
«Կրեմլյան ցանկի» հրապարակումից առաջ արձանագրվել է գումարների մեծ ներհոսք դեպի Ռուսաստան
Sberbank Private Banking ծառայությունը ընթացիկ տարվա հունվարին անսպասելի մեծ քանակությամբ գումարների ներհոսք է արձանագրել արտերկրից դեպի Ռուսաստան, այն բանից առաջ, երբ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է «կրեմլյան ցանկը»:
Sberbank Private Banking ծառայության տնօրեն Եվգենյա Տյուրիկովան Ведомости-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ «կրեմլյան ցանկում» հայտնված անձինք նախօրորք կանխատեսել են կատարվելիքը և իրենց գումարները տեղափոխել են Ռուսաստան:
Տյուրիկովայի խոսքով՝ այս տարվա հունվարի մի քանի շաբաթների ընթացքում «Сбербанк»-ի տարբեր ստորաբաժանումներում գումարների ներհոսքը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է երեք անգամ: Գումարի հստակ չափը Տյուրիկովան չի նշել, սակայն ասել է, որ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է:
«Հունվարին գումարները հիմնականում փոխանցվել են Շվեյցարիայից: Աննշան քանակությամբ գումարների նորհոսք է արձանագրվել նաև Ավստրիայից և Մեծ Բրիտանիայից»,- հայտնել է Տյուրիկովան:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և ըստ ԱՄՆ-ի կառավարության՝ Կրեմլին մոտ կանգնած մեծահարուստների ցանկը: «Կրեմլյան ցանկ» անունը ստացած զեկույցում ներառված էին Ռուսաստանի նախագահի աշխատակազմի պաշտոնյաները, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ՝ ամբողջ նախարարական կաբինետը, իրավապահ մարմինների, Պետդումայի, Դաշնային խորհրդի, պետական ընկերությունների և բանկերի ղեկավարները: Ռուսաստանաբնակ մեծահարուստներից ցանկում ընդգրկվել էին նաև Սամվել Կարապետյանը և Դանիլ Խաչատուրովը:
«Կրեմլյան ցանկում» հայտնված անձինք դեռևս ոչ մի սահմանափակումների չեն ենթարկվի, սակայն ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ ցանկում ներառվածների վրա պատժամիջոցներ կկիրառվեն մոտ ապագայում:
Մեկնաբանել