HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Կառավարությունը զբաղվում է մարմնավաճառությամբ»

«Էսօր իմ ժողովուրդը ոչ մի տեղ չունի գնալու, մեր հողը ոչ մեկին տվող չենք, մեզ ոչ մի բան էլ պետք չի, մեր հայրենիքն էնտեղ է, մենք էնտեղ ծնվել ենք, էնտեղ էլ ապրելու ենք: Էսօր մենք հող տվող չենք»,- այսօր բոլոր գյուղացիների անունից հայտարարեց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:  

Գյուղապետը հավելեց, որ իրենք ոչ մեկի վրա հույս չեն դնում, քանի որ իրենք են իրենց գյուղը պահում: Իրենց ոչինչ պետք չէ, անգամ փոխահատուցում, քանի որ իրենք մնալու են Քաջարանում:

«Ո՞ւր գնանք,- հարց է տալիս գյուղապետը,- մեր հայրենիքն այնտեղ է»:

Նա նշեց, որ այսօր Քաջարանում կա 131 ընտանիք, 272 բնակիչ, իրենք պահում են 1000 ընտանիք: Իսկ այսօր իրենց «մեկուսացրել են աշխարհից», գյուղացիներին էլ շարունակում են պահել վախի մթնոլորտում:

Եթե խորհրդային տարիներին Քաջարանի կոմբինատը օրական հանձնում էր 17 տոննա հանքաքար, ապա հիմա՝ 50 հազար: Ծավալները մեծանում են, սակայն դրանից գյուղացու վիճակը չի փոխվում, իսկ համայնքին հատկացումներ չեն գնում:

Գյուղապետը նշեց, որ գրավոր ձևով դիմել է ՀՀ նախագահին և այժմ էլ խնդրում է նրանից՝ անվավեր ճանաչել կառավարության 627-Ն որոշումը:

«Ժառանգության» ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այդ որոշումը կայացվել է անօրինական ձևով, և իրենք կոչ են անում ճանաչել այն անվավեր: Նրա կարծիքով՝ խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլև՝ քաղաքական: Պետությունը ազգային հարստությունը կարճ ժամանկահատվածում սպառելու քաղաքականություն է տանում: Նա նշեց, որ այսօր ամբողջ աշխարհում պակասում են հումքի պաշարները, հետևաբար՝ գները բարձրանում են: Այդ պատճառով էլ բազմաթիվ արտոնագրեր ստացած ընկերություններին ձեռնտու է այս գործունեությունը: Այդ ընկերությունները ստանում են գերշահույթներ, իսկ արդյունքում պետական բյուջե գումար գրեթե չի մտնում: Ամբողջ ՀՀ տարածքը վերածվում է պոչամբարիների:

«Առաջ եթե ծովից ծով Հայաստան էինք, այսօր՝ պոչամբարից պոչամբար հանքաստան: Այս է այսօրվա պատկերը: Մենք չենք ուզում լինել հանքահումքային կցորդ», - հայտարարեց բնապահպան Մարիամ Սուխուդյանը: Վերջինիս խոսքերով՝ իրականացվում է հայաթափության ծրագիր, իսկ 627-Ն որոշումը նա անվանեց 666 որոշում:

Բանախոսները նշեցին, որ այժմ իրենք պատրաստում են քարտեզ, որտեղ ցույց կտան Հայաստանի հանքարդյունաբերության իրական պատկերը:

Բնապահպան Եղիա Ներսիսյանը կրկին շեշտեց, որ իրենք մինչև վերջ սատարելու են Քաջարանին, քանի որ այդ հարցը վերաբերում է ամբողջ Հայաստանին:

«Ժառանգության» մյուս պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հավելեց, որ իրենք այժմ ականատես են Քաջարանի դիմադրությանը: Իսկ մյուս գյուղերում տեղեկատվությունը քիչ է ի տարբերություն Քաջարանի, և նրանք մինչև վերջ չեն գիտակցում ամբողջ վտանգը:

Բացի այդ՝ Քաջարանի բոլոր գյուղացիները բողոքում են առողջական խնդիրներից, շնչում են այն փոշին, որի միջոցով ծանր մետաղները անցնում են նրանց օրգանիզմ:

«Ո՞ր մեկի կոտրած ձեռքով պետք է այդ գյուղի դատարկման դեպորտացիան իրականացնեն: Դա ուղղակի վերջն ա»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ օրը ցերեկով այդ մարդկանց հարստությունը թալանվել է, իսկ այժմ ցինիզմով են վերաբերվում նրանց խնդրին՝ անբարո խոսակցություններ տանելով:  

«Ժառանգության» ներկայացուցիչները նշեցին, որ իրենք դիմել են ԱԺ հինգ մշտական հանձնաժողովների նախագահներին՝ այս խնդիրներով կազմակերպել խորհրդարանական լսումներ:

Ռաֆիկ Աթայանը նշեց, որ հրաժարականի դիմումը հետ չի վերցրել, ինչպես նաև ՀՀԿ կուսակցական տոմսից է հրաժարվել, իսկ արդյոք դա կհաստատվի, թե ոչ՝ գյուղապետի խոսքերով՝ իրենց խնդիրն է:

Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանն ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ այս ամբողջ գործունեության հետևում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պետությունը հարստանալու համար կարծես թե հերթով վաճառում է իր երեխաների մարմնի տարբեր մասերը:

«Կառավարությունն զբաղվում է մարմնավաճառությամբ»,- հայտարարեց Մ. Սուխուդյանը:

Վաղը ժամը 11-ին Քաջարանի խնդրով կառավարության մոտ են հավաքվելու տարբեր քաղաքացիական ուժեր՝ պահանջելու անվավեր ճանաչել 627-Ն որոշումը: Ակտիվիստները երթով շարժվելու են դեպի նախագահական նստավայր: 

Մեկնաբանություններ (2)

Karen
Tesnes paymanavorvoxn u arajarkoxy ova?:D
VVK
«Կառավարությունն զբաղվում է մարմնավաճառությամբ» hastat amen inch el karan caxen! Money money ergn en mankuc lsel:D

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter