HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Անդրիաս Ղուկասյանի գործով վկան ամբաստանյալին չի տեսել

Անդրիաս Ղուկասյանի դատական գործով այսօր հարցաքննվեց վկա Տիգրան Մկրտչյանը։ Տիգրանն անչափահաս է, ուստի հարցաքննությունն անցավ մոր ներկայությամբ։

Վկան պատմեց, որ 2016թ. հուլիսի 29-ին եղել է քեռու տանը, հետո որոշել ոտքով Չարենցի փողոցում գտնվող տնից գնալ իրենց տուն՝ Նոր Արեշ, իսկ ճանապարհն անցել է Սարի թաղով։ Հետո Սարի թաղում տեսել է հավաքված քաղաքացիներին, հետաքրքրությունից դրդված միացել է նրանց ու նրանց հետ շարժվել առաջ: «Հետո ոստիկանների հետ բախումներ սկսվեցին, չտեսա՝ ինչ պատճառով, չտեսա՝ ինչպես սկսեց»,- հայտնեց վկան։

Վկան բախումների ընթացքում նկատել է՝ ինչպես են ոստիկանները հարվածել ցուցարարներին, ինքն էլ վախեցել է եւ մտել Սարի թաղում գտնվող անծանոթ մի տուն, այնտեղ էլ նկատել է, որ ոտքի մեջ հատուկ միջոցների պայթյունից բեկորներ են մտել։ Ըստ Տիգրան Մկրտչյանի՝ ցուցարարները մինչեւ ոստիկականական ուժերին հանդիպելը չեն գոռացել, հայհոյախառն արտահայտություններ չեն հնչեցրել։ «Մահակներով մարդիկ տեսա, մոտ տաս հոգի կլինեին, շորերի մեջից հանեցին մահակները, նրանց հետեւեցին մի քանի քաղաքացիներ, հետո նրանք թաքնվեցին ոստիկանների հետեւում»,- հայտարարեց վկան։ Նա հայտնեց, նաեւ, որ ոստիկաններ են հայհոյել հավաքված ժողովրդին, ցուցարարներն էլ պատասխանել են։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ էական հակասություններ նկատելով երկու ցուցմունքների միջեւ։ Դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեց միջնորդությունը։ Նախաքննական ցուցմունքի մեջ վկան նշել էր, որ ցուցարարները, ոստիկաններին մոտենալով, սկսել են գոռալ «Սասնա ծռեր», իսկ հետո ամբոխի մեջից որոշ մարդիկ հայհոյել են ոստիկաններին,  քարեր շպրտել նրանց ուղղությամբ. «Ոստիկաններն էլ պայթուցիկ նյութեր սկսեցին կիրառել»,- հայտնել էր վկան։ Նախաքննական ցուցմունքում Տիգրան Մկրտչյանը նշել էր նաեւ որ ինչ-որ տղամարդիկ ցուցարարներին տարածքից հեռանալու զգուշացումներ են արել։ Վկան նշեց նաեւ, որ բեկորներից ոտքին վնասվածք ստանալուց հետո իրեն շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Տիգրան Մկրտչյանը նշեց, որ ցուցմունքում գրվածները ճիշտ են, սակայն կան փաստեր, որոնց մասին չի հիշել երկու տարի հետո։ Վկան հայտնեց, որ Անդրիաս Ղուկասյանին չի տեսել դեպքի վայրում, չի տեսել նաեւ նրա կողմից որեւէ գործողություն։

Այսօրվա նիստին ուսումնասիրվեցին նաեւ ապացույցները, դատախազը հրապարակեց դեպքի վայրի զննության արձանագրությունները։

Հիշեցնենք, որ Ա. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել, որ  2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ ՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter