն էլ ընտանիքի հետ կապ պահելու համար բջջային հեռախոսներ հայտնաբերելու մասին, և որոշել մերժել Արսեն Արծրունուն պայմանական վաղաժամկետ ազատել: Մինչ այդ, անկախ հանձնաժողովը առանց որևէ պատճառաբանության, փակ գաղտնի քվեարկությամբ բացասական եզրակացություն է տվել Արծրունուն:

Նրա ներկայացուցիչներ Նարինե Ռշտունին և Ռոբերտ Ռևազյանը առաջին ատյանի մերժումը բողոքարկում են Վերաքննիչ դատարանում:

Թեև «Արթիկ» ՔԿՀ-ն դրական է բնութագրել Արսեն Արծրունուն, որտեղ և գտնվում է ցմահ դատապարտյալը 2014 թ-ից, այդուհանդերձ ՔԿՀ-ի վարչակազմը դարձյալ որևէ խրախուսանքի չի արժանացրել նրան: Այսպես՝ նրա ներկայացուցիչները բողոքում թվարկել են, որ 2015-ին Արծրունին հեռակա կարգով մասնակցել է Երևանում տեղի ունեցող միջազգային գիտաժողովի, որի առիթով հրապարակել է գիտական հոդվածը,  2016թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական Միջազգային Կենտրոն՝ որպես հայցորդ՝ սոցիալական հոգեբանության թեմայով: Դատավոր Սերգեյ Չիչոյանի հարցին, թե ինչ պետք է անի դատապարտյալը, որ նրան խրախուսի վարչակազմը, ՔԿՀ ներկայացուցիչը պատասխանեց. «Եթե Արծրունին պարկեշտ մարդ է, օրենք չի խախտել, ուրեմն պիտի խրախուսվի՞»: Փոխարենը պատմեց, որ մի դատապարտյալի վերջերս խրախուսանք են տվել, ով եկեղեցու մոտի հողն է փխրեցրել, մաքրել տարածքը:

Այնինչ Քրեակատարողական օրենսգրքի 51-րդ հոդվածը նախատեսում է, որ օրինապահ վարքագծի համար դատապարտյալը կարող է խրախուսվել: Ըստ նույն հոդվածի` անգամ տույժերը կարող են հանվել խրախուսանքով: Հետևաբար, ինչն է պատճառը, որ հատկապես դատապարտյալների այս խմբին հազվադեպ են խրախուսում: «Հետք»-ի այս հարցին ի պատասխան Նարինե Ռշտունին նշեց՝ այն պարզ պատճառով, որ դատարանում պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը քննարկելիս դատախազը, ներկայացուցիչը, դատավորը հարցնեն՝ իսկ ուր են խրախուսանքները, ինչու անձը չի խրախուսվել, «որ այդպիսով մերժումները գոնե ձևական հիմք ստանան»:

1996-2014 թվականները Արսեն Արծրունին պատիժը կրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ 2005-2006թթ. Արսեն Արծրունին կազմակերպել է անգլերեն լեզվի դասընթացներ ցմահ ազատազրկվածների համար: 2007 թ. ընդունվել է Երևանի «Ուրարտու» համալսարանի ընդհանուր հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրա, 2010թ. ավարտել է մագիստրատուրան և ստացել գերազանցության դիպլոմ: Նույն տարում՝ 2010թ. ընդունվել է նույն համալսարանը, որպես հայցորդ՝ իրավաբանական հոգեբանության թեմայով:

Արսեն Արծրունու բանտային կենսագրության մասին վկայող փաստաթղթերի մի մեծ փաթեթ՝ շուրջ 260 էջով, ներկայացվել է առաջին ատյանի դատարան, սակայն, ըստ նրա ներկայացուցիչների, այն որևէ կերպ չի արտացոլվել դատական ակտում:

Դատախազ Սողոմոնյանը նշեց, որ գիտական գործունեությամբ զբաղվելը դեռևս հիմք չէ, որ անձը ուղղված համարվի, քանի որ մյուս կողմից էլ նա խախտումներ է արել, ունեցել բջջային հեռախոս ու ինտերնետ մոդեմ, ինչն էլ տույժի հիմք է դարձել: «Լա՛վ, հեռախոսը ոնց հայտնվեց, իր ոտքով եկա՟վ: Բացի այդ, իրավաչափ չէ անձին ընտանիքի հետ կապը պահելու համար բջջային հեռախոսի պատճառով մերժել նրա պայմանական ազատումը»,-ընդգծեց Նարինե Ռշտունին:

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը մեջբերեց Վճռաբեկ դատարանի ու ՄԻ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները պայմանական ազատման մասին: Մասնավորապես՝ այն, որ պայմանական ազատման ենթակա դատապարտյալը ոչ թե պիտի լիարժեք ուղղված լինի, այլ կանգնած լինի ուղղման ճանապարհին: Նա վկայակոչեց անհաղթահարելի պատիժ ձևակերպումը, ըստ որի եթե անգամ իրավական մեխանիզմներ կան, սակայն պայմանական ազատում չի կիրառվում, ապա այդ պատիժը դիտարկվում է որպես Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

Ներկայացուցիչները նաև դատարան ներկայացրեցին Արսեն Արծրունու առողջական վիճակի մասին փաստաթղթեր, ըստ որոնց նրա մոտ ախտորոշվել է հանգուցային խպիպ:

Արսեն Արծրունին ազատազրկված է 1994-ից Գերագույն դատարանի դատավճռով՝ սպանության պատվեր տալու մեղադրանքով: 2003-ին նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: «Դատարանը չի կարող չիմանալ 1996թ-ին Հայաստանում տիրող քաղաքաքան իրավիճակի մասին և այն, որ այսպես կոչված «Դրո»-ի գործը ուներ քաղաքական ենթատեքստ: Պատահական չէ, որ Թիվ 10 (1996թ) գործի նյութերը ոչնչացվել են, անկախ այն հանգամանքից, որ դեռ 2 հոգի կրում են ցմահ պատիժ»,-նշված է Արծրունու ներկայացուցիչների Վերաքննիչ բողոքում:

Նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 27-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter