
Շվեյցարական բանկը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով մտադիր է փակել ՖԻԴԵ-ի հաշիվները
Շախմատի համաշխարհային ֆեդերացիային (ՖԻԴԵ) սպասարկող շվեյցարական UBS բանկը պատրաստվում է փակել կազմակերպության հաշիվները: UBS-ն այսպիսի որոշում է կայացրել, որովհետև ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը գտնվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ: Այս մասին բաց նամակով հայտնել է ՖԻԴԵ-ի գանձապետ Ադրիան Սիգելը՝ UBS-ի որոշումը որակելով «լուրջ խնդիր»:
Կիրսան Իլյումժինովը ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել էր 2015 թվականի նոյեմբերին: Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի նախագահը մեղադրվում է Սիրիայի կենտրոնական բանկի ղեկավար, պատժամիջոցների տակ գտնվող Ադիբ Մայալեհի հետ ունեցած կապերի մեջ: Իլյումժինովը հերքել էր իր հասցեին հնչող մեղադրանքները՝ հայտարարելով, որ պատրաստվում է դատի տալ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը:
«Որպեսզի պաշտպանենք ՖԻԴԵ-ն նրա ղեկավարի խնդիրներից, մենք նրան իր հարցերը կարգավորելու ժամանակ ենք տվել: Կիրսան Իլյումժինովը խոսք է տվել, որ իրեն դուրս կհանեն պատժամիջոցների ցանկից, և այս տեղեկությունը մենք փոխանցել ենք շվեյցարական UBS բանկին»,- ասում է ՖԻԴԵ-ի գանձապետը իր բաց նամակում:
Այնուամենայնիվ Ադիրան Սիգելը ընդգծում է, որ Կիրսան Իլյումժինովի գործադրած ջանքերը՝ ուղղված պատժամիջոցների ցանկից դուրս գալուն, դեռևս ոչ մի արդյունք չեն տվել: Հենց այս պատճառով է UBS-ը որոշում ընդունել «անմիջապես փակել ՖԻԴԵ-ի հաշիվները»:
«Ընդամենը ժամանակի հարց է մինչ մենք կհանդիպենք լուրջ խնդիրների,- շեշտում է Սիգելը՝ շարունակելով,- Կիրսան Իլյումժինովի խնդիրները լրջորեն վնաս են հասցրել ՖԻԴԵ-ի բիզնես-գործունեությանը, և հիմա կազմակերպությունը պետք է նոր բանկ փնտրի: Այս փոփոխության գործընթացում մենք որոշ խնդիրներ ենք կանխատեսում, չնայած պետք է լավագույնն անենք, քանի որ վճարումները չեն կարող ուշացվել»,- եզրափակում է Ադրիան Սիգելը:
РБК-ն ՖԻԴԵ-ի գանձապետի բաց նամակի առնչությամբ փորձել է մեկնաբանություններ ստանալ UBS-ից, սակայն շվեյցարական բանկի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել ՖԻԴԵ-ի հաշիվների փակման մասին տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Կիրսան Իլյումժինովը Շախմատի համաշխարհային ֆեդերացիան գլխավորում է 1995 թվականի նոյեմբերից:
Լրացում / 20:35. Կիրսան Իլյումժինովի շահերը ներկայացնող W Legal իրավաբանական ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով ՖԻԴԵ-ի հաշիվների փակման մասին տեղեկությունը.
«Կիրսան Իլյումժինովը հերքում է իրեն ներկայացված կեղծ մեղադրանքները: Նրան ոչինչ հայտնի չէ UBS-ում ՖԻԴԵ-ի հաշիվների սառեցման մասին: Պարոն Իլյումժինովը հանձնարարել է իր լոնդոնյան փաստաբան Նայջել Քուշներին համապատասխան միջոցներ ձեռնարկել ԶԼՄ-ների և վերջին 24 ժամերի ընթացքում վարկաբեկիչ հայտարարություններ արած անձանց դեմ»,- ասվում է W Legal-ի հայտարարությունում:
Լուսանկարում՝ Կիրսան Իլյումժինովը / © Спорт-Экспресс
Մեկնաբանել