HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Եզդի համայնքի անդամները մասնակցեցին Շամիրամի սգո սրահում տեղի ունեցած 4 անձի սպանության գործով դատական նիստին

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի  սգո սրահում տեղի ունեցած սպանության գործով դատական առաջին նիստն այսօր սկսվեց լարված մթնոլորտում: Դատարանում և դրան հարակից տարածքում խիստ հսկողություն էր սահմանված, դատական կարգադրիչներն ամենայն մանրամասնությամբ զննում էին դատարանի դահլիճ մուտք գործող ցանկացած անձի: Դատարան էին գործուղվել մարզի այլ դատարանների կարգադրիչներ, ինչպես նաև Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ՝ Երևանից:

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի մեկին Շամիրամ գյուղի գերեզմանատան մոտ տեղակայված սգո սրահում տեղի է ունեցել առանձնապես ծանր հանցագործության դեպք: Սգո սրահում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 4 անձ մահացել, իսկ 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ազգությամբ եզդի Թելման Քալաշյանին: Քննչական կոմիտեի կողմից տրված տեղեկության համաձայն՝ 2012-2013 թվականներին Քալաշյանը տոկոսով 75.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Խուդոյան եղբայրներին, որոնք նույնպես ազգությամբ եզդի են: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները երկու տարվա ընթացքում Թելման Քալաշյանին մաս-մաս տվել են ընդհանուր 45.000 ԱՄՆ դոլար, սակայն հետագայում իրենց ձեռնարկած առևտրային գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը, ինչի մասին տեղեկացրել են Թելման Քալաշյանին:

Չընդունելով բերված պատճառաբանությունները՝ Թելման Քալաշյանն, ըստ նախաքննական մարմնի, պարբերաբար դիմել է հինգ եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ Գերման Քյարամյանին՝ ակնկալելով իր գումարը և տոկոսադրույքները ստանալու հարցում նրանց միջամտությունը: Հերթական անգամ՝ 2017 թվականի օգոստոսի 1-ի առավոտյան, Թելման Քալաշյանը գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել Գերման Քյարամյանի հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։

Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, ինչպես նաև Խուդոյան հինգ եղբայրների բարեկամները և ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատան մոտ տեղակայված սգո սրահում և մասնակցում են եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, Թելման Քյարամյանն, ըստ քննություն իրականացնող մարմնի, իր մեքենայով գնացել է Շամիրամ համայնք և հասնելով նշված վայր՝ հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով ամբոխի մեջ գտնել Գերման Քյարամյանին:

Արձակված կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, ևս 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշենք, որ վնասվածք ստացած և մահացած անձանց մեջ Գերման Քյարամյանը չկա:

Գործի քննության արդյունքում, ըստ նախաքննությունն իրականացնող մարմնի, պարզվել է, որ դեպքի ժամանակ Քալաշյանին փախուստի դիմելու հարցում օգնել է հորեղբայրը: Վերջինիս ևս այս գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել՝ հանցագործությունը պարտակելու մեղադրանքով:

Ըստ քննություն իրականացնող մարմնի՝ Թելման Քյարամյանը քննության ընթացքում նաև սուտ մատնություն է կատարել՝ հայտնելով, թե իրեն դեպքի նախորդ օրը ծեծի են ենթարկել:

Վերը նշված հանգամանքների շրջանակներում Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ համապատասխանաբար շատերի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով երկու և ավելի անձանց սպանությունը, վաշխառությունը, ապօրինի զենք կրելը և սուտ մատնություն կատարելը:

Թելման Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի պնդմամբ՝ դեպքի օրն իր պաշտպանյալը հոգեկան խիստ հուզված վիճակում է գտնվել: Պաշտպանական կողմը պնդում է, որ Քալաշյանը Խուդոյան եղբայրներին պարտքով 100 000 դոլար գումար է տվել, սակայն վերջիններս 25 000 դոլարը վճարելուց հետո հրաժարվել են գումարի մնացած մասը վերադարձնելուց : Քալաշյանի դուստրը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, և Խուդոյան եղբայրների հարազատների միջոցով պարբերաբար պահանջել է գումարը, որպեսզի կարողանա հոգալ դստեր բուժման ծախսերը: Ըստ պաշտպանական կողմի՝ դեպքի նախորդ օրը Խուդոյանների ազգական Գերման Քալաշյանը ծեծի է ենթարկել Թելման Քալաշյանին, ստորացրել, իսկ դեպքի օրը հեռախոսազրույցի ժամանակ հայհոյանքներ հնչեցրել Թելման Քալաշյանի կնոջ և մոր հասցեին: Թելման Քալաշանն, ըստ պաշտպանական կողմի, բացի Գերման Քալաշյանից սգո սրահում գտնվող որևէ այլ անձի դեմ որևէ բան չի ունեցել:

Ինչ վերաբերում է Թելման Քալաշյանի հորեղբորն առաջադրված մեղադրանքին, ապա վերջինս ևս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, հայտնում է, որ դեպքից հետո երեք մեքենայով Թելմանին հետապնդել են, որ սպանեն, և ինքը պարզապես նրան այնտեղից փախցրել է:

Նշենք, որ դեպքի ժամանակ սպանված և վիրավորված անձինք ևս բոլորն ազգությամբ եզդի են: Այսօր Արագածոտնի մարզի տարբեր գյուղերից եզդի համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ էին եկել դատարան, ինչպես պարզվեց, դատարան եկածների մեջ մեծ թվով անձինք էլ Ռուսաստանի Դաշնությունից հատուկ այսօր դատական նիստին մասնակցելու համար էին ժամանել:

Դատական նիստի մեկնարկին նախ դահլիճ բերվեց Թելման Քալաշյանի հորեղբայրը՝ Քյարամ Քալաշյանը: Այդ ժամանակ դահլիճը լուռ էր: Սակայն վայրկյաններ անց դահլիճ բերվեց Թելման Քալաշյանն ու դահլիճում ներկա տուժողները, ինչպես նաև մահացած անձանց հարազատները, մեծ աղմուկ բարձրացրին՝ իրենց լեզվով անեծքներ հնչեցնելով սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալի հասցեին՝ նրան անվանելով տեռորիստ, բղավելով, որ նրան պետք է վառել:

Դատական նիստը րոպեներ տևեց, որի ընթացքում ամբաստանյալներն առարկեցին իրենց տեսանկարահանման դեմ: Դատարանը դահլիճում ներկա լրագրողներին թույլատրեց մասնակի տեսանկարահանում իրականացնել մինչև դատաքննության սկսվելը:

Շուտով պարզվեց, որ ամբաստանյալները չեն ստացել իրենց վերաբերյալ մեղադրական եզրակացությունները: Մեղադրող կողմը հայտարարեց, որ Թելման Քալաշյանին մեղադրական եզրակացությունն ուղարկվել է, սակայն վերջինս հրաժարվել է այն ստանալուց: Ամբաստանյալների պաշտպան Կրոմվել Գրիգորյանը հայտարարեց, որ իր մյուս պաշտպանյալը՝ Քյարամ Քալաշյանը․ առհասարակ չի ստացել մեղադրական եզրակացություն:

Նման պայմաններում դատական նիստը հետաձգվեց: Նիստի ավարտին ևս դահլիճում իրարանցում սկսվեց, ու տուժող կողմի հարազատները սկսեցին անեծքներ ու դժգոհություններ հնչեցնել:

Դատական հաջորդ նիստը մարտի 16-ին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter