
Քաղաքապետարան մուտք գործողները կխուզարկվեն, լրագրողները՝ նույնպես
Հաշվի առնելով ավագանու նիստում այսօր տեղի ունեցած միջադեպը՝ Երեւանի քաղաքապետարան, առավել եւս՝ նիստերի դահլիճ մուտք գործելու կարգը կխստացվի։
Առաջարկի հեղինակը Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն է։ Այսօր ավագանու նիստի երկրորդ հատվածում անդրադառնալով «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից Տարոն Մարգարյանին կոյուղու ջուր փոխանցելու փորձին` Արեյանն ասաց, որ պետք է անվտանգության միջոցառումներ կիրառել՝ ավագանու անդամների եւ քաղաքապետարանի պաշտոնյաների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու համար։
Նախ դատապարտելով «Երկիր ծիրանի» խմբակցության իր գործընկերներին եւ ոչ մի խոսք չասելով նրանց բռնության ու ծեծի ենթարկելու մասին՝ Կամո Արեյանն ասաց․ «Փորձ ունեմ աշխատելու ազգային ժողովում, ավագանու մի քանի գումարումներում։ Երբեւէ որեւէ մի դահլիճ ոչ ոք իրավունք չունի մտնելու նիստին չառնչվող որեւէ պարագայով։ Եվ ոչ ոք չէր կարող կանխատեսել այսօր, թե ինչ պարունակություն ունեին այդ բանկաները։ Ոչ ոք երաշխավորված չէր մարդկանց գործողություններից, հետեւանքներից, եւ ավագանու որեւէ անդամ մտքով չէր անցկացնի, որ կհանդիպի այսպիսի արարքի։ Ո՞վ է պատասխան տալու այդ արարքի համար։ Ապականել դահլիճը, մուտք գործել ուզածդ պարագայով՝ կարծում եմ անթույլատրելի է։
Եվ ես առաջարկում եմ, հարգարժան իրավաբաններ, աշխատակազմ, մենք նույնպես մտածենք, որ մեր ավագանու նիստերը պետք է երաշխավորված լինեն նման վտանգավոր միջադեպերից։ Երաշխավորված պետք է լինի նաեւ անձի ֆիզիկական ավտանգությունը։ Սկսած շենքի մուտքից մինչեւ դահլիճ, մենք պետք է կարողանանք հասկանալ, որ կամայական մարդ տնից դուրս գալուց, այս շենք մուտք չգործի կամայական իրով ու գործիքով։ Սրան պետք է տալ գնահատական՝ կոշտ, իրատես եւ օբեկտիվ»։
Դահլիճում` լրագրողների անկյունում, խոսակցություն լսվեց, եւ Կամո Արեյանը լրագրողներից մեկին դիտողություն անելով՝ ասաց․ «Ձեզ էլ է վերաբերում այս կարգուկանոնը»։
Կամո Արեյանն իր ելույթի վերջում Տարոն Մարգարյանին մեծարանքի խոսքերով դիմելով՝ կոչ արեց պարտականությունները չզիջել ոչ մեկի։
Քաղաքապետը հավանություն տվեց Արեյանի առաջարկությանը` քաղաքապետարանի աշխատակազմին տալով մեկ օր ժամանակ, որպեսզի մշակվի շենք մուտք գործելու կամ նիստերի դահլիճ մտնելու կարգի խստացման առաջարկ։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել